ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը դեկտեմբերի 8-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Միքայել սրբազանի գործին՝ ընդգծելով, որ վերջինս անհապաղ վիրահատության կարիք ունի եւ այդ հարցը արդեն բարձրացվել է իր կողմից։
«Ուզում եմ ձեր ուշադրությանը հրավիրել Միքայել Սրբազանի հետ կապված գործին: Միքայել սրբազանը անհապաղ վիրահատության կարիք ունի, ես նաեւ այդ հարցն եմ բարձրացրել:
Այդ զգայուն շատ կարեւոր հարցը պետք է օր առաջ լուծվի, Սրբազանին պիտի հնարավորություն ընձեռվի իր բժշկի հսկողությամբ եւ իր բժշկի անմիջական մասնակցությամբ բուժում ստանալու։ Ցավով ուզում եմ նաեւ ասել, որ այս տխուր վիճակագրությունը նաեւ մեզ զգոնության, սթափության առիթ է տալիս, որ այս հարցերի վերաբերյալ մենք այնպես պիտի անենք, որ այդ 23 մահվան դեպքը չդառնա 24։
Ցավով ուզում եմ նաեւ ասել, որ կարող է այդ 24-րդը, Աստված մի արասցե, լինի նաեւ սրբազան հայրը։ Ես պահանջատեր եմ լինելու, եւ իմ պահանջը պիտի անհապաղ բավարարվի, սրբազանը պիտի պատշաճ բուժօգնության արժանանա», – ասել է նա։
Դանիելյանը հավելեց, որ Մարդու իրավունքների պաշտպանին դիմում է ներկայացվել, սակայն այն հետ է վերադարձվել ձեւական խնդիրների պատճառով. «Խնդիրը բյուրոկրատական քաշքշուկների մեջ է։ Մենք ուղղում ենք անելու եւ դիտարկելու ենք՝ արդյոք դրանից հետո էլի արհեստական խոչընդոտներ կստեղծվեն, թե ոչ»։
Պատգամավորը շեշտեց, որ առաջին քրիստոնյա ժողովուրդ լինելով՝ «չենք կարող սրբազան հորը եւ մյուս սրբազաններին պահել այդ պայմաններում», քանի որ դա կարող է անդառնալի հետեւանքների բերել եւ «ոչ մեկին պատիվ չի բերում»։
ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում Սրբուհի Գալյանը արձագանքեց այս մտահոգություններին՝ նշելով. «Միքայել սրբազանի հետ կապված որեւէ ծայրահեղ խնդիր այս պահին արձանագրված չէ։ Կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները նրա առողջության պահպանման համար»։ Գալյանը պնդեց, որ համապատասխան դիմումը առողջապահական կառույցներին չի ներկայացվել։
Հիշեցնենք, որ մեղադրական եզրակացության համաձայն՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին մեղադրանք է առաջադրվել այն հիմքով, որ, լինելով Շիրակի թեմի առաջնորդ եւ օգտվելով իր ընտրազանգվածի ու հանրային հետեւորդների վստահությունից, 2024 թվականի փետրվարի 3-ին եւ 2025-ի հունիսի 21-ին ԶԼՄ-ների հետ հարցազրույցների ընթացքում հրապարակային կոչեր է հնչեցրել՝ իշխանությունը զավթելու ուղղությամբ։
ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ
ԱՆՏԱՌՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՓՈԽՏՆՕՐԵՆԻՆ ԾԵԾԵԼՈՒ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԸ 6 ՏԱՐԻ Է ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Ճամբարակի բնակիչ Հրայր Լազարյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2019թ. ապրիլի 15-ին Արծվաբերդի անտառտնտեսության տարածքում կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր եղանակով բռնություն է գործադրել տարածքում գարնանային ստուգումներ իրականացնող Արծվաբերդի անտառտնտեսության պահպանության գծով տնօրենի տեղակալ Նորայր Պապյանի նկատմամբ` երկու անգամ հարվածներ հասցնելով նրա կրծքավանդակին: Դա կատարվել է, երբ Պապյանը փորձել է կանխել Հ. Լազարյանի կողմից փայտանյութի ապօրինի դուրսբերումը: Մաթեւոս Լազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2019թ. ապրիլի 15-ին Արծվաբերդի անտառտնտեսության տարածքում Արմեն Շառյանի եւ Վահե Դանիելյանի հետ նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել Ն.Պապյանի նկատմամբ` ոտքերով հարվածելով նրա մարմնի տարբեր մասերին` նրա առողջությանը պատճառելով թեթեւ վնաս, երբ վերջինս փորձել է բացահայտել եւ արձանագրել Հ. Լազարյանի կողմից, Մ. Լազարյանի, Ա. Շառյանի եւ Վ. Դանիելյանի մասնակցությամբ փայտանյութի ապօրինի դուրսբերումը: Հ. Լազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով, Մ. Լազարյանին, Վ. Դանիելյանին եւ Ա. Շառյանին` 316 հոդվածի 2-րդ մասով: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը 2023թ. դեկտեմբերի 20-ին վճռել է Հ. Լազարյանին նշանակել պատիժ՝ ազատազրկում՝ 1 տարի 11 ամիս 26 օր ժամկետով։ Մ. Լազարյանին նշանակել պատիժ՝ ազատազրկում` 2 տարի 4 ամիս 18 օր ժամկետով, Վ. Դանիելյանին նշանակել պատիժ՝ ազատազրկում՝ 2 տարի 5 ամիս 1 օր ժամկետով. Ա. Շառյանին նշանակել պատիժ՝ ազատազրկում՝ 2 տարի 4 ամիս 8 օր ժամկետով:
Դատարանը վճռել է 4 մեղադրյալներին նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան 1 տարի ժամկետով։ Տավուշի մարզի դատախազությունը վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել` խնդրելով Մ. Լազարյանի, Վ. Դանիելյանի եւ Ա. Շառյանի նկատմամբ ազատազրկման ձեւով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով ճանաչել անթույլատրելի: 2024թ. մայիսի 7-ին վերաքննիչ դատարանը որոշել է Հ. Լազարյանի, Մ. Լազարյանի, Վ. Դանիելյանի եւ Ա. Շառյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել եւ քրեական գործի վարույթը կարճել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով: Այդ ժամանակ որպես գլխավոր դատախազի տեղակալ պաշտոնավարող Արթուր Պողոսյանը վճռաբեկ դատարան բողոք է ներկայացրել։ 2025 թ. հունիսի 25-ին վճռաբեկ դատարանը որոշել է Մ. Լազարյանի, Վ. Դանիելյանի եւ Ա. Շառյանի վերաբերյալ վերաքննիչ քրեական դատարանի 2024 թ. մայիսի 7-ի որոշումը բեկանել եւ նրանց մասով վարույթը փոխանցել վերաքննիչ քրեական դատարան։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




















































































