Armenian text to speach

ՈՎ Է ՔՆՆՈՒՄ ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆԻ ԳՈՐԾԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանի վերաբերյալ հարուցված քրեական գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանին, որը, ինչպես արդեն հայտնել էինք, եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու։ Նրա վարույթում է գտնվում նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը։

 

Հովիկ Հովսեփի Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն հիմքով, որ նա, լինելով ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր եւ իրականացնելով իշխանական լիազորություններ, հետեւաբար հանդիսանալով պաշտոնատար անձ, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ իրավասու լինելով հարցումներ ու առաջարկներ ուղղել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց, իր պաշտոնեական դիրքն ու դրանից բխող ազդեցությունը օգտագործելով՝ պահանջել եւ անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերի կաշառք՝ ընդհանուր 11.229.370 դրամ:

Ըստ գործի նյութերի՝ 2023 թվականի օգոստոսի 10-ին Սլավիկ Պողոսյանը եւ Աշոտիկ Կամավոսյանը, պայմանավորվածության համաձայն, հանդիպել են Հովիկ Աղազարյանին՝ ՀՀ Ազգային ժողովի վարչական շենքի մոտ՝ Երեւանի Սիրահարների այգում։ Հանդիպման ընթացքում Աշոտիկ Կամավոսյանը հայտնել է, որ կարողացել է գումարել 20.000 ԱՄՆ դոլար եւ առաջարկել է այն փոխանցել Աղազարյանին՝ պայմանավորված գումարի մնացած մասը վճարելու պայմանով՝ կենդանիների յուրաքանչյուր խմբաքանակի արտահանման ժամանակ։ Սակայն Աղազարյանը հրաժարվել է գումարը ստանալ՝ նշելով, որ նախապես սահմանված չափը հաշվի առնելով՝ ինքը արդեն պայմանավորվածություններ է ձեռք բերել որոշ պաշտոնատար անձանց հետ, եւ այդ պատճառով 20.000 դոլարը չի ընդունել։

Ընդհանուր առմամբ պարզվել է, որ Աղազարյանը, լինելով ԱԺ պատգամավոր եւ պաշտոնատար անձ, անձամբ իր համար պահանջել է ապօրինի վարձատրություն՝ խոստանալով օգտագործել իր ենթադրյալ ազդեցությունը այլ պաշտոնատար անձի վրա, որպեսզի վերջինս իր հերթին կատարի տացողի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս