Armenian text to speach

Քրեական վարույթ է նախաձեռնվել ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի առերեւույթ կոռուպցիոն գործարքների վերաբերյալ՝ դատարանի պարտադրանքով։ Վարույթը սկսել է այն բանից հետո, երբ փաստաբանները (նախաձեռնող խմբի ներկայացուցիչ փաստաբան Արա Զոհրաբյան) 2024թ.  դեկտեմբերի 4-ին հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել Գլխավոր դատախազություն, սակայն իրավապահները սկզբում հրաժարվել էին վարույթի շրջանակում քննել այն։ Փաստաբան Արա Զոհրաբյանը դիմել էր դատարան, եւ դատարանը պարտադրել է հարուցել վարույթը։

Հաղորդման մեջ ներկայացված են մի շարք էպիզոդներ.

  1. Անտոկոս փոխառություն – Հովհաննիսյանը 2021թ. հայտնել է, որ ստացել է 1 մլն ԱՄՆ դոլար անտոկոս փոխառություն (նաեւ 50 հազար դոլարի նվիրատվություն), ինչից հետո ձեռք է բերել «Կարիտաս Իտալիանա» ՓԲԸ-ն 1.050.000 դոլարով։
  2. «Ջի Կոդեր» ՍՊԸ-ի գործարքները – ընկերությունը վերակազմավորելուց հետո բաժնեմասերը վաճառվել են նախարարի հարազատին։ 2023թ. այդ նույն «Ջի Կոդեր» ՍՊԸ-ին Կառավարությունը տրամադրել է 1,8 մլրդ դրամի ներմուծման մաքսատուրքի արտոնություն, ազատված մաքսատուրքը կազմել է 118 մլն դրամ։ Նույն տարվա դրությամբ Հովհաննիսյանը ընկերության նկատմամբ ունեցել է 52.614.000 դրամի փոխառության պահանջի իրավունք։
  3. Հյուրատան վարձակալություն առանց մրցույթի – նախարարին պատկանող հյուրատունը վարձակալության է տրվել «Վարդենի» ՍՊԸ-ին, որին մեկ միլիոն դրամից բարձր գնով վճարվել է ֆինանսների նախարարության աշխատակիցների համար խաղ-վարժանքների կազմակերպման նպատակով։ Ընկերությունը 2019-ին հիմնադրվել է հենց Հովհաննիսյանի կողմից եւ հետագայում փոխանցվել է նրա ընկերոջը։
  4. Հայտարարագրերի անհամապատասխանություններ – ըստ հաղորդման՝ վերջին երեք տարիների հայտարարագրերում կան էական շեղումներ, այդ թվում՝ 2006թ. «Տոյոտա» ավտոմեքենայի՝ 25 մլն դրամով վաճառքի նշումը, եւ այլն:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ արդեն հարցաքննության են հրավիրվել Հովհաննիսյանի մտերիմ մարդիկ, սակայն նախարարը՝ դեռ ոչ։ Մնում է բաց հարց՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Արթուր Նահապետյանը «կհասնի՞» նախարարին, թե՞ սահմանափակվելու է շրջապատի հարցաքննությամբ՝ գործը հերթական անգամ «քնեցնելով», ինչպես ՔՊ-ին վերաբերող մի շարք վարույթներով։

 

 

 

Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ու խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը արդեն չորրորդ անգամն է, ինչ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ տապալում են ԱԺ նիստերը. խմբակցությունն այլեւս չի ենթարկվում նրանց:

Բանն այն է, որ երեկ՝ առավոտյան, Նիկոլ Փաշինյանը Կառավարության կազմով դարձյալ ԱԺ-ում էր, սակայն Ալեն Սիմոնյանին չէր հաջողվում քվորում ապահովել, որպեսզի ԱԺ-ն սկսեր իր աշխատանքները: Ալեն Սիմոնյանը երեք անգամ հայտարարեց գրանցման մասին, բայց ապարդյուն. բավարար չափով պատգամավորներ չէին ներկայացել աշխատանքի:

Սիմոնյանը ստիպված եղավ 20 րոպե ընդմիջում հայտարարել, որպեսզի ՔՊ-ական պատգամավորները բարեհաճեին ներկայանալ, եւ Կառավարությունը հնարավորություն ունենար ներկայացնելու 2026 թվականի բյուջեի նախագիծը:

