Տիգրան Սարգսյանի կառավարությունը երեկ արաբ շեյխին է նվիրել ՀՀ տարածքի մի մասը. խոսքը Կոտայքի մարզի Արտավազ գյուղի մոտ գտնվող 148 հա անտառի մասին է: Կառավարության երեկվա որոշմամբ անտառն անհատույց եւ անժամկետ տրվել է «ԷՅ ընդ ԷՄ ՌԵՅՐ» ընկերությանը:
Կառավարության երեկվա նիստում գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն անտառներն արաբներին նվիրելու փաստը հիմնավորել է այն հանգամանքով, որ «ԷՅ ընդ ԷՄ ՌԵՅՐ»-ն այդ գյուղում կառուցելու է քաղցրահամ եւ հանքային ջրերի շշալցման գործարան, ուստի շատ կարեւոր է, որպեսզի անտառները պահպանվեն անօրինական հատումներից ու պատահական հրդեհներից, քանի որ անտառները կարեւոր նշանակություն ունեն հանքային ջրերի պաշարների կուտակման համար: Ուշագրավն այն է, որ գյուղատնտեսության նախարար, «Օրինաց երկիր» կուսակցության անդամ Սերգո Կարապետյանն ինքն է խոստովանում, որ իրենք ի վիճակի չեն պաշտպանելու Հայաստանի անտառները: Ու սա ասում է գյուղատնտեսության նախարարը, որի գործառույթների մեջ չի մտնում անտառների պահպանությունը. դրա համար կա բնապահպանության նախարարություն, եւ առնվազն տարօրինակ է, որ Սերգո Կարապետյանը «թեւերը քշտել» եւ բնապահպանի դեր է ստանձնել: Դե իսկ բնապահպանության նախարարի համար գլխավորն իր տեղը պահելն է, թե անտառներն ում կնվիրեն, ոնց եւ ինչ պայմաններով, դա արդեն երկրորդական հարց է:
Այնպիսի տպավորություն է, որ ՀՀ կառավարությունը փորձում է մարդիկ գտնել` նրանց անտառներ նվիրելու համար, որպեսզի ծառերը հրդեհից կամ անօրինական ծառահատումներից պաշտպանեն: Սա կարելի է որակել ուղղակի խայտառակություն: Ավելին, բացառված չէ, որ նույն հաջողությամբ այս իշխանությունները մի օր էլ խոստովանեն, որ հարկավոր է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը տալ մի որեւէ օտար երկրի` հարձակումներից պաշտպանելու եւ ոչնչացումից փրկելու համար:
Իսկ եթե ավելի լուրջ, ապա «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս անդրադարձել է այս խնդրին. դեռեւս 2010թ. փետրվարի 25-ին կառավարությունը որոշում ընդունեց Արտավազ գյուղում 95 հա հողատարածքների նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու վերաբերյալ: Ու կառավարության որոշման օրն էլ «ԷՅ ընդ ԷՄ ՌԵՅՐ» ընկերությունը ստացավ պետական գրանցում, անմիջապես հայտ ներկայացրեց այդ հողերը ձեռք բերելու մասին: Եւ այդպես կառավարությունը, հանուն արաբ շեյխի, գյուղացիների ձեռքից խլեց այդ հողերը, որոնք, ի դեպ, ոչ միայն տնամերձ էին, այլեւ գյուղատնտեսական նշանակության:
Այսինքն` արաբ շեյխին սովորական հանքային ջրերի գործարան կառուցելու համար չի բավականացրել 95 հա հողատարածքը, որը նա վերցրեց գյուղացիներից` գերակա շահ ճանաչելով նրանց սեփականությունը, հիմա էլ 148 հա անտառը սեփականաշնորհեց: Թե այդ ինչ հսկայական գործարան է կառուցելու արաբը, կասկածելի է: Հավանաբար այդտեղ ոչ թե ջրերի գործարան, այլ ինչ-որ զվարճանքի կենտրոն է ցանկանում կառուցել, քանի որ ջրերի գործարանի համար անտառի գոյությունն ամենեւին էլ պարտադիր չէ: Բացի այդ, նույն տարածքում կա չգործող հանքային ջրերի գործարան, որը հանգիստ կարող եր սեփականաշնորհել: Այնպես որ, իսկապես տարակուսելի են շեյխի նկրտումները եւ անսպառ սերը հայկական հողերի նկատմամբ:
Համեմատության համար նշենք, որ Հայաստանում հանքային ջրերի արտադրությամբ զբաղվող թերեւս ամենամեծ ընկերությունը` «Ջերմուկ գրուպ»-ը, չունի իր կողմից պահպանվող անտառներ: Ավելին, «Ջերմուկ»-ի տարածքում գտնվող անտառները պահպանվում են ՀՀ բնապահպանության նախարարության կողմից եւ այս ընկերության սեփականությունը չեն: Ինչը հերթական անգամ գալիս է ապացուցելու, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունը պարզապես նվիրաբերել է ՀՀ անտառների մի մասն այդ գործարանի սեփականատեր արաբ շեյխին:
Մեկ այլ համեմատություն էլ անենք. աշխարհահռչակ «Բոինգ» ինքնաթիռների գործարանը կառուցված է ընդամենը 60 հա տարածքի վրա: Այդ ինչո՞ւ է շեյխին 95 հա տարածքը ջրերի գործարանի համար «քչություն» անում: Այս հարցն արդեն մեկ տարի է` խելամիտ պատասխան չի ստացել:
Իսկ թե ինչու է արաբ Մուհամմեդ Մուսսալամն այդպես գերել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, ով որոշել է մեր երկրում ամեն ինչ նվիրաբերել նրան, անհասկանալի է մնում: Թեեւ կարելի է բազում ենթադրություններ անել` հաշվի առնելով վարչապետի աննկուն սերը փողