«Ժողովուրդ» օրաթերթը Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ զրուցել է սպասվող Եպիսկոպոսաց ժողովի, կաթողիկոսի դեմ իրականացվող քայլերի եւ պետություն–եկեղեցի հարաբերությունների ներկայիս իրավիճակի մասին։
-Պարո՛ն Քոչարյան, դեկտեմբերի 10-12-ին նախատեսվում է Եպիսկոպոսաց ժողով։ Ի՞նչ սպասելիքներ ունեք, եւ ի՞նչ հարցեր են քննարկվելու։ Ասվում էր, որ օրակարգում ներեկեղեցական խնդիրներ եւս լինելու են՝ Արշակ Սրբազանի հոգեւոր ծառայությունը սառեցնելու հարցը, Վեհափառի ինքնակամ հրաժարականի հնարավորությունը, ինչպես նաեւ այն 10 եպիսկոպոսների հարցը, որոնք դուրս են եկել Վեհափառի դեմ։
-Իմ տեղեկացվածությունը եկեղեցական կանոնակարգերի մանրամասների վերաբերյալ այնքան խոր չէ, որ հստակ կանխատեսեմ՝ ինչ կքննարկեն եւ ինչ արդյունք կլինի։ Բայց ակնհայտ է, որ շատ վատ բան է տեղի ունենում։ Անկախ վերջնական արդյունքից՝ պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը արեց ամեն ինչ, որպեսզի Հայ Առաքելական Եկեղեցին՝ համաշխարհային եկեղեցական ընտանիքում բարձր հեղինակություն ունեցող կառույցը, այս պատմական շրջանում վարկաբեկվի։ Եվ դա իր մոտ ստացվեց։ Մնացածը այս պահին դժվար է կանխատեսել։
-Դա ի՞նչ միտում ունի։ Ձեր կարծիքով՝ ո՞րն է նպատակը։ Կարո՞ղ ենք ենթադրել, որ սա ինչ-ինչ կապ ունի նախընտրական գործընթացների հետ։
-Ոչ, նման բան չեմ տեսնում։ Նպատակը իրականում «դրսից» է գալիս։ Ինչպես շատ գործընթացներ, սա նույնպես արվում է արտաքին թելադրանքով։ Չեմ կարծում, որ նախընտրական փուլում սա Փաշինյանի համար որեւէ շահավետ նպատակ ուներ։
-Իսկ մինչեւ տարեվերջ հնարավոր համարո՞ւմ եք, որ Վեհափառը ինքնակամ հրաժարական տա կամ նրան կարողանան հեռացնել Վեհարանից։
-Ես նման բան չեմ տեսնում։ Ինքնակամ հրաժարականի հեռանկար չի երեւում, իսկ այսպես կոչված «հանելու» հնարավորություն, որքան տեղյակ եմ, պարզապես չկա։ Կանոնակարգով դա չի թույլատրվում, եւ ոչ ոք չի կարող նրան հեռացնել, եթե ինքը չի ցանկանում։
-Իսկ ի՞նչ եք կարծում, բարձրագույն հոգեւոր դասը կհամախմբվի՞ Վեհափառի շուրջ, թե՞ կարող են լինել հոգեւորականներ, եպիսկոպոսներ, ովքեր կրկին դուրս կգան նրադեմ։
-Դժվար է կանխագուշակել։ Ժամանակը ցույց կտա։ Ի վերջո, նույնիսկ այն 10 հոգեւորականների քայլը, ովքեր առաջինը դուրս եկան Վեհափառի դեմ, սկզբում անսպասելի էր։
Զրուցեց ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆԸ




















































































