Թեմական խորհուրդն այլեւս պատասխանատվությունչի կրում Վրթանես Սրբազանի քայլերի համար:
Օրերս մի խումբ բարձրաստիճան հոգեւորականներ, այդ թվում եւ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, հանդիպում ունեցան Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանդիպումից հետո նոյեմբերի 29-ին նրանք հանդես եկան Ամենայն Հայոց Կաթողիկոսի նոր ընտրություններ կազմակերպելու կոչով։
Արցախահայության շրջանում ցասում ու զայրույթ է առաջացրել այն, որ Վրթանես Սրբազանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ, սեղմել նրա ձեռքը, ապա՝ միացել այն եպիսկոպոսներին, որոնք պահանջում են Վեհափառի ինքնակամ հրաժարականը։
Արցախի թեմի թեմական խորհուրդն այս առնչությամբ հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Խորհուրդը չի կիսում վերջին օրերին Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանի կեցվածքն ու դիրքորոշումը։
Մի շարք արցախցիներ էլ որոշել էին գնալ Արցախի թեմի առաջնորդարանի մոտ՝ բողոքի ցույց անելու, սակայն քաղաքական գործիչներն ու Խորհուրդը չեն ողջունել այն՝ կարծելով, որ դրանով կշարունակեն Նիկոլ Փաշինյանի սկսած գործը՝ միջամտելով եկեղեցու ներքին գործերին։
Արցախահայությունն առ այս պահը փորձում է ճանապարհներ գտնել՝ հանդիպելու Վրթանես Սրբազանի հետ։ Պատրա՞ստ է Արցախի թեմի առաջնորդն ընդունել իր ժողովրդին։ Արդյոք Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Վրթանես Սրբազանը քննարկե՞լ է Արցախում ոչնչացվող հազարավոր վանքերի ու եկեղեցիների պահպանման խնդիրը։
Այս հարցերի պատասխանները ստանալու համար արդեն մի քանի օր է, ինչ «ԱրմԼուր.ԷյԷմ»-ը փորձում է կապ հաստատել Վրթանես Սրբազանի հետ, սակայն նա մեր զանգերին այլեւս չի պատասխանում։
Մանրամասներ իմանալու համար՝ «ԱրմԼուր.ԷյԷմ»-ը դիմեց Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանին։ Վերջինս արձագանքեց. «Տեղյակ չեմ։ Ընդհանրապես, իր հետ կապված բոլոր հարցերն ուղղեք իրեն։ Թեմական խորհուրդն ու թեմական խորհրդի անդամները պատասխանատվություն չեն կրում իր քայլերի համար։ Թեմի անդրադարձը եղել է, հայտարարությունն արել եմ ես, եւ թեմական խորհրդից որեւէ մեկը առարկություն չի ունեցել հայտարարության վերաբերյալ։ Մեզ համար շատ անսպասելի էր նրա այս կեցվածքը, եւ մենք նրա հետագա քայլերի համար այլեւս պատասխանատվություն չենք կրում», – ասաց Լեռնիկ Հովհաննիսյանը։
Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետի համար նաեւ բավականին զարմանալի էր այն, որ Վրթանես Սրբազանը հեռախոսազանգերին չի պատասխանում։
ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ
























