Armenian text to speach

Այսօր էլ մեզ պետք է այդ նույն միասնությունը՝ ոչ միայն ցավը հաղթահարելու, այլ՝ բարձրանալու և ուժեղանալու համար. Արման Թաթոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«1988 թ. դեկտեմբերի 7-ին ես դպրոցում էի։ Կեսօր էր, երբ մեզ բոլորիս դուրս բերեցին դպրոցից։ Տագնապ, անհանգստություն. երկրաշարժ էր եղել։ Լավ հիշում եմ, որ հայրս Հակոբը, նույն օրն ընկերների հետ մեկնեց Լենինական:

Հեռուստացույցով տեսա, որ Լենինականում (Գյումրի), Սպիտակում ու Կիրովականում (Վանաձոր) հազարավոր մարդիկ էին զոհվել, փլատակների էին վերածված բնակավայրերը։ Տարիների ընթացքում միայն հասկացա, թե ինչ մեծ չափերի էր աղետը:

Այդ օրերին բոլորը շտապում էին աղետի վայր օգնության։

Միավորվեցինք ոչ միայն մենք երկրի ներսում, այլ նաև աշխարհը մեր շուրջ՝ Սովետական Միությունից մինչև Եվրոպա, Մերձավոր Արևելքից մինչև Ամերիկա հայերը` Սփյուռքից, ամերիկացիներ, ֆրանսիացիներ, ռուսներ և այլն:

Դա ոչ միայն հայկական, այլև համաշխարհային միավորում էր ցավի ու աղետի շուրջ: Այդ օրը մենք միասին էինք։ Մոռացվել էին բոլոր տարաձայնությունները, մնացել էր մեկ նպատակ՝ հաղթահարել համազգային աղետը։ Դարձյալ ապացուցվեց, որ բարությունը և կարեկից լինելը, ցավը կիսելը խոսում են բոլոր լեզուներով:

Իմ մեջ այս օրը խորհրդանշում է, որ մենք կարողանում ենք միավորվել։

Ասում են, թե մենք չենք կարող միավորվել․ այդ օրերը ապացուցեցին հակառակը։

Այսօր էլ մեզ պետք է այդ նույն միասնությունը՝ ոչ միայն ցավը հաղթահարելու, այլ՝ բարձրանալու և ուժեղանալու համար։ Մենք կարող ենք հաղթահարել ցանկացած վտանգ, եթե կանգնենք կողք կողքի։ Մեր ժողովրդի ուժը հենց այդտեղ է՝ միասնական լինելու, իրար ձեռք մեկնելու և անհնարինը հնարավոր դարձնելու կարողության մեջ»։

 




Լրահոս