ԾԻԾԱՂԵԼԻ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑ ԵՎ ՆԻՍՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պետք է շարունակվեր քաղաքացի Գուրգեն Աղաջանյանի ներկայացրած հայցի քննությունն ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի: Սակայն դատավարությունը սկսվելուց անմիջապես հետո ավարտվեց, քանի որ դատարանում որպես երրորդ անձ ներգրավված ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Կարինե Կիրակոսյանը  եւ ներկայիս վարչության պետ Արման Սահակյանի տեղակալ Աշոտ Մարկոսյանը դատարան չէին ներկայացել:
Անցած դատավարության ժամանակ դատավոր Արայիկ Մելքոնյանը գործի քննությունը հետաձգել էր այն պատճառով, որ դատարանում որպես երրորդ անձ ներգրավված անձինք դատարանի կողմից ուղարկված ծանուցագրերը չէին ստացել: Նրանք հայցադիմումի մեջ նշված հասցեներում չեն բնակվում: Այսինքն` անձինք, որոնք պետք է «վիրավորվեին» եւ ամեն ինչ անեին դատարանում ներկա գտնվելու համար,  անհետ կորած են:
Հիշեցնենք, որ քաղաքացի Գուրգեն Աղաջանյանից «Ժողովուրդ»-ն օրինական նամակ էր ստացել, որտեղ նշված էր, թե  ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Կարինե Կիրակոսյանը  եւ ներկայիս վարչության պետ Արման Սահակյանի տեղակալ Աշոտ Մարկոսյանն օրենքի խախտումների միջոցով գումարներ են վաստակել: Մենք, պահպանելով էթիկայի բոլոր կանոնները եւ ներկայացնելով երկու կողմերի տեսակետը, նյութ էինք հրապարակել: Հաջորդ օրը մեր խմբագրություն էր եկել ոմն Գուրգեն Աղաջանյան, որը  հայտարարել էր, որ ինքը որեւէ կապ չունի նամակի հետ եւ մեզ  դատի էր տվել:
Երեկ դատավարության սկզբում նախ հաստատվեց կողմերի ներկայությունը, իսկ երբ դատավոր Մելքոնյանը կրկին հայցվոր կողմին հարց ուղղեց, թե որտեղ են երրորդ անձինք, եւ արդյոք նրանց պատշաճ կերպով ծանուցվել է դատարանում ներկա գտնվելու մասին, հայցվոր կողմի փաստաբանն ասաց. «Ես կարծում եմ, որ երրորդ անձ Աշոտ Մարկոսյանին պետք է ծանուցել աշխատավայրի հասցեով, քանի որ մեր ուղարկած հասցեով ծանուցումը հետ է վերադարձվում, նույնը վերաբերում է Կարինե Կիրակոսյանին, նրա հասցեն մենք չենք կարողանում հստակ հասկանալ, թե որն է»:
Հայցվորի փաստաբանը դատարանին խնդրեց կրկին փորձել գտնել Կարինե Կիրակոսյանի եւ Աշոտ Մարկոսյանի հասցեները. «Մենք խնդրում ենք Աշոտ Մարկոսյանին ծանուցում ուղարկել իր աշխատավայրի հասցեով` Տիգրան Մեծի 4, իսկ Կարինե Կիրակոսյանին էլ Աբովյան 8, բնակարան 13 հասցեով»: Ի դեպ, «Ժողովուրդ»-ը քաղաքացի Գուրգեն Աղաջանյանի նամակը ստացել էր հենց Տիգրան Մեծի 4 հասցեից: Հայցվոր կողմը խոստացավ գտնել երրորդ անձանց:
Այսպիսով, դատավոր Ա.Մելքոնյանը որոշեց կրկին հետաձգել դատական նիստը`  դրա վերաբերյալ երրորդ անձանց ծանուցում ուղարկելու համար, որի մասին լրացուցիչ կտեղեկացվի:
«Ժողովուրդ»-ը եւս «փնտրում» է Կ.Կիրակոսյանին եւ Ա.Մարկոսյանին: Վերջինը, պարզվում է, արձակուրդի մեջ է մինչեւ դեկտեմբերի 16-ը, իսկ Կարինե Կիրակոսյանի վերաբերյալ անգամ իր կուսակիցները տեղեկություն չունեն: Հետաքրքիր է, թե ի վերջո, ով կգտնի այս երկու անհետ կորածներին:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս