Armenian text to speach

ՔՊ-Ն ԷԹԻԿԱՅԻ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ Է ՄՇԱԿԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ այլեւս «հայհոյանքին հայհոյանքով, իսկ վիրավորանքին վիրավորանքով» չեն պատասխանելու, բայց միեւնույն ժամանակ կոչ է արել դա որպես թուլություն չընկալել։

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «առավոտյան սրտիկների» եւ «սիրո խոստովանության» փոխարեն հանրությանը ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ՔՊ վարչության որոշմամբ ընդունված կուսակցության Էթիկայի կանոնագիրքը։

Փաշինյանը գրել էր. «Էթիկայի կանոնագրքում ստանդարտներ ենք սահմանում ինքներս մեզ համար` դրանով իսկ հայտարարելով ինքներս մեզ հայհոյախոսության, անձնական թիրախավորման, վիրավորանքի դաշտից դուրս դնելու, ինչպես նաեւ բարեվարքության լավագույն ստանդարտներին մեր նվիրվածության մասին։ Այնպես որ, երբ հայհոյանքին հայհոյանքով, վիրավորանքին վիրավորանքով չպատասխանենք, խնդրում ենք դա չընկալել որպես թուլություն կամ վախվորածություն, այլ նվիրվածություն մեր իսկ ընդունած Էթիկայի կանոնագրքին»։

 

Ի՞նչ կետեր կան ՔՊ Կանոնագրքում

ՔՊ վարչությունը Հովիկ Աղազարյանի փորձով դասեր քաղած Կանոնագրքում ընդգրկել է կարգապահության հստակ 2 սահմանում՝

– Կուսակցության անդամները պարտավոր են պահպանել կուսակցության ներքին կարգապահությունը, հարգել եւ կատարել Կուսակցության մարմինների ընդունած որոշումները, ինչպես նաեւ հանդես չգալ Կուսակցության անունից՝ առանց համապատասխան Կուսակցական մարմնի լիազորության,

– Կուսակցության անդամները պարտավոր են պահպանել ներկուսակցական քննարկումների եւ կուսակցական մարմինների ներքին՝ հրապարակման ոչ ենթակա տեղեկատվության գաղտնիությունը։

Կանոնագրքում 11 կետ կա. նշվում է, որ կուսակցության անդամները պարտավոր են գործել ազնիվ եւ թափանցիկ, բարեխիղճ կատարել իրենց պարտականությունները, ստորադասել անձնական շահը հանրային շահին, խուսափել հովանավորչությունից։

ՔՊ-ականները նաեւ պարտավոր են պահպանել հավասարության սկզբունքը՝ մերժելով ցանկացած տեսակի խտրականություն, հարգալից վերաբերմունք դրսեւորել բոլոր անձանց նկատմամբ, այդ թվում` քաղաքական հակառակորդների հետ հարաբերություններում, մերժել ատելության խոսքը, ոտնձգությունը։ Նրանք նաեւ պետք է առօրյա կյանքում՝ ներառյալ սոցիալական մեդիաներում, ցուցաբերեն պարկեշտություն, համեստություն, զսպվածություն եւ հարգանք բոլորի հանդեպ, ինչպես նաեւ խթանեն հանդուրժողականությունը։

Կանոնագրքում կա նաեւ «օրենքի գերակայություն» վերնագրով մի կետ, որով նշվում է, որ ՔՊ-ականները պարտավոր են ՀՀ սահմանադրությամբ եւ գործող օրենսդրությամբ ղեկավարվել, ինչպես նաեւ մերժել կոռուպցիան, իշխանության չարաշահումն ու օրենքի ցանկացած խախտում։ Կուսակցականների կողմից հանցագործության կատարման դեպքում էլ ՔՊ-ն անմիջապես պետք է արձագանքի՝ համապատասխան նյութերը փոխանցելով իրավապահներին։

Եվ, իհարկե, կանոնագրքում տեղ է գտել նաեւ «կրթություն» բաժինը, որտեղ նշվում է, որ էթիկան նախեւառաջ կրթական եւ քաղաքակրթական հասկացություն է։

Համաձայն Կանոնագրքի՝ Վերահսկող հանձնաժողովը կարող է ինքնուրույն նախաձեռնել վարույթ Կանոնագրքի ենթադրյալ խախտումների առնչությամբ։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 




Լրահոս