Թբիլիսիում դեկտեմբերի 8-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ Վրաստանի Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի համատեղ երրորդ նիստը Սարգիս Խանդանյանի եւ Նիկոլոզ Սամխարաձեի համանախագահությամբ: Նիստին մասնակցել են ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներ Մարիա Կարապետյանը, Լենա Նազարյանը:
Երկուստեք կարեւորվել են 2022 թվականի նոյեմբերին համատեղ ստորագրված համագործակցության հուշագրի համաձայն Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների միջեւ նիստերի անցկացումը, երկու երկրների միջեւ միջխորհրդարանական համագործակցության խորացումը:
Քննարկվել են Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ռազմավարական հարաբերություններից բխող ընթացիկ գործընթացները, երկկողմ քաղաքական, տնտեսական եւ մշակութային գործընկերության մանրամասները:
Երկու խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների անդամները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային, անվտանգային եւ տնտեսական հարցերի շուրջ: ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները գործընկերներին ներկայացրել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացի ընթացիկ իրավիճակը, ինչպես նաեւ «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» (TRIPP) հաղորդակցության նախագծի իրագործմանն ուղղված աշխատանքները:






