Նոյեմբերին կայացած ԱԺ նիստերի ժամանակ, երեք անգամ, էլի ՔՊ խմբակցության ղեկավար Կոնջորյանն ու քարտուղար Արթուր Հովհաննիսյանը չկարողացան Նիկոլ Փաշինյանի ներկայայությամբ քվորում ապահովել, ինչը հունից հանեց Փաշինյանին:

«Ժողովուրդ»-ը երեկ փորձեց Հայկ Կոնջորյանից պարզել, թե ինչու իրենց չի հաջողվում քվորում ապահովել, ինչու են Փաշինյանի ներկայությամբ տապալում ԱԺ նիստերը:

Սակայն ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը միայն հայտարարեց, թե՝ «Ձեզ լավ օր եմ մաղթում» ու արագ քայլերով պուկ հեռացավ:

 

 

 

 

Բրյուսովի անվան պետական համալսարանը՝ նոր սկանդալի կենտրոնում. ուսանողների քաշքշուկից մինչեւ ձերբակալություն….

«Ժողովուրդ» օրաթերթը հերթական սկանդալային բաց նամակն է ստացել Բրյուսովի անվան պետական համալսարանի աշխատակազմից:

«Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է. հերթական անգամ բուհը հայտնվել է սկանդալի կենտրոնում։ Այս անգամ խոսքը ուսանողուհիների միջեւ բռնկված, մեղմ ասած, կռվի մասին է, որն այնքան է սրվել, որ ավարտվել է ձերբակալություններով։

Ականատեսների փոխանցմամբ, դեկտեմբերի 3-ին դասամիջոցներից մեկի ժամանակ Լեզվաբանության եւ մանկավարժության ֆակուլտետի ուսանողների միջեւ ծագել է տեւական ժամանակ հասունացող վեճ, որը վերածվել է խայտառակ ծեծկռտուքի եւ կռվի։ Կռվի ժամանակ ոչ միայն բարձրաձայնել են ակադեմիական միջավայրին ոչ վայել հայհոյանքներ, այլեւ բավականին երկար ժամանակ տեւած ծեծկռտուքի եւ քաշքշուկի ընթացքում իրար վրա հյութ եւ ջուր են ցողել, մազեր պոկել։

Այն, ինչ պետք է կանխվեր ֆակուլտետի ղեկավարության կողմից, վերածվել է շոկային տեսարանի ամբողջ համալսարանի համար։

Եվ այստեղ ամենացավալին այն է, որ այս ամբողջ անկարգության պատասխանատու դեմքը Լեզվաբանության եւ մանկավարժության ֆակուլտետի դեկանի ժ/պ Լեւոն Սարգսյանն է։ Վերջինս ի զորու չէ ֆակուլտետում ապահովելու տարրական կարգապահություն, կանխարգելելու ուսանողների միջեւ աճող լարվածությունը եւ ստեղծելու առողջ միջավայր։

Ավելին՝ հենց նրա ղեկավարության ժամանակահատվածում ֆակուլտետում ձեւավորվել է անհանդուրժող եւ լարված մթնոլորտ, որտեղ բուռն կոնֆլիկտները դարձել են սովորական. բուհը կրկին սկանդալի կենտրոնում է, կրկին ոստիկաններ, այժմ էլ՝ ուսանողների ձերբակալություն….

Ցավալի է….

Այսօր բուհի ուսանողները չունեն որեւէ թիկունք. չկա մի անձ կամ մարմին, որին նրանք կարող են ապավինել, դիմել իրենց հուզող եւ մտահոգող հարցերով:

Ուստի արդարացի հարց է առաջանում.

