«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների, խաղաղության՝ իրական թե ֆիկտիվ լինելու եւ այլ ընթացիկ հարցերի վերաբերյալ զրուցել է իրավագիտության դոցենտ, փաստաբան Գեւորգ Պետրոսյանի հետ:
Հարցազրույցի առաջին մասը օրաթերթի երեկվա՝ 3198 համարում (02.12.2025):
-Պարո՛ն Պետրոսյան, այնուամենայնիվ, եթե ստեղծվի իրավիճակ, երբ խաղաղության պայմանագիրը վերջնականապես ստորագրվի, ԱՄՆ-ի դերակատարությունը ո՞րն է լինելու, եթե փոխհրաձգություն լինի՝ ինչ պետք է անի Միացյալ Նահանգները:
-Եթե ԱՄՆ-ն երաշխավոր է, ներպետական օրենքով՝ քաղաքացիական օրենսդրության համաձայն, երաշխավորը համապարտ պատասխանատվություն է կրում այն կողմի գործողությունների կամ անգործության համար, ում կողմից որ դարձել է երաշխավոր: Ես որքան հասկանում եմ, քանի որ ագրեսոր կողմը Ադրբեջանն է, Ամերիկան Ադրբեջանի կողմից է երաշխավոր, որովհետեւ Հայաստանը երբեք ոտնձգություն չի կատարել, ինչի մասին Փաշինյանը լռում է, երեւի վախենում է խոսել դրանից:
-Հայաստանում գործող իշխանությունը կարծես թե բաց է խաղաղության պայմանագիրը կնքելու համար, նա համաձայնում է Ադրբեջանի բոլոր պահանջներին: Բայց Ադրբեջանի կողմից դա չկա: Եթե Հայաստանում գործող իշխանությունը նախընտրական քարոզարշավ է իրականացնում խաղաղություն բառի տակ, ապա ի՞նչ շահ է այստեղ հետապնդում Ադրբեջանը:
-Ադրբեջանին ձեռք է տալիս, որ իշխանությունը Հայաստանում նման ստրկացուցիչ չպայմաններով լինի:
-Այսինքն՝ Ադրբեջանն էլ է սպասո՞ւմ 2026 թվականի ընտրություններին:
-Ինձ թվում է, որ համապետական ընտրություններում այս իշխանությունը, եթե վերարտադրվի, Ադրբեջանը կարող է գրոհել: Տա Աստված, որ սխալվեմ: Ինձ համար ամեն հայ տղայի կյանք թանկ է:
-Ի՞նչ կարող էր շահել Հայաստանը վաշինգտոնյան բանակցություններում, որ չօգտագործեց այդ առիթը, բաց թողեց:
-Մի բան, ցավոք սրտի, փաստ է, որ Ալիեւը օգտագործում է այն, որ այսօր Փաշինյանը չունի ժողովրդի մեծամասնության վստահությունը: Նիկոլ Փաշինյանը եկեղեցին անգամ նախընտրական քարոզի շտաբ է դարձրել արդեն : Բազմիցս եմ նշել, մեր պետությունը երեք հիմնասյուների վրա է գոյատեւում՝ բանակ, ընտանիք, եկեղեցի:
Նա բանակը կործանեց, ընտանիքը կործանեց, հիմա անցել է վերջին հենասյունի կործանմանը՝ եկեղեցուն: Եվ այն ինչ արվում է, իմ խորին համոզմամբ, (սա կարծիք է պարզապես), Ալիեւին հաճոյանալու նպատակով է: Նա դա անում է՝ իբրեւ թե կանխի պատերազմն ու պահի իր պաշտոնը, բայց նա չի կարողաանալու պահել իր պաշտոնը: Դա դժվար գործ է:
-Ի՞նչ եք կարծում, համապետական ընտրություններին ի՞նչ արդյունքներ կգրանցվեն:
-Ես որեւէ քաղաքական ուժ չեմ ներկայացնում, ոչ մի կուսակցության անդամ չեմ: Դրա շնորհիվ ավելի անկաշկանդ եմ իմ կարծիքն արտահայտելու հարցում: Ես չեմ տեսնում մի քաղաքական ուժ, այդ թվում՝ ընդդիմադիր, որ միայնակ կարողանա պայքարել կամ այնքան ազդեցիկ ուժ լինի:
-Իսկ «Մեր ձեւով» շարժո՞ւմը:
-Ես մեծ հարգանք ունեմ Սամվել Կարապետյանի նկատմամբ, նա հայրենասեր մարդ է, եւ այսքան ժամանակ իր գործողություններում հակառակը չի ապացուցել, եւ որեւէ մեկը չի կարող հակառակը պնդել: Այդ մարդը միայն բարեգործությամբ է զբաղվել: Բայց նույնիսկ իր նախաձեռնած շարժումը, որը պետք է դառնա կուսակցություն, 50 տոկոսից ավելի միանձնյա ձայն չի կարող հավաքել: Ընդդիմադիր քաղաքական ուժերին իմ հորդորը միավորվելն է: Կա գերակա շահ հասկացություն, հիմա այս պահին գերակա շահն այն է, որ սրանք (գործող ներկա իշխանությունը – խմբ.) չվերարտադրվի: Թող միավորվեն ընդդիմադիր ուժերը:
Զրուցեց ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆԸ























