Armenian text to speach

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՕԴԻ ՈՐԱԿԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ՆՎԱԶՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանում օդի որակի ինդեքսի միջինացված արժեքները նոյեմբերին եղել  են չափավոր կամ զգայուն խմբերի համար անառողջ միջակայքում, իսկ դեկտեմբերի առաջին շաբաթվա վերջին կայաններից ստացված տվյալների համաձայն՝ ցուցանիշները նվազում են:

Այս մասին  Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում հայտնեց  Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի ժամանակավոր  պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանը՝ ներկայացնելով չափման սարքերից ստացված տվյալները:

Երեւան քաղաքի շինհրապարակներում տեղադրված օդի մոնիթորինգի 184 կայաններից ստացված տվյալների համաձայն՝ 2025 թվականի նոյեմբերին օդի ինդեքսի միջինացված արժեքը PM 2,5-ի համար կազմել է 142, իսկ PM 10-ի համար՝ 64: Այս արժեքները գտնվում են չափավոր կամ զգայուն խմբերի համար անառողջ միջակայքում:

«2024 թվականի նույն ժամանակահատվածում PM 2,5-ը կազմել է 101, PM 10-ը՝ 53:

2025 թվականի նոյեմբերի 20-30-ն ընկած ժամանակահատվածում AQI-ի (օդի որակի) ինդեքսի միջինացված արժեքը PM 2,5-ի համար կազմել է 180. սա այն ժամանակահատվածն է, երբ դիտվել է օդի որակի կտրուկ վատթարացում: Իսկ անցած շաբաթվա վերջի՝ կայաններից ստացված տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ տվիչների ցուցանիշները համեմատաբար նվազում են»,- ասաց նա:

 

 

 

«ՏԱԹԵՎԵՐ»-Ը՝ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՃՈՊԱՆՈՒՂԻ

«ՏաԹեւեր» ճոպանուղին չորրորդ անգամ արժանացել է հեղինակավոր միջազգային World Travel Awards մրցանակին՝ հաղթելով «աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում։ Հայկական ճոպանուղին այս տարի եւս գերազանցել է մրցակիցներին Բոլիվիայից, Բրազիլիայից, Վիետնամից, Կանադայից, Նոր Զելանդիայից, ԱՄՆ-ից եւ ՀԱՀ-ից։ Նախկինում «ՏաԹեւեր»-ը Հայաստանին այս անվանակարգում հաղթանակ էր բերել 2021, 2023 եւ 2024 թվականներին։

Բաց քվեարկության արդյունքներով «ՏաԹեւեր»-ի հաղթանակը հայտարարվել է Բահրեյնում World Travel Awards 2025 պաշտոնական մրցանակաբաշխության ժամանակ։

World Travel Awards մրցանակը համարվում է զբոսաշրջության ոլորտի ամենահեղինակավոր միջազգային մրցանակներից մեկը։ Այն ամեն տարի ճանաչում եւ պարգեւատրում է համաշխարհային զբոսաշրջության ու հյուրընկալության ոլորտներում ակնառու նվաճումները։ Մրցանակը հաճախ անվանում են զբոսաշրջային «Օսկար», քանի որ այն շնորհվում է ոլորտի լավագույն նախագծերին՝ կատարելագործման ձգտման, բարձրակարգ սպասարկման եւ նորարարական մոտեցումների համար։

 

 

 




Լրահոս