«Ժողովուրդ» օրաթերթը Ազգային ժողովում կարճ ճեպազրույց ունեցավ ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր Կնյազ Հասանովի հետ՝ քննարկելով նրա առաջադրման փաստը եւ հնարավոր վերադարձը քաղաքական դաշտ՝ 8-րդ գումարման խորհրդարանում մանդատ ստանալու նպատակով։
-Պարո՛ն Հասանով, Դուք դիմել եք ՔՊ նախընտրական ցուցակում ընդգրկվելու համար։ Ստացվում է՝ պետք է վճարեք 1,5 միլիոն դրամ կուսակցության անդամակցության համար։ Ո՞րն էր Ձեր դրդապատճառը, եւ ինչո՞ւ եք ցանկանում լինել հաջորդ խորհրդարանում։
-Ես դեռեւս որեւէ վճարում չեմ կատարել, եւ եթե նման տեղեկություն շրջանառվի, ապա այն սխալ է։ Ես կուսակցության անդամ չեմ։ Թեեւ անխտիր մասնակցել եմ կուսակցության բոլոր միջոցառումներին, ազգային փոքրամասնությունների համար գործում է առանձնահատուկ կարգ, որը մյուս համամասնական թեկնածուների վրա չի տարածվում։ Խոսքը Դոնթի բանաձեւի մասին է, ըստ որի՝ տարբեր կուսակցություններ կարող են նույն ազգային փոքրամասնությունից առաջադրել թեկնածուներ, իսկ ընտրություններից հետո՝ ըստ ստացված տոկոսների, որոշվում է՝ որ ազգային փոքրամասնության ներկայացուցիչը որ կուսակցության ցուցակով է անցնում։
Օրինակ բերեմ. երբ ես 6-րդ գումարման ԱԺ-ում պատգամավոր էի, նույն ազգային փոքրամասնության մյուս ներկայացուցիչը անցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով։ 7-րդ գումարման խորհրդարանում նույնպես տեղի ունեցան փոփոխություններ՝ ասորիներն իրենց տեղը փոխեցին այլ թեկնածուների հետ։ Այսինքն՝ ամեն ինչ որոշվում է Դոնթի բանաձեւով, եւ պարզ կլինի միայն ԿԸՀ հաշվարկներից հետո՝ արդյոք ես կներգրավվեմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ցուցակում, թե ոչ։ Ամեն դեպքում՝ ես առաջադրվել եմ եւ մեծ ցանկություն ունեմ կրկին աշխատելու։
-Պարո՛ն Հասանով, եթե ստացվի այնպես, որ խորհրդարան անցնեք այլ կուսակցության ցուցակով, դա Ձեզ համար ընդունելի կլինի՞։
-Ես այլ կուսակցության միջոցով չեմ կարող համագործակցել։ Հնարավոր է, որ իմ ազգակիցներից այլ մեկը առաջադրվի որեւէ այլ կուսակցության կողմից։ Բայց կրկին՝ ամեն ինչ որոշվելու է տոկոսային հարաբերությամբ՝ ըստ Դոնթի բանաձեւի։ Դա ոչ թե իմ որոշումն է, այլ ԿԸՀ-ի հաշվարկի արդյունքը։
Զրուցեց ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ
ԻՏԱԼԻԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՁԵՌՔ Է ՄԵԿՆՈՒՄ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։
Մելոնին վերահաստատել է Իտալիայի համերաշխությունն Ուկրաինային քաղաքացիական թիրախների վրա Ռուսաստանի նոր հարվածներից հետո եւ հայտարարել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին եւ բնակչությանն աջակցելու համար օգնության պարագաներ ուղարկելու մասին։
Հայտարարության մեջ նշվել է, որ իտալական ընկերությունների կողմից մատակարարված գեներատորները կուղարկվեն առաջիկա շաբաթներին։
Իտալիայի վարչապետը նաեւ վերահաստատել է իր աջակցությունը շարունակվող բանակցություններին եւ ԱՄՆ-ի գլխավորած ջանքերին՝ «արդար եւ երկարատեւ խաղաղություն» ապահովելու համար։
Նա ողջունել է Կիեւի պատրաստակամությունը՝ բարի կամքով մասնակցելու եւ կոչ է արել Մոսկվային նմանատիպ պատրաստակամություն ցուցաբերել։
Զելենսկին իր հերթին X-ում կատարած գրառման մեջ երախտագիտություն է հայտնել Իտալիային էներգետիկ ենթակառուցվածքներին աջակցելու նպատակով առաջիկա օրերին սարքավորումներ մատակարարելու համար։
«Մենք քննարկեցինք ամերիկյան կողմի հետ մեր համագործակցության արդյունքները, ինչպես նաեւ առկա հեռանկարներն ու մարտահրավերները։ Դեռեւս կա համատեղ աշխատանք կատարելու՝ ապահովելու, որ Ռուսաստանն իսկապես հանձնառու լինի պատերազմի դադարեցմանը։ Իտալիան հստակորեն աջակցում է իրական անվտանգության եւ պատերազմի վերսկսման ցանկացած բռնկում կանխելու անհրաժեշտությանը։ Մենք համատեղ ջանքեր ենք նախապատրաստում Եվրոպայում՝ դիվանագիտությունն արդյունավետ դարձնելու համար», – նշել է նա գրառման մեջ։
Զելենսկին, ինչպես ակնկալվում է, առաջիկա օրերին կհանդիպի եվրոպացի առաջնորդների հետ՝ գրեթե չորս տարի տեւած հակամարտությանը վերջ դնելու վերաբերյալ խորհրդակցությունների շրջանակներում։
42-ԱՄՅԱ ԿՆՈՋԸ ՍՊԱՆՈՂԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵՑ
Քննչական կոմիտեից հայտնել էին, որ 42-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել մեկ անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 10-րդ կետերով (սպանությունը՝ առանձին դաժանությամբ, շահադիտական դրդումներով) եւ 252-րդ հոդվածի 1-ին մասով (ավազակությունը)։ Վերջինս կալանավորվել է։
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ 42-ամյա կնոջը դանակի մի քանի հարվածներով սպանողին հայտնաբերել են Մեծամորում։ Ավելին, Armlur.am-ի տեղեկություններով, 42-ամյա Արմինե Մկրտումյանին սպանելուց հետո ենթադրյալ մարդասպանը նրա վզնոցն ու ականջօղները գողացել է, տարել եւ գրավադրել:
ArmLur.am-ի փոխանցմամբ, քրեական ոստիկանների աշխատանքի արդյունքում հայտնաբերվել են նաեւ զարդերը։
Հիշեցնենք, որ Արմինե Մկրտումյանը անհետ կորած էր համարվում, ավելի ուշ նրան գտան սպանված։ Ենթադրյալ մարդասպանը տաքսու վարորդ է ու, ըստ նախնական տվյալների, կնոջը առանձնակի դաժանությամբ սպանել էին՝ նրա ոսկյա զարդերը գողանալու նպատակով։
Shamshyan.com-ը գրել էր, որ Արմավիրի մարզի քաղաքներից մեկում հայտնաբերել ու ոստիկանության Վաղարշապատի բաժին են տեղափոխել Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Երվանդ Ա.-ին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինը փաստերի ճնշման տակ խոստովանել է, որ ինքն է սպանել Արմինե Ա.-ին, երբ իր կողմից վարած «Renault» մակնիշի ավտոմեքենայով իր զոհին որպես պատվիրատու տեղափոխելիս է եղել: Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի որոշմամբ՝ Երվանդ Ա.-ն ձերբակալվել է:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԱՐԱՄ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է ՀԱԿԱԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԱՐՇԱՎԸ
Արամ Առաջինը քննադատել է Հայաստանի իշխանությունների հակաեկեղեցական արշավը։
«Երբ Հայաստանում անարդարություն է կատարվում, Անթիլիասը ո՛չ է ասում։ Երբ Հայաստանում արժեքներն են արհամարհվում եւ խորհրդանիշներն են անտեսվում, Անթիլիասը ո՛չ է ասում եւ ո՛չ է ասել միշտ: Երբ Հայաստանում եկեղեցին ու եկեղեցականները տեսակ-տեսակ հալածանքների եւ ձերբակալությունների են ենթարկվում, Անթիլիասը այդ քաջությունը ունեցած է եւ ունի ո՛չ ասելու: Երբ Հայաստանում, ի վնաս մեր ժողովուրդի շահերի համազգային մեր գերագույն իդեալները անտեսվում են, Անթիլիասը ո՛չ է ասել եւ ո՛չ պիտի ասի», – Կիպրոսում պատարագի ժամանակ ասել է նա։
ՋԱՆՔԵՐ՝ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը Չինաստան կատարելիք իր այցի նախաշեմին՝ դեկտեմբերի 7-ին, կոչ էր արել Պեկինին օգտագործել Ռուսաստանի վրա ունեցած իր ազդեցությունը՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար։
«Ուկրաինայի դեմ ռուսաստանյան ագրեսիվ պատերազմը, որը սպառնում է Եվրոպայում մեր անվտանգության կարեւորագույն շահերին, ցույց է տալիս, թե որքան սերտ են փոխկապակցված անվտանգությունը, բարգավաճումն ու ազատությունը Ասիայում եւ Եվրոպայում։ Հրադադարի հասնելուն ուղղված դիվանագիտական ջանքերն ամբողջ թափով են ընթանում։
Իմ ելույթներում ես կկրկնեմ, որ ոչ մի այլ երկիր Ռուսաստանի վրա չունի այնպիսի ազդեցություն, ինչպիսին Չինաստանը, եւ չի կարող իր կշիռն օգտագործել այն աստիճան, որ Ռուսաստանին ի վերջո մղի Ուկրաինայի ինքնիշխանությունը հարգող լուրջ բանակցությունների պատրաստակամության։ Մեր շահերից է բխում, որ Չինաստանը նպաստի Ուկրաինայում արդար եւ կայուն խաղաղության հասնելուն», – ասված է Վադեֆուլի ուղերձում։
Ըստ Գերմանիայի արտաքին գործերի նախարարի՝ միջազգային աճող լարվածության եւ աշխարհաքաղաքական ցնցումների շրջանում Չինաստանի հետ տեղեկատվության ուղիղ, ինտենսիվ փոխանակումն անհրաժեշտ է, նույնիսկ՝ անփոխարինելի։
«Մենք պետք է եւ ցանկանում ենք մշտապես կառուցողականորեն փնտրել Չինաստանի հետ միջազգային հրատապ խնդիրների համատեղ լուծման ուղիներ»,- ընդգծել է նա:
























