Armenian text to speach

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԽՈՍՏՈՒՄԸ ՉԻ ԿԱՏԱՐՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Պետական բյուջեով Աջափնյակ մետրոյի կայարանի կառուցման համար նախատեսված 25 միլիոն դոլարից, կարծես, գրեթե ոչինչ չի մնում, մինչդեռ կայարանի բացումը դեռ շատ հեռու է իրականությունից։

2025 թվականի սեպտեմբերին Երեւանի քաղաքապետարանից լրատվամիջոցներին հայտնել էին, որ Երեւանի մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի նախագիծը գտնվում է շինարարության թույլտվություն ստանալու փուլում։ Սակայն դրանից ընդամենը երկու ամիս անց Կառավարությունը որոշեց նախագծի բյուջեից մոտ 300 հազար դոլար ուղղել սահմանամերձ բնակավայրերի բնակիչների կոմունալ վճարների մասնակի փոխհատուցմանը։

Քաղաքապետարանից մասնավորապես ասել էին, որ նախապատրաստվում են շինարարությունը մեկնարկելու վերաբերյալ մրցութային փաստաթղթերը, եւ մրցույթների հաջողությամբ ընթանալու դեպքում՝ շինարարական աշխատանքները փաստացի նախատեսվում են մեկնարկել 2026 թվականի առաջին եռամսյակում։ Սակայն, կարծես թե այս աշխատանքների համար գումար չի մնում բյուջեում։

Օգոստոսին Կառավարությունը որոշել էր կայարանի կառուցման համար նախատեսված բյուջեից մոտ 9 միլիոն դոլար հատկացնել բնակարանների եւ սեփական տների էներգաարդյունավետ վերանորոգման պետական աջակցության ծրագրին: Մեկ ամիս անց էլ որոշեցին այդ միջոցներից եւս մոտ 6 միլիոն դոլար տրամադրել մայրաքաղաքի շենքերի վերելակները փոխելու եւ տրոլեյբուսներ գնելու համար:

Դեռ հարցական է՝ մինչ տարեվերջ ինչքան գումար կհանվի նախնական հատկացումից,  սակայն հարկ է ընդգծել, որ իշխանական եւս մեկ խոստում, որ նախընտրական փուլում շահարկվում էր, իրականության հետ որեւէ աղերս չունի. Աջափնյակի մետրոն չի կառուցվում խոստացված ժամկետներում:

2025 թվականի փետրվարին էլ հայտնի դարձավ, որ նոր կայարանի կառուցման համար անհրաժեշտ գումարը գնահատվում է մոտ 105 մլրդ դրամ, եւս 1.8 մլրդ դրամ կպահանջվի նախագծման աշխատանքների համար։ Փոխքաղաքապետ Լեւոն Հովհաննիսյանի ներկայացրած տվյալներով՝ 2025-ին պետական բյուջեից փոխանցվել է անհրաժեշտ գումարի մոտ 10 տոկոսը։

2025-ի սեպտեմբերի 18-ին Ավինյանը գլուխ էր գովում, թե «Պարո՛ն վարչապետ, մենք բոլոր փորձաքննություններով անցած Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծն ունենք»:

Սակայն Ավինյանը մոռացավ նշել, որ խոստանալ եւ չանելը «Ասեք՝ կանենք»-ի տողատակն է, եւ փաստացի տապալեց թե՛ մայրաքաղաքի կառավարումը (օդի աղտոտվածությունը դրա վառ ապացույցն է), թե՛ Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման գործընթացը։

 

 

 

2

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ստեղծած «Իմ քայլը» հիմնադրամը ավելի շատ աչքի է ընկնում նվիրատուների ցանկով, քան արած գործով եւ աշխատանքով։

Բանն այն է, որ 2025 թվականի ընթացքում հիմնադրամը 8 անանուն աղբյուրից ստացել է 120 մլն դրամ։

20 մլն դրամ Հիմնադրամին նվիրաբերել է «Արսենալ ԼՏԴ» ՍՊ ընկերությունը, որը 2019 թվականին զենքի եւ զինամթերքի արտադրության մեջ կիրառվող ապրանքների ներմուծման համար արտոնություն էր ստացել։

Ըստ ՀՀ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ ընկերությունն ունի 3 իրական շահառու՝ 23.5 % Ստանիսլավ Բեկովը, 70 % Կարինա Ղազարյանը եւ Բաբկեն Ղազարյանը։ Ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին։

«Ջեյ Էֆ Թի» ՍՊ ընկերությունը 10 մլն դրամ է նվիրաբերել։ Նշված ընկերությունը դատական քաշքշուկների մեջ է. «Ջեյ Էֆ Թի» ՍՊԸ-ն դիմումով դիմել էր Սահմանադրական դատարան։ Դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 8-ի որոշմամբ գործի վարույթը կասեցվել է մինչեւ վերոնշյալ որոշման մեջ նշված կասեցման հիմքերի վերանալը: Ապա գործի վարույթը կասեցնելու՝ 2025 թվականի հուլիսի 8-ի ՍԴԱՈ-108 աշխատակարգային որոշմամբ սահմանված հիմքերը վերացել էին: Դրանից հետո դատարանը որոշել էր, չգիտես թե ինչպես, գործի վարույթը վերսկսել եւ գործի քննության ժամկետը երկարաձգել եւ գործի դատաքննությունը նշանակել 2025 թվականի դեկտեմբերի 9-ին։

«ՍԻԼ կոնցեռնի» սեփականատեր Սուքիասյան ընտանիքի կողմից ստեղծված «Սուքիասյան» բարեգործական հիմնադրամը Աննա հակոբյանի ղեկավարած հիմնադրամին նվիրաբերել է 10 մլն դրամ։

«Էջմիածնի սարքաշինական գործարան»-ը Հիմնադրամին նվիրաբերել է 250 հազար դրամ։ Այն ներառված է 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների 1000 խոշոր հարկատուների ցանկում եւ զբաղեցնում է 888-րդ հորիզոնականը՝ վճարելով 307 մլն դրամ։

«Մոբայլ Սենթր» խանութների ցանցը նվիրաբերել է 10 մլն դրամ։ Ընկերությունը Պետեկամուտների կոմիտեի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցանկի առաջին տեղում է եւ պետությանը վճարվել է 52,4 մլրդ դրամ հարկ։

«Արմսվիսբանկը» «Իմ քայլը» հիմնադրամին նվիրաբերել է ընդամենը 1 մլն դրամ։ Ըստ ՀՀ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ ընկերության իրական շահառուն շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշն է, ով նաեւ «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահն է։

Մամուլում գրվել էր, որ 2015-ին Սրմաքեշը նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանին խոստացել էր Շիրակի մարզի տնտեսական զարգացման նպատակով 10 մլն դոլար տրամադրել, բայց ոչինչ էլ չարեց: Ընդամենը հիմնեց «Սասստեքս» կարի ֆաբրիկան նախկին մարզային հիվանդանոցի շենքում, կարճ ժամանակ աշխատեց, իսկ հեղափոխությունից հետո արդեն պարզ դարձավ, թե ինչ էր այնտեղ կատարվում. ֆաբրիկայի աշխատողները բողոքել էին, որ շահագործվել են, չնչին գումարներ են ստացել ու աշխատել են անմարդկային պայմաններում:

Հաջորդը «Ալիաս 64» ՍՊԸ-ն է, որը Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գտնել չհաջողվեց, սակայն նմանատիպ մի ընկերություն կա, որը ոչ թե «Ալիաս 64» ՍՊԸ-ն է այլ «Ալիանս 64» ՍՊԸ-ն։ Այս ընկերությունը մայիսին տեղի ունեցած մի միջադեպից հետո հայտարարություն էր տարածել, թե Երեւանի Սիլվա Կապուտիկյան փողոցում տեղի ունեցած դեպքը լուսաբանելիս զանգվածային լրատվական միջոցներով տարածված լուրերն այն մասին, թե քաղաք Երեւան, Սարմեն 88 եւ Սարմեն 86 հասցեներում կառուցված շենքերն առնչություն ունեն ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, չեն համապատասխանում իրականությանը։ Իսկ դեպքը կապված էր մեքենաների հրդեհի հետ, ինչի արդյունքում այրվել էր 4 տրանսպորտային միջոց՝ որոնցից 3-ը մարդատար, իսկ 1-ը բետոնախառնիչ։

«Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ն հիմնադրամին փոխանցել է 10 մլն դրամ, «Սիգնիֆիքնթ» ՍՊԸ-ն՝ 2 մլն դրամ։

«Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ-ն Հիմնադրամին նվիրաբերել է 10 մլն դրամ։ Հիշեցնենք, որ 2025 թվականի ապրիլին հայտնի դարձավ, որ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի տնօրենն իր աշխատակցի միջոցով կաշառել է ընկերություն ստուգման եկած տեսուչին՝ Դեբեդ գետից վերցրած ջրի նմուշները կեղծելու դիմաց: Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդում է, որ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցը գումար եւ բենզինի կտրոններ է ստացել, որպեսզի գետի տարբեր հատվածներից վերցված իրական նմուշները փոխի կեղծ նմուշներով։

Թե՛ ընկերության տնօրենը, թե՛ կաշառքի համար միջնորդ դարձած աշխատակիցն ու թե՛ Դեբեդի աղտոտվածությունն ստուգող բնապահպան-տեսուչը մեղադրվում են կաշառք տալու եւ ստանալու հոդվածներով: Հարցական է, թե այս նվիրատվությունը այս երեք օղակից որեւէ մեկին կփրկի, թե ոչ։

Հետաքրքիրն այն է, որ նվիրատուների ցանկում գեթ մեկ պատահական անձ չկա, ինչն էլ հարցեր է առաջացնում։

 

 

 

 

 

3

Ի՞նչ մեքենայի հարց է քննարկվել Քննչական կոմիտեում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ։

Երեկ ArmLur.am-ը հայտնեց, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցաքննության էր հրավիրվել ՀՀ քննչական կոմիտե՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գործով հարցաքննվելու նպատակով։

«Ժողովուրդ» օրաթերթին իրավապահ համակարգից տեղեկություններ են  հասել կայացած հարցաքննությունից։ Մասնավորապես, թե Շահրամանյանին ինչ հարց է ուղղվել Բագրատ սրբազանի գործով։

Հարցերից մեկը կապված է եղել այն հանգամանքի հետ, թե ինչպես 2024 թվականի հունիսի 21-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն իր մեքենան նվիրեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին։

Ինչպես հայտնի է, ՀՀ ՆԳՆ ոստիկանության հատուկջոկատայինները կոտրել  էին ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դարպասը, հատուկ տեխնիկայի միջոցով այնտեղից տարել Շահրամանյանին սպասարկող մեքենան, ինչից հետո Բագրատ սրբազանը իր մեքենան նվիրեց Սամվել Շահրամանյանին։

Թերեւս սա էր կապը Բագրատ սրբազանի եւ Արցախի նախագահի միջեւ, դրա համար էլ վերջինիս հարցաքննել են «ահաբեկչության» գործով:

 

 

4

Փաշինյանը գնում է կաթողիկոսին ձերբակալելու ճանապարհով. սցենարի հետքերով

Նիկոլ Փաշինյանի իշխանությունն արդեն իր պլանի իրագործման վերջին փուլին է մոտենում:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ Արշակ սրբազանի կալանավորումից հետո, հաջորդ փուլով Փաշինյանն անցնելու է  Կաթողիկոսի կալանքի հարցին, քանի որ վերջինս չի պատրաստվում զիջման գնալ:

«Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանն ամեն գնով ցանկանում է իր կողմը անցած, Կաթողիկոսին դավաճանած Սրբազանների թիվն ավելացնել, ովքեր պետք է նաեւ հայտարարեն Կաթողիկոսի հրաժարականի պահանջի մասին՝ հանուն եկեղեցու, հոգեւոր կյանքի նորոգման:

Ըստ իշխանական մեր աղբյուրների՝ իրավապահներն աշխատում են այդ ուղղությամբ ու առաջիկայում պետք է Կաթողիկոսին տանեն կալանքի: Կհարցնեք՝ ինչ հիմքով… Կարեւոր չէ, գլխավորն այն է, որ Վեհափառ հայրապետը հայտնվի մեկուսացման մեջ, որից հետո արդեն համացանցում կհայտնվի նրա հրաժարականի տեքստը: Եվ ամենեւին էական չէ՝ այդ նամակը իրական կլինի, թե ֆեյք: Գլխավորը՝ կլինի Գարեգին Բ-ի անունից հրաժարականի տեքստ, եւ Կաթողիկոսի հեռացման պրոցեսը կսկսվի:

 

 




Լրահոս