Կարմիր գծերը ժողովրդին քերթելու նպատակ ունեն. Լ. Զուրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքով՝ կարմիր գծերը ժողովրդին քերթելու նպատակ ունեն:

«Վերջին ժամանակներում տպավորություն է, որ կառավարությունը, իշխանությունները զբաղված են հարկահավաքի սխեմաների մոգոնմամբ, մոտավորեպես հեքիաթի պես, երբ իշխանությունները հարկ են դնում անձրևի տեսակետների, քամու վրա: Մեր իշխանությունները, կարծես, նման վիճակի մեջ են ընկել: Մենք սա համարում ենք քերթման սխեմա, որովհետև առաջին հերթին բացակայում է նպատակը: Երկրորդ պատճառն այն է, որ այս համակարգն ակնհայտ կոռուպցիոն բնույթ ունի»,- նշեց նա՝ հավելելով, թե լավ չէր, որ իշխանություններին հուշեց այդ տարբերակը:

«Ասում եք, թե մեկ հայտ է եղել, մենք ի՞նչ անենք, դե կներեք, միայն այն, որ եղել է մեկ հայտ, նշանակում է, որ ակնհայտ կոռուպցիոն գործարք է, սա չպետք է բերեիք որպես արդարացում, պետք է ամաչեիք, որովհետև մեզ համար հասկանալի է, որ տեղի է ունեցել հետևյալը, որ ինչ-որ ֆիրմաներ օգտվել են ինսայդերական ինֆորմացիայից ստեղծել են բոլոր հնարավորությունները, որ մասնակցեն ու հաղթեն, ուստի՝ ելքը կանխորոշված էր ի սկզբանե»,- շեշտեց նա:

Ըստ նրա՝ քաղաքապետարանն էլ չունի հաշվարկ, չգիտի, թե ինչ շահ է ունենալու այդ ընկերությունն ապագայում:

«Մենք կտրականապես դեմ ենք այս քերթման սխեմաներին, ամեն ինչ անելու ենք, որ մեր ժողովրդին ազատենք այս սխեմաներից:

Անմիջապես պետք է վերացնել կարմիր գծերը, այլ լուծում գոյություն չունի»,- եզրափակեց նա:




Լրահոս