Եթե Կարեն Կարապետյանն անկեղծ է խոսում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դեմ եմ» նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանն armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ «Դեմ եմ»-ը դեռ չի շտապում հայտարարություններ անել, հետևաբար չի կարող արձագանքել վարչապետ Հովիկ Աբրահամյանի այսօրվա հայտարարությանը՝ կենսաթոշակային համակարգի առնչությամբ:

Նախաձեռնության անդամը հորդորեց լրատվամիջոցներին ուշադրություն դարձնել այն փաստի վրա,  որ պարտադիր բաղադրիչի կասեցումը խարսխված չէ միայն 76-րդ հոդվածի վրա: Այդ հոդվածը կասեցված է եղել նաև ՍԴ-ի որոշումից հետո, հետևաբար մնացած  հոդվածների վրա ևս ուշադրություն պետք  է դարձնել:

-Ինչպե՞ս կարձագանքեք ՀՀԿ պատգամավոր Կարեն Կարապետյանի հայտարարությանը, որտեղ նա արտահայտում է իր անձնական կարծիքը կուտակայինի մասին և հանդես գալիս առաջարկությամբ. «մասնավորապես` կարելի է առաջարկել համակարգն ընտրողների համար պետության համամասնորեն աջակցությունը»: Սա ի՞նչ է  նշանակում:

-Դժվարանում եմ  ասել` ի՞նչ նկատի ունի: Կարող եմ իմ անձնական  կարծիքը հայտնել և ասել, որ եթե Կարապետյանն անկեղծ է խոսել և ՀՀԿ-ի շարքերում շատերն են այդպես մտածում, ուրախ եմ դրա համար: Իմ անձնական կարծիքով տպավորություն են ստեղծում, որ ՀՀԿ-ի ներսում կա բազմակարծություն: Եթե այդ բազմակարծությունը կա, դրա համար ես ուրախ եմ:

-Արդյոք իշխանության նահանջ տեսնո՞ւմ եք ձեր պահանջների կատարման առումով: Կարելի՞ է ասել` «Դեմ եմ»-ը հաղթում է, իշխանությունը` պարտվում: 

-Ես «նահանջ» բառը  չէի օգտագործի, կասեի` հանրային պահանջին համարժեք է արձագանքում իշխանությունը: Ինչ վերաբերում է հաղթելուն կամ ուրախանալուն, վաղ է հաղթանակի  կամ ուրախության մասին խոսելը, միայն մի բան կասեմ` ես հավատում եմ մեր շարժման հաղթանակին:

Սոնա Դավթյան




Լրահոս