ի՞նչ սպասել բուհից, որի ղեկավարումը գտնվում է գյուրջինյանական հանցավոր կլանի ձեռքում։

Սկսած կադրային քաոսից՝ մինչեւ ակադեմիական միջավայրի քայքայում:

Այսօրվա առաջնորդները, ում համար բրյուսովական կոչումը ոչ թե արժեք է, այլ պարզապես փուչ տեղ, շարունակաբար ոչնչացնում են բուհի հեղինակությունը։ Ուսանողների միջեւ բռնկված կռիվը միայն հետեւանքն է այն համակարգի, որը Գյուրջինյանն է փորձում արմատավորել ` կառուցված վախի, կույր հնազանդության եւ անպատժելիության վրա։

Հասունացել է պահը՝ հարց տալու ՀՀ բոլոր լիազոր մարմիններին. մինչեւ ե՞րբ պիտի գյուրջինյանական կլանը տնօրինի համալսարանի ճակատագիրը եւ բուհը վերածի իր անձնական, խայտառակ իշխանության հարթակի…»:

Նշենք, որ համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը ամեն անգամ կտրուկ կերպով հրաժարվում է «Ժողովուրդ» օրաթերթի հետ որեւէ թեմայով զրույց ունենալուց, մեր զանգերին, հարցերին պատասխանելուց:

Իսկ այս նամակը հերթականներից է. այսպիսի ահազանգեր «Ժողովուրդ» օրաթերթը շատ է տպագրել:

 

 

 

ՔՊ պատգամավորը 3 գույք, 2 մոտոցիկլ եւ 1 մեքենա ունի

Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր, ՀՀ վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանը 2022 թվականին թերի հայտարարագրեր է ներկայացրել։

2022 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագրում Աղաջանյանը հայտարարագրել է 2 մոտոցիկլ. 2020 թվականի թողարկման YAMAHA, 2013 թվականի Parvaz GL մակնիշի մոտոցիկլներ, եւ մեկ՝ NISSAN մակնիշի մարդատար ավտոմեքենա 2013 թվականի թողարկման։ YAMAHA մակնիշի մոտոցիկլը, ըստ հայտարարագրի, պատգամավորը ձեռք է բերել 2021 թվականի մարտին, սակայն նախորդ տարվա հայտարարագրում տրանսպորտային միջոցի ձեռքբերման մասին նշված չէ։

2024 թվականի տարեկան հայտարարագրում պատգամավորը գրել է, որ ունի 3 անշարժ գույք, 2 մոտոցիկլ եւ 1 ավտոմեքենա։

Աղաջանյանի անշարժ գույքի, եկամուտների եւ ծախսերի մասին հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա 2013 թվականին «գնման եղանակով» ձեռք է բերել հողամաս Նոյեմբերյանում, ինչպես նաեւ 2001 թվականին նվիրատվություն է ստացել Երեւանի Կենտրոնում գտնվող բազմաբնակարան շենքում բնակարան, ինչը համատեղ սեփականության իրավունքով է իրեն պատականում։

Էդուարդ Աղաջանյանը  հայտարարագրել է եւս մեկ բնակարան Կենտրոն վարչական շրջանում։

Պատգամավորի բանկային հաշիվների մնացորդները տարեսկզբի համեմատ աճել են՝ դառնալով 2 մլն 299 հազար դրամ, սակայն տարեսկզբին առկա 350 հազար դրամ կանխիկ դրամական միջոցները զրոյացել են։

Աղաջանյանը հաշվետու տարում եկամուտ ստացել է մեկ աղբյուրից, այն է՝ ԱԺ աշխատակազմից ստացված 13 մլն 203 հազար դրամ աշխատանքի վարձատրությունը:

Աղաջանյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

Նրա հետ «համատեղ բնակվող անձ» Վիկտորիա Այդինյանը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի խորհրդականն է։

Հիշեցնենք, որ Էդուարդ Աղաջանյանը նախկինում՝ մինչ պատգամավոր դառնալը, եղել է DJ Ed Ward բեմական անունով հայտնի DJ։

2023 թվականի մայիսի 3-ին Ազգային ժողովում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը հայտարարել էր, որ որեւէ միջին վիճակագրական խնջույք առանց թմրանյութերի չի անցնում, եւ հարց էր ուղղել ՆԳ նախարար Վահե Ղազարյանին, թե ինչով է պայմանավորված այն հանգամանքը, որ ոստիկանական ռեյդերն անցկացվում են որոշակի ենթամշակութային առանձնահատկություն ունեցող ժամանցի վայրերում:

Էդուարդ Աղաջանյանը նաեւ շոու բիզնեսում հայտնի հաղորդավարուհի, դերասանուհի Դիանա Մալենկոյի ամուսինն է։




Լրահոս