Դեկտեմբերի 2-ին Հակակոռուպցիոն դատարանում կայացավ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործով հերթական դատական նիստը։ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը ներկա էր նիստին։ Նշենք, որ Ղուկասյանի սատարողները չեն կարողացել մուտք գործել դահլիճ. նրանց մուտքն արգելված էր։ ArmLur.am–ը փորձեց ճշտել, թե Ղուկասյանը ԱԱԾ մեկուսարանում ո՞ւմ հետ է պահվում։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն վերջերս հայտարարեց Ղուկասյանի կաշառքի գործով նախաքննության ավարտի մասին։ ՔԿ-ի վարկածով՝ քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու գլխավոր ճարտարապետը շուրջ 1500 քմ ինքնակամ կառուցված շինության օրինականացման համար քաղաքացինից պահանջել են 4 միլիոն դրամ կաշառք։ Հրապարակվել են նաեւ ձայնագրություններ, որոնցում ենթադրաբար լսվում է Ղուկասյանի եւ նրա ենթակայի խոսակցությունը։ Ղուկասյանը մեղադրանքը չի ընդունում, իսկ պաշտպանական կողմը տեղի ունեցողը որակում է որպես քաղաքական հետապնդում։
Կաշառք ստանալու մեղադրանքով Գյումրու քաղաքապետը կալանավորվեց երկու ամսով, եւ նրա լիազորությունները ժամանակավորապես կասեցվեցին։
Նշենք նաեւ, որ վերջին մեկ ամսում Վարդան Ղուկասյանին արդեն երեք տարբեր մեղադրանք է առաջադրվել։ Բացի կոռուպցիոն հետապնդումից, Քննչական կոմիտեն նրան նոր մեղադրանք է ներկայացրել՝ իշխանության զավթմանը, սահմանադրական կարգի բռնի տապալմանը կամ տարածքային ամբողջականության խախտմանը կոչեր հնչեցնելու մասով։
Բացի դրանից, նոյեմբերի 20-ին տնային կալանքի տակ գտնվող նրա որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին, Երեւանումբերման էին ենթարկել՝ խուլիգանության գործով։ ՔԿ-ն դատարան է ներկայացրել նրան կալանավորելու միջնորդություն։
Փաստաբանի խոսքով՝ նախաքննական մարմինը պնդում է, թե Հակակոռուպցիոն դատարանում կայացած նիստից հետո Սպարտակ Ղուկասյանը խուլիգանություն է կատարել, ինչի վերաբերյալ տարածվել են նաեւ հրապարակային խոսակցություններ ու տեսանյութեր։ ՔԿ-ն նրան մեղադրանք է ներկայացրել ՔՕ 297-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «մի խումբ անձանց կողմից տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով խուլիգանություն գործելու» համար։
Այս գործի շրջանակում նաեւ Վարդան Ղուկասյանին է ներկայացվել երրորդ մեղադրանքը։
Այս պահին փաստացի՝
l Վարդան Ղուկասյանի դեմ հարուցված է չորս քրեական գործ, եւ նա հանդես է գալիս որպես մեղադրյալ չորս վարույթներով,
l Սպարտակ Ղուկասյանի դեմ հարուցված է երեք քրեական գործ, եւ նա մեղադրյալի կարգավիճակ ունի երեք վարույթներով։
Հայր եւ որդի երկուսն էլ կալանքի տակ են։
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ























