Լուսանկարը՝ «Շամշյան.քոմ»-ի
Արարատի մարզի Գեղանիստ գյուղի 25-րդ եւ 26-րդ փողոցների բնակիչները արդեն 2.5-3 տարի շարունակ բախվում են վնասված խմելու ջրի խողովակի խնդրին. նրբանցքը մշտապես ողողված է ջրափոսերով ու ցեխաջրով։
Բնակիչների խոսքով՝ այստեղով քայլելն իսկապես վտանգավոր է. տարեց մարդկանց վայր ընկնելու դեպքեր արդեն եղել են։ Նրանք արդարացիորեն պահանջում են, որ «Վեոլիա ջուր»-ը արագ լուծի խնդիրը:
ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ
ՀԱՐՑ. «ՀայՓոստ»-ով առաքումներ անելիս ո՞ր դեպքում է սահմանվում մաքսատուրք:
Լուսինե Թովմասյան (37 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. 2022 թվականի մարտի 31-ից սկսած՝ ոչ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից ֆիզիկական անձանց կողմից փոխադրողի միջոցով կամ միջազգային փոստային առաքումներով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար մաքսատուրք եւ հարկեր չեն գանձվում, եթե տեղափոխվող ապրանքների ընդհանուր քաշը չի գերազանցում 30 կիլոգրամը, իսկ արժեքը չի գերազանցում 200 հազար ՀՀ դրամը։
ՀայՓոստ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե ընդհանուր քաշը գերազանցում է 30 կիլոգրամը, կամ արժեքը գերազանցում է 200 հազար ՀՀ դրամը, ապա սահմանվում է մաքսատուրք եւ հարկեր գերազանցող մասի համար 15% միասնական դրույքաչափ, սակայն ոչ պակաս, քան 30 կիլոգրամը գերազանցող յուրաքանչյուր կիլոգրամի համար 2 եվրոյին համարժեք ՀՀ դրամ:
ՄԱՔՍԱՅԻՆ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ Երեւանում գրանցված կազմակերպությունը երրորդ երկրից ապրանքներ ներմուծելիս մաքսային ձեւակերպումները կարող է արդյոք իրականացնել Սիսիանում:
Սերգեյ Հարությունյան (38 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի 2003 թվականի հուլիսի 4-ի N03/42-Ն հրամանի 1-ին կետի համաձայն` կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների եւ տրանսպորտային միջոցների մաքսային ձեւակերպումների իրականացման վայրեր են այն տարածաշրջանային մաքսատները, որոնց գործունեության գոտին ընդգրկում է տվյալ կազմակերպության գտնվելու վայրը:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի N 865-Ն որոշման 2-րդ կետի գ) ենթակետի համաձայն` Արարատյան տարածաշրջանային մաքսատան գործունեության տարածք է հանդիսանում Երեւանը, Հայաստանի Հանրապետության Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի վարչական տարածքները, ուստի Երեւանում գրանցված կազմակերպության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային ձեւակերպումների իրականացման վայր է համարվում Արարարատյան տարածաշրջանային մաքսատունը:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է թույլատրել «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով հայտարարագրված ապրանքների բացթողնումը կամ ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգի ժամկետի երկարաձգումը միայն մեկ անգամ մինչեւ երկու տարին չգերազանցող ժամկետով:




















































































