«Հայոց ցեղասպանությունը և արցախյան գոյապայքարը. քաղված դասեր»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 22-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանությունը և արցախյան գոյապայքարը. քաղված դասեր տասնամյակներ անց» թեմայով հավաք-քննարկում, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին:

Հավաք-քննարկմանը մասնակցում էին բուհի պրոֆեսորադասախոսական և ուսանողական անձնակազմը, ՀՀ ԶՈւ սպաներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Կարևորելով միջոցառման խորագիրը՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանն իր ելույթում ընդգծեց այն մեծ դերակատարությունը, որ ունի Ազգային բանակը պետության անվտանգության, արտաքին սպառնալիքի կանխարգելման գործում:

Նա համոզմունք հայտնեց, որ միայն հզոր զինված ուժերը կարող են դառնալ հայ ժողովրդի գոյության և կայուն զարգացման երաշխավորը:
Խոսելով ցեղասպանությունը վերապրածների սերունդների, նրանց պատմական հիշողության մասին` ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» զինվորական թանգարանի տնօրեն Ավագ Հարությունյանը որպես այդ հիշողության և պահանջատիրության ակնհայտ օրինակ նշեց արցախյան ազատամարտին տասնյակ սփյուռքահայերի մասնակցությունը. նրանց մեջ եղան հերոսներ, որոնք իրենց արյամբ  գրեցին այդ հաղթական պատմությունը:

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, խոսելով հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքում Թուրքիայի ունեցած դերակատարության մասին,  անժխտելի համարեց այն փաստը, որ Թուրքիան և պատերազմի ժամանակ, և դրանից հետո բազմապիսի աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին, ինչպես նաև փորձել տնտեսական շրջափակման միջոցով Հայաստանին պարտադրել Արցախի հարցում գնալ զիջումների:

Իր ելույթում ԵՊՀ հոգեբանության ամբիոնի դոցենտ Վլադիմիր Միքայելյանը նշեց, որ Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի ոչնչացման փորձը ոչ միայն մեկ ու կես միլիոն հայերի կոտորածի պատճառ դարձավ, այլ նաև հոգեբանական լուրջ ազդեցություն ունեցավ վերապրածների վրա: Հայ ժողովրդի կրած հոգեբանական ցնցումը սերունդների համար որոշակիորեն հաղթահարելի եղավ Արցախյան ազատագրական պայքարի հաղթանակի արդյունքում:

Հավաք-քննարկումը կազմակերպել էին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը, ՀՀ պաշտպանության նախարարությունը և Զարգացման ծրագրերի հայկական կենտրոնը:




Լրահոս