Armenian text to speach

ՊԵՐՈՒՀԻ ԿԱԼԱՆԱՎՈՐԻՆ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԱՐՏԱՀԱՆՁՆԵԼ ՊԵՐՈՒ. ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով՝ 1,5 կգ կոկաին Հայաստան բերած Պերուի Հանրապետության քաղաքացի Մարիա Ալվարադո Ֆլորեսին պատրաստվում են արտահանձնել իր հայրենիք՝ Պերու։ ՀՀ արդարադատության նախարարությունում այս ուղղությամբ հետաքրքիր եւ ծավալուն գործընթաց է մեկնարկել, որի մասին քննարկեցինք անձամբ նախարար Սրբուհի Գալյանի հետ։

 

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը «Կյանքը ճաղերի հետեւում» հաղորդաշարի շրջանակում առանձնազրույց էր ունեցել հենց Մարիա Ալվարադո Ֆլորեսի հետ։ Նրա դեմ մեղադրանք էր առաջադրվել այն հիմքով, որ Պերուում անհայտ անձից վերցնելով 1,5 կգ կոկաին՝ թմրամիջոցը թաքցրել էր երկու ճամփորդական ուսապարկերի գաղտնարաններում եւ տեղափոխել Հայաստան՝ այն այստեղ փոխանցելու նպատակով։ Թմրամիջոցը բացահայտվել էր «Զվարթնոց» օդանավակայանում։ 2015 թվականին դատարանը նրան դատապարտել էր 15 տարվա ազատազրկման, որոնցից 10 տարին արդեն անցկացրել է կանանց քրեակատարողական հիմնարկում։

-Տիկի՛ն Գալյան, «Ժողովուրդ» օրաթերթը խոսել էր Մարիա Ալվարադո Ֆլորեսի հետ եւ ներկայացրել նրա պատմությունը։ Ի՞նչ աշխատանքներ են այժմ իրականացվում եւ հնարավո՞ր է, որ նրան արտահանձնեն Պերուին։

-Մենք իսկապես մեծ աշխատանք ենք տանում այս ուղղությամբ։ Կապվել ենք Պերուի գործընկերների հետ՝ քննարկելու նրա տեղափոխման հնարավորությունը։ Պերուական կողմը սկզբունքորեն համաձայնել է, սակայն պայմանով, որ տեղափոխման ֆինանսական ծախսը կրի Հայաստանի Հանրապետությունը։ Հաշվի առնելով, որ անկախ ամեն ինչից մեր պետությունը ֆինանսական միջոցներ է տրամադրում նրան Հայաստանում պահելու համար, ինչպես նաեւ այն, որ կնոջ երեխաները Պերուում են, մենք որոշել ենք, որ կարող ենք ստանձնել այդ ծախսը։ Այժմ սպասում ենք Պերուի վերջնական արձագանքին, որպեսզի կարողանանք կազմակերպել տեղափոխման գործընթացը։

-Այսինքն՝ նախադրյալները առկա՞ են։

-Այո՛, նախադրյալները կան, սակայն գործընթացը լիովին մեզնից կախված չէ։

Զրուցեց ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ

 

 




Լրահոս