Նիկոլ Փաշինյանը, որը նախորդ կիրակի ներկա էր եղել Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցու պատարագին, այս անգամ դեռեւս չի հայտնել, թե որ եկեղեցում է պատրաստվում մասնակցել կիրակնօրյա ծառայությանը։ Սակայն իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառմամբ՝ վարչապետը, կարծես, նախատեսում է ժամ գնալ Գյումրիում։
Պողոսյանի խոսքով՝ Շիրակի թեմի քահանաները լուրջ փորձության առաջ են կանգնած, քանի որ որոշ գյումրեցիներ արդեն զբաղված են դեկտեմբերի 7-ի պատարագի կազմակերպմամբ։ Նրա տեղեկություններով՝ սկզբում միայն Տեր Ռուբեն քահանա Մանուկյանն էր համաձայնել վարչապետի օրակարգով պատարագ մատուցել, սակայն այսօր նա եւս հրաժարվել է՝ հավանաբար գյումրեցիների պարսավանքին չարժանանալու համար։
«Որեւէ եկեղեցում Տեր Ռուբենին տեղ չէին տալիս, որպեսզի նա Փաշինյանի օրակարգով պատարագ մատուցեր, այդ թվում՝ Գյումրու Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցում, որտեղ նա ավելի քան տասը տարի է ծառայում», – ArmLur.am–ին ասաց Կարապետ Պողոսյանը։
Մեր հարցին՝ արդյոք Տեր Ռուբենը որեւէ կապ ունի՞ գործող իշխանության հետ, Պողոսյանը պատասխանեց. «Քանի որ գիտեմ, նրա որդին աշխատում է Ազգային ժողովի ՊՊԾ-ում»։ Նրա խոսքով՝ Տեր Ռուբենը մինչ այս էլ աջակցություն է ցուցաբերել գործող իշխանությանը։
Հիշեցնենք, որ նախորդ կիրակի Նիկոլ Փաշինյանը ներկա էր Երեւանում՝ Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցված պատարագին, որտեղ ծառայող Տեր Արարատ քահանա Պողոսյանը հրաժարվել էր մատուցել պատարագը՝ առանց Վեհափառի անունը հիշատակելու։ Նրան փոխարինեց Սուրբ Երրորդություն եկեղեցու սպասավոր Տեր Արարատ քահանա Օրդոյանը, որը եւս պատարագի ընթացքում չհիշատակեց Վեհափառ Հայրապետին։
ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ




















































































