Armenian text to speach

ՑՄԱՀ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԸ ԲԱՆՏԻՑ ԱՀԱԶԱՆԳՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

5 տարի առաջ ազատ արձակված ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանը այժմ կալանավորված է, նրա փաստաբան Հովհաննես Համբարձումյանը «Ժողովուրդ» օրաթերթին բաց նամակ է ուղարկել, որտեղ դիմում է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։

 

Վերջինս գլխավոր դատախազից արդարություն է խնդրում. «Ի սկզբանե չեմ ընդունել ինձ առաջադրված մեղադրանքները, քանի որ երբեւէ որեւէ առնչություն չեմ ունեցել որեւէ տեսակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ, մասնավորապես այս դեպքում որեւէ տեղեկություն չեմ ունեցել, որ մեքենաներում թմրամիջոցներ կան։

Անցած ամիսների ընթացքում համապատասխան կառույցների կողմից կատարվել են լայնածավալ քննչական, դատավարական եւ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ, խուզարկվել են մեքենաների կցորդիչները, որոնց մեջ ոչինչ չի հայտնաբերվել, հերքվել է այդ փաստական տվյալը։ Խուզարկվել են իմ բնակության հասցեն, բջջային հեռախոսներս, բանկային տվյալները եւ այլն։ Այս ամենի արդյունքում որեւէ տեղեկություն, փաստական տվյալ կամ ապացույց չի հայտնաբերվել, որ ես երբեւէ զբաղվել կամ զբաղվում եմ թմրաշրջանառությամբ։

Հարգելի՛ տիկին դատախազ, սույն բաց նամակով խնդրում եմ Ձեզ, որպեսզի Ձեր անմիջական միջամտությամբ դադարեցվի քրեական հետապնդումը, քանի որ, ինչպես նշել եմ, ես որեւէ անօրինական, քրեորեն պատժելի արարք չեմ կատարել, ուժերիս եւ ժամանակիս ներածին չափ փորձել եմ օգտակար լինել հասարակությանը»։

Հիշեցնենք, որ 2025 թվականի օգոստոսի 5-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ ՀՀ երեք քաղաքացիներ, որոնցից մեկը նախկինում ցմահ դատապարտված եւ պայմանական վաղաժամկետ ազատված, հանցակցելով այլ երկրում գտնվող անձանց հետ, իրացնելու նպատակով մաքսանենգությամբ Հայաստան են տեղափոխել առանձնապես խոշոր չափերով «Մեթամֆետամին» եւ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ, որից հետո ձերբակալվել են ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների կողմից։

Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։

Կոմիտեն չէր հայտնել, ով է ցմահ դատապարտյալը։ ArmLur.am-ի բացառիկ տեղեկություններով՝ նա Աշոտ Մանուկյանն է, որը ազատ էր արձակվել 3 տարի առաջ։ Ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանը դատապարտվել է 24 տարի առաջ 3 զինվորների սպանության համար, ինքը նույնպես զինծառայող է եղել։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՄԵՂԱԴՐՎՈՒՄ ԵՆ ԿԱՇԱՌՔ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի գլխավոր մասնագետն ու համապատասխան ստորաբաժանման ղեկավարը  նախնական համաձայնությամբ, խմբի կազմում կաշառք են պահանջել եւ ստացել:

Հակակոռուպցիոն կոմիտեից  հայտնում են, որ, մասնավորապես, պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձինք, նախապես տեղյակ լինելով նույն վարչական շրջանում գտնվող ավտոտնակների զբաղեցրած հողամասերի վարձակալության պայմանագրերի ժամկետները լրացած լինելու մասին, վարձավճարների իրական չափերը նվազեցնելու եւ պայմանագրերի երկարաձգման գործընթացն անխոչընդոտ իրականացնելու, ինչպես նաեւ ավտոտնակների սեփականատիրոջ անունից պատկան մարմիններ դիմումներ մուտքագրելու համար նրանից  պահանջել եւ ստացել են կաշառք:

Կաշառք ստանալու համար գլխավոր մասնագետին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: Քրեական օրենսգրքի նույն հոդվածով  մեղադրանք է ներկայացվել նաեւ ստորաբաժանման պետին, ում նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ՀՀ-ից բացակայելու արգելքն ու պաշտոնավարման կասեցումը: Մեղադրանք է ներկայացվել նաեւ պաշտոնատար անձանց կաշառք տված ավտոտնակների սեփականատիրոջը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, եւ վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

 

 

ՄԱՀՎԱՆ ԵԼՔՈՎ ՎՐԱԵՐԹ

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործություննեի քննության բաժնի ավագ քննիչ Նարեկ Պետրոսյանի որոշմամբ՝ ձերբակալվել է Երեւանում հաշվառված 29-ամյա Գոհար Մանուկյանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 23։26-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երեւան քաղաքի Պռոշյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Hyundai», «Tesla», «Kia», «Opel», «BYD», «Nissan» եւ «Hyundai» մակնիշների ավտոմեքենաները. ինչի հետեւանքով «Kia» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Tesla» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները փակել են «Kia» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնը եւ հոսանքազրկել «Tesla» մակնիշի ավտոմեքենան։

 

 

ՁԿՆԱԳՈՂՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի 4-ին Տավուշի մարզի պարեկները Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում հայտնաբերել են «ՎԱԶ 2104» մեքենա՝ սիգ ձկնատեսակով բեռնված։ Լոռու մարզի Սպիտակ համայնքի բնակիչ 58-ամյա վարորդը մեքենայով հանդերձ տեղափոխել է Համայնքային ոստիկանության Սեւանի բաժին:

Պարզվել է, որ 58-ամյա տղամարդու մեքենայում 210 սիգ տեսակի ձուկ կա. բուսական եւ կենդանական աշխարհին պատճառված վնասի չափը գնահատվել է 470-500 հզ. դրամ։ Տղամարդը հայտնել է, թե հայտնաբերվածը ձեռք է բերել անծանոթ անձից:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 20-ից փետրվարի 1-ը Սեւանա լճում խստիվ արգելվում է սիգի արդյունագործական որսը։

Որսի կանոնները խախտելու, ինչպես նաեւ ապօրինի որսի դեպքում նախատեսվում են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ։

 

 

 

 

ՕՊԵՐԱՏԻՎ ԻՐԱՎԻՃԱԿ

ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 5-8-ը:

Բացահայտվել է 246 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

59 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,

26 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,

17 դեպք՝ խարդախության,

16 դեպք՝ ֆիզիկական ներգործության,

15 դեպք՝ հոգեկան ներգործության,

14-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության,

11 դեպք՝ փաստաթղթի կեղծիքի,

9 դեպք՝ սառը զենքի հայտնաբերման,

8 դեպք՝ խուլիգանության,

5 դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման,

4 դեպք՝ վստահված գույքի հափշտակման,

3-ական դեպք՝ ծառերը, թփերը ապօրինի հատելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու,

2-ական դեպք՝ համակարգչային հափշտակության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, բնակարանային գողության, թմրանյութի իրացման։

Բացահայտվել են նաեւ կողոպուտի, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, հողը փչացնելու, հրազեն հափշտակելու, հետամտելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու եւ այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է 7-ը, որից 5 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության։

Հայտնաբերվել է 24 հետախուզվող, կամավոր ներկայացել է 5-ը։

Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 3 դեպք։

 

 

 

ԹՄՐԱՆՅՈՒԹԻ ԻՐԱՑՈՒՄ

Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի եւ Ոստիկանության Գվարդիայի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 6-ի գիշերը՝ ժամը 3-ի սահմաններում, Հարավարեւմտյան Բ-2 թաղամասի շենքերից մեկի մոտ հայտնաբերել, թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել եւ բաժին են տեղափոխել Երեւանի բնակիչ 17-ամյա երկու աղջիկների։

Անձնական խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել է 64 փաթեթ՝ ընդհանուր 61,19 գրամ քաշով։ Պարզվել է, որ նրանք 16 փաթեթ արդեն տեղադրել էին Շենգավիթ եւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում։

Կազմված փաստաթղթերը եւ ձերբակալվածները ներկայացվել են նախաքննական մարմին։

 

 




Լրահոս