Armlur.am լրատվականը ֆիզիկոս, գիտնական Արթուր Իշխանյանից հետաքրքրվեց` ի՞նչ սպասելիքներ կարելի է ունենալ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանից ու նոր ձևավորվող կառավարությունից՝ հատկապես գիտնականների աշխատավարձերի բարձրացման առումով:
Գիտնականն ասաց, որ առայժմ անորոշ վիճակ է և դժվար է որևէ բան ասել.«Ակնկալիքներ իհարկե կան, բայց վաղ է ինչ-որ գուշակություն ասել»:
Իշխանյանի խոսքով` գիտնականները ոչ թե սպասելիքներ ունեն, այլ պահանջներ ունեն և դրանք բարձրաձայնվում են ակադեմիայի տարեկան հաշվետու ժողովների ժամանակ:
«Կա հստակ պահանջ` ավելացնել գիտության ֆինանսավորումն ու հասցեական օգտագործել ֆինանսները: Եթե կառավարությունը մեր ձայնը չլսի, կարծում եմ` լուրջ պայքար կսկսվի»,- ասաց ֆիզիկոսը:
-Ո՞ւմ միջև պայքար կսկսվի:
-Պայքար ասելով նկատի ունեմ հետևյալը` գիտական հանրությունն ընդդեմ կառավարության, եթե կառավարությունը չլսի այս պահանջը:
-Այսինքն` գիտնականների համբերության բաժակն արդեն լցվե՞լ է, եթե պայքարի մասին են խոսում:
-Գիտնականների համբերության բաժակը վաղուց է լցվել: Գիտնականները պայքարում են վաղուց, որն արտահայտվել է «Պահանջում ենք ավելացնել գիտության ֆինանսավորում» նախաձեռնության ստեղծմամբ: Պարզապես գիտնականների պայքարն ունի որոշակի ակադեմիական ոճ: Պայքար չի նշանակում` զենք բարձրացնել: Պայքարն արտահայտված է գիտնականների անհանգստությամբ երկրի ապագայի նկատմամբ:
-Պրն Իշխանյան, հաշվի առնելով այն, որ նորանշանակ վարչապետը, վերանշանակված նախարարները իշխանության ներկայացուցիչներ են, (իսկ այս իշխանության վերաբերմունքն արդեն ակնհայտ է գիտնականների ու գիտության նկատմամբ), ի՞նչ ակնկալիքների մասին կարելի է խոսել:
-Բարդ հարց եք տալիս: Փիլիսոփայորեն ասած` քիչ բան կարելի է սպասել: Եթե լիներ լուրջ վերաբերմունք գիտության հանդեպ, այն պետք է արտահայտված լիներ: Բայց, ինչպես ասում են, հույսը վերջինն է մեռնում: Կառավարությունը հուսանք կգիտակցի գիտության ռազմավարական նշանակությունը և համապատասխան քայլեր կձեռնարկի:
Հիշեցնենք, որ բարձր որակավորում ունեցող գիտնականի միջին աշխատավարձը 70.000 դրամ է:
«Սա ցույց է տալիս, որ մեր երկիրը գիտնականին գնահատում է ամենավատ ձևով»,- եզրափակեց գիտնականը:
Սոնա Դավթյան