Դեկտեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Թալինի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Թադե քահանա Թախմազյանը։
Արդյոք սպասելի՞ էր Մայր Աթոռի որոշումը կարգալույծ հռչակված քահանայի համար, եւ ինչպե՞ս է պատրաստվում որոշումն ընդունել. փորձեցինք այս ամենն իմանալ հենց նրանից։
«Անսպասելի էր, անշուշտ։ Այս պահին այսքանով սահմանափակվենք, հետո ընթացքը ցույց կտա։ Այլ մեկնաբանություն հիմա չունեմ»,- «ԱրմԼուր.ԷյԷմ»-ի հետ զրույցում ասաց կարգալույծ հռչակված Թալինի հոգեւոր հովիվ Տեր Թադե քահանա Թախմազյանը (այսուհետ՝ ավազանի անունով Արամայիս Թախմազյան)։
Արդյոք Արամայիս Թախմազյանը պատրաստվո՞ւմ է Ստեփան Ասատրյանի (Հովհաննավանքի նախկին հոգեւոր հովիվ Տեր Արամ) նման Մայր Աթոռի որոշումն անտեսել եւ շարունակել պատարագ մատուցել՝ մեր այս հարցին նա չպատասխանեց։
Նշենք, որ Տեր Թադե քահանա Թախմազյանին կարգալույծ հռչակելիս տնօրինության համար հիմք է ծառայել Արագածոտնի թեմի Վարչական խորհրդի զեկուցագիրը եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգեւների շնորհման եւ կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը՝ ստորեւ ներկայացված հիմնավորումներով, առ այն, որ Թադե քահանան.
ա/ վարկաբեկել է Հայ Եկեղեցին եւ եկեղեցականներին, այդ թվում՝ հրապարակային զրպարտիչ հայտարարություն տարածելով,
բ/ իրականացրել է հակաեկեղեցական գործողություններ՝ մասնակցելով կարգալույծ հռչակված անձի մեղքին,
գ/ պատարագներին Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Թեմակալ առաջնորդի անունների հիշատակության հատվածը կամայականորեն զեղչել է՝ փաստացի ժխտելով նվիրապետական կարգը, իրեն դուրս դնելով Եկեղեցուց եւ, ըստ էության, հարելով հերձվածողական շարժմանը,
դ/ եկեղեցական իշխանության նկատմամբ դրսեւորել է անհնազանդություն։
Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արամայիս Թախմազյան ավազանի անունով:
ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ



















































































