Նախորդ տարվա ամռանը ՏՄՊՊ հանձնաժողովը տուգանել էր «Արայ» ընկերությանը՝ անբարեխիղճ մրցակցության և սպառողներին մոլորեցնելու համար:
Օրերս «Փաստինֆո»-ն տեղեկություն էր տարածել, որ վերոնշյալի կապակցությամբ «Արայ» ընկերությունը դիմել է վարչական դատարան` վիճարկելու ՏՄՊՊՀ որոշումը:
Այս առիթով Armlur.am-ը դիմեց «Արայ» ընկերության մարքեթինգի բաժին, որտեղից տեղեկացրին, որ դա թյուրիմացություն է, և իրենք ՏՄՊՊՀ-ին դատի չեն տվել:
Հետաքրքիր է, որ նույն զուգադիպությամբ լուրը անհետացել է նաև տեղեկություն տարածող կայքից:
Տեղեկացնենք, որ 2012 թվականին ՏՄՊՊՀ-ն հայտարարել էր, որ «Արայ» ընկերությունն Ամանորին ընդառաջ սպառողներին հաղորդագրություններ է ուղարկել հետեւյալ բովանդակությամբ. «Շնորհավորում ենք, դուք ընտրվել եք՝ որպես եզակի ակցիայի մասնակից: Ներկայացրեք այս SMS-ը ցանկացած «Արայ» վաճառասրահ և ստացեք մինչև 100 հազար դրամի զեղչ»:
Հանձնաժողովը պարզել էր, որ «Արայ»-ը այդ SMS-ով գայթակղել և իր խանութներ է հրավիրել բազմաթիվ քաղաքացիների, որոնք էլ պարզել են, որ ակցիան տարածվում է հատուկենտ` առավելապես բարձր գնային շեմ ունեցող ապրանքների վրա:
Տաթև Հարությունյան