Ընդամենը մեկ բառ, և Քոչարյանը կառաջադրվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր երեկվա հարցազրույցով բացահայտեց, թե վերջին ամիսներին ում ականջներն էին երևում  «հրաշալի քառյակ»-ի հետևից: Թեև մինչ այդ շատերը Քառյակի գործողությունների համակարգումը վերապահում էին առավելապես Լևոն Տեր-Պետրոսյանին, սակայն Քոչարյանի վերջին հարցազրույցում առկա մեսիջներն ի ցույց դրեցին Քառյակի առնվազն երեք ուժերի ծրագրերի սկզբնաղբյուրը:

Մասնավորապես` սահմանադրական բարեփոխումների անցկացման անհրաժեշտության հետ կապված՝ Քոչարյանը  երկրորդեց ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի  դիրքորոշումը` հայտարարելով. «Կարող եմ վստահորեն ասել, որ չկա երկրի առջև ծառացած ոչ մի կենսական խնդիր, որի լուծմանը խոչընդոտի գործող Սահմանադրությունը: Բարեփոխման նախաձեռնությունը բխում է բացառապես իշխանություններից, հնչած բացատրությունները համոզիչ չեն, ծայրահեղ հեղհեղուկ են, ինչը և առաջարկվող փոփոխությունների իրական նպատակների վերաբերյալ լուրջ կասկածներ է առաջացրել հասարակության մեջ»:

Փորձելով կանխել հարցադրումը` իսկ միթե այդպիսի կասկածներ չկային 2005թ, երբ ինքն իրականացրեց Սահմանադրության բարեփոխումների հանրաքվեն, Քոչարյանը փորձում է ներկայացնել այն ժամանակ Սահմանադրությունը փոփոխելու «սուր անհրաժեշտությունը»: Մի կողմ թողնելով նրա բերած փաստարկների  հիմնավորությունը՝ նշենք միայն, որ Սահմանադրական հանրաքվեն անկախության շրջանում ՀՀ-ում անցկացված ամենակեղծված համապետական ընտրությունն էր,  երբ ընտրողների գրեթե բացակայության պայմաններում  ներկայացվեց 65 տոկոս մասնակցություն: Ամենամեծ ցանկության դեպքում անգամ դժվար է հավատալ, որ Քոչարյանը գնաց նման տոտալ ընտրակեղծարարության` հանուն «հասարակական սպասումների» արդարացման:

Ընդգծելով, որ ինքն իր խոսքի տերը եղավ, և հեռացավ իշխանությունից, Քոչարյանն առաջարկում է  հույս չդնել Սերժ Սարգսյանի` խոսքի տերը լինելու վրա, «Ներկայումս անհրաժեշտ են միանշանակ երաշխիքներ առ այն, որ բարեփոխումն ուղղված չէ կառավարող էլիտայի շահերի սպասարկմանը և չի դառնա դրա վերարտադրման գործիք»:

Հարցազրույցի առանցքային պահը, սակայն,  երկու անգամ «անընդմեջ» առաջադրվելու արգելքի մասն է, որտեղ Քոչարյանը նշում է. «Պետք է ընդամենը հանել «անընդմեջ» բառը գործող Սահմանադրության 50-րդ հոդվածից: Ընդամենը մեկ բառ: Սակայն այդ լրացումը հետադարձ ուժ ունենալ չի կարող և այդպիսով ներկա քաղաքական լանդշաֆտի վրա ոչ մի կերպ չի ազդի»: Ասել է թե` Քոչարյանն այդպիսով հասկացնում է, եթե Ս, Սարգսյանը ցանկանում է Սահմանադրությունը փոխել` իր վերադարձը  կանխելու նպատակով,  ապա դա նրան չի հաջողվի, քանզի  այդ լրացումը հետադարձ ուժ չի ունենա:

 




Լրահոս