Քիչ առաջ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ 42-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել մեկ անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 10-րդ կետերով (սպանությունը՝ առանձին դաժանությամբ, շահադիտական դրդումներով) և 252-րդ հոդվածի 1-ին մասով (ավազակությունը)։ Վերջինս կալանավորվել է։
ArmLur․am-ի տեղեկությունների համաձայն՝ 42-ամյա կնոջը դանակի մի քանի հարվածներով սպանողին հայտնաբերել են Մեծամորում։ Ավելին, Armlur.am-ի տեղեկություններով 42-ամյա Արմինե Մկրտումյանին սպանելուց հետո ենթադրյալ մարդասպանը նրա վզնոցն ու ականջօղները գողացել եւ տարել գրավադրել է։
ArmLur.am-ի փոխանցմամբ՝ քրեական ոստիկանների աշխատանքի արդյունքում հայտնաբերվել են նաեւ զարդերը։
Հիշեցնենք, որ Արմինե Մկրտումյանը անհետ կորած էր, ավելի ուշ նրան գտան սպանված։ Ենթադրյալ մարդասպանը տաքսու վարորդ է ու, ըստ նախնական տվյալների, կնոջը առանձնակի դաժանությամբ սպանել էին՝ նրա ոսկյա զարդերը գողանալու նպատակով։
Shamshyan.com-ը գրել էր,որ Արմավիրի մարզի քաղաքներից մեկում հայտնաբերել ու ոստիկանության Վաղարշապատի բաժին են տեղափոխել Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Երվանդ Ա.-ին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինը փաստերի ճնշման տակ խոստովանել է, որ ինքն է սպանել Արմինե Ա.-ին, երբ իր կողմից վարած «Renault» մակնիշի ավտոմեքենայով իր զոհին որպես պատվիրատու տեղափոխելիս է եղել: Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի որոշմամբ՝ Երվանդ Ա.-ն ձերբակալվել է:
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․






























