Armenian text to speach

ԽՈՒԶԱՐԿԵԼ ԵՆ ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉԻ ՏՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am–ին հասած տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի կալանավորված ամբիոնի վարիչի տանը իրականացվել է խուզարկություն, որի ընթացքում իրավապահները հայտնաբերել ու առգրավել են մի շարք խմիչքներ։ Մասնավորապես՝ հայտնաբերված կոնյակն իրավապահները եւս կարեւոր են համարել քրեական վարույթի շրջանակում։ Սակայն դեռ հստակ չէ, թե կոնյակը ում կողմից կամ ինչի դիմաց է փոխանցվել։ Կալանավորված ամբիոնի վարիչի հետ ձերբակալվածներից մեկը բուհի նախկին ուսանող է։

 

Ավելին՝ ամբիոնի վարիչի հարազատները ահազանգում են, որ վերջինս ունի կալանքի հետ անհամատեղելի առողջական խնդիրներ, սակայն իրավապահ համակարգին ներկայացված միջնորդությունները մերժվել են, եւ գործընթացը շարունակվում է։

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն կալանավորել է ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի ամբիոնի վարիչին՝ կաշառք ստանալու մեղադրանքով։ Եվս երկու անձ ձերբակալվել է՝ համապատասխանաբար կաշառք ստանալուն օժանդակելու եւ կաշառք տալու մեղադրանքներով։ Նրանց նկատմամբ կալանք կիրառելու միջնորդությունները դատարանը բավարարել է։

Նշենք նաեւ, որ 2025թ. հոկտեմբերի 17-ին նույն մարմնի կողմից իրականացվող մեկ այլ քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել էին Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գեւորգյանը եւ պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեի փոխանցմամբ, նրանք մեղադրվում են համալսարանի աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու եւ ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերի վատնում եւ խարդախություն կատարելու, ինչպես նաեւ կաշառք ստանալու համար։ Գործի շրջանակում ձերբակալվել էին նաեւ համալսարանի այլ աշխատակիցներ։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԵԿԵՂԵՑՈՒ «ՆՈՐՈԳՄԱՆ» ՔԱՐՏԵԶ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում ներկայացրել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նորոգման ճանապարհային քարտեզ Կտրիճ Ներսիսյանի հեռացումից հետո.

«1. Կաթողիկոսական տեղապահի ընտրություն՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում գործող մեխանիզմների տրամաբանությամբ։

  1. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կանոնագրքի ընդունում. Կանոնագիրը պետք է անդրադառնա.

ա) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգեւորականի բարեվարքության կանոններին եւ դրանց ապահովման երաշխիքներին,

բ) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ֆինանսական թափանցիկությանը եւ դրա ապահովման երաշխիքներին,

գ) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ապաքաղաքական լինելու անհրաժեշտությանը եւ դրա ապահովման երաշխիքներին,

դ) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու գործունեության համապատասխանությանը ՀՀ Հարկային օրենսդրությանը եւ դրա ապահովման երաշխիքներին. ՀՀ օրենսդրությունը իր հերթին կնախատեսի երաշխիքներ, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու գործունեությունից գոյացած եւ պետական բյուջե վճարված հարկերը եւ տուրքերը ամբողջությամբ կվերադարձվեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն,

ե) հոգեւոր ծառայողների սոցիալական երաշխիքներին եւ դրանց ապահովման երաշխիքներին այնպես, որ հոգեւոր ծառայողները կուտակային կենսաթոշակային համակարգից, եկամտային հարկի վերադարձից, սոցիալական կրեդիտներից, առողջապահության համընդհանուր ապահովագրությունից լիարժեք օգտվելու հնարավորություն ստանան (ներկայումս հոգեւոր ծառայողների հիմնականում չեն օգտվում այդ համակարգերից, վարձատրության արձանագրված համակարգ չունենալու պատճառով)։

  1. Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրություններ՝ համաձայն նոր Կանոնագրքի։

Հ.Գ. Կանոնագիրը քննարկում եւ ընդունում է նման իրավասություն ունեցող եկեղեցական մարմինը։ Տեղապահի միջնորդության դեպքում, Կառավարությունը խորհրդատվական աջակցություն կցուցաբերի Կանոնագրքի նախագծի մշակման աշխատանքներին»,- նշված է գրառման մեջ։

 

 

 

ԱԽՔ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ՝ ԴՈՀԱՅՈՒՄ

Դոհա կատարած աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի անվտանգության խորհրդի  քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Կատարի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Համադ Քամիս ալ-Քուբայիսիի հետ:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակը։ Կողմերն անդրադարձել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նախաստորագրված համաձայնագրին, տարածաշրջանում հաստատված խաղաղությանը եւ ապաշրջափակման համատեքստում առաջացող տնտեսական լայն հնարավորություններին ու դրանցում Կատարի հնարավոր մասնակցությանը:

Արմեն Գրիգորյանն ու Համադ Քամիս ալ-Քուբայիսին քննարկել են Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող գործընթացները, ինչպես նաեւ արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակը:

 

 

 

ՇՄ ՆԱԽԱՐԱՐԸ ԳՈՐԾՈՒՂՎԵԼ Է ՔԵՆԻԱ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթեւոսյանը գործուղվել է Քենիայի Հանրապետություն (Նայրոբի)՝ ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ասամբլեայի 7-րդ նստաշրջանին (UNEA-7) մասնակցելու նպատակով։

UNEA-ն անցկացվում է երկամյա պարբերականությամբ եւ հանդիսանում է բարձր մակարդակի ամենախոշոր հարթակներից մեկը՝ նվիրված գլոբալ բնապահպանական քաղաքականությանը եւ օրակարգերին։ UNEA-7-ը փաստացի նաեւ COP17-ից առաջ կայանալիք վերջին խոշորագույն բարձրաստիճան միջազգային միջոցառումներից է։

Նախարարի մասնակցությունը միջոցառմանը կարեւոր նշանակություն ունի՝ որոշումների կայացման գործընթացում լիարժեք ներգրավված լինելու, անհրաժեշտ գործընկերային կապերի եւ հաղորդակցությունների ստեղծման, ինչպես նաեւ բանակցային աշխատանքների պատշաճ ապահովման տեսանկյունից։

Նախարար Համբարձում Մաթեւոսյանը կունենա մի շարք երկկողմ հանդիպումներ եւ առանցքային միջոցառումներին հանդես կգա ելույթներով։

UNEA-7-ի շրջանակում նախատեսվում է նաեւ COP17-ի լոգոյի թողարկումը եւ հայեցակարգի ներկայացումը՝ կարեւոր ազդակ հանդիսանալով առաջիկա գագաթնաժողովի հաղորդակցային եւ քաղաքական օրակարգի համատեքստում։

 

 

 

«ՄԻՋԱՆՑՔ» ԵԶՐՈՒՅԹՆ ԸՆԴՈՒՆԵԼԻ ՉԷ ՄԵԶ ՀԱՄԱՐ

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը վերահաստատել է, որ Հայաստանի տարածքով անցնող ճանապարհի վերաբերյալ Ադրբեջանի կողմից կիրառվող «միջանցք» եզրույթն ընդունելի չէ հայկական կողմի համար։

Այս մասին Գրիգորյանը նշել է Դոհայում ընթացող ֆորումի շրջանակներում կայացած «Հայաստան-Ադրբեջան տեւական խաղաղություն. Վաշինգտոնյան համաձայնագիրը եւ համատեղ ապագան» թեմայով պանելային քննարկման ընթացքում, որին մասնակցել  է նաեւ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը։

«Վաշինգտոնի գագաթնաժողովում Հայաստանի, Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի ղեկավարները ստորագրել են փաստաթուղթ, որում այդ ճանապարհը կոչվում է TRIPP, մենք խոսում ենք այս եզրույթի մասին։ Եվ մենք վստահ ենք, որ TRIPP-ը մեծ հնարավորություններ կբացի ոչ միայն տարածաշրջանի, այլեւ բիզնեսների ու երկրների համար, որոնք գտնվում են տարածաշրջանից դուրս», – ասել է Գրիգորյանը։

Քննարկման ընթացքում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը հայտարարել էր, որ կարեւոր է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունը տրանսպորտային հաղորդակցության եւ կապակցվածության վերաբերյալ՝ շեշտելով, որ այս կոնտեքստում Ադրբեջանում կիրառում  են «Զանգեզուրի միջանցք» տերմինը։ Շարունակելով միտքը՝ Հաջիեւը շեշտել էր՝ Ադրբեջանում գիտեն, որ այս հարցում հայկական կողմն այլ մոտեցում ունի՝ հույս հայտնելով, որ երկու երկրների միջեւ միակ խնդիրը կլինի տերմինոլոգիան։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրել են հռչակագիր, որի 4-րդ կետով, մասնավորապես, սահմանվում է.  «Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։

Ավելի ուշ ՀՀ վարչապետը ԱԺ-ում հայտարարել է, որ «Թրամփի ուղու» շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել 2026 թվականի երկրորդ կեսին։

«Մինչեւ այս տարվա վերջ թղթի վրա պետք է նկարագրենք բոլոր մանրամասները։ 2026 թվականի առաջին կեսին պետք է համաձայնեցնենք, իսկ երկրորդ կեսին պետք է սկսենք շինարարական աշխատանքները։ Սա է պլանը», – ասել էր վարչապետը։

 

 

 

 




Լրահոս