Պաշտոնական այցի շրջանակում մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հանդիպումը։ Ինչպես Գերմանիայից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ԳԴՀ կանցլերի նստավայրում տեղի ունեցավ դիմավորման պաշտոնական արարողությունը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԳԴՀ կանցլեր Ֆրիդրիխ Մերցը շարունակեցին հանդիպումը առանձնազրույցի ձևաչափով, որին հաջորդելու է նաև հանդիպում ընդլայնված կազմով։ ՀՀ վարչապետն ու Գերմանիայի կանցլերը հանդես կգան համատեղ ասուլիսով:
Հայաստանի պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՀՀ ԱԺ Հայաստան֊Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը և այլք։ Գերմանական պատվիրակությունում ընդգրկված են Դաշնային կառավարության խոսնակ, պետքարտուղար Շթեֆան Կորնելիուսը, Արտաքին գործերի դաշնային նախարարության պետքարտուղար Գեցա Անդրեաս Ֆոն Գեյերը, Դաշնային կանցլերի տնտեսական և ֆինանսական հարցերով խորհրդական Լևին Հոլլեն և այլք։
Օրակարգում հայ-գերմանական համագործակցության զարգացմանը, երկկողմ ու բազմակողմ ձևաչափով փոխգործակցությանը, Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, միջազգային և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր են:






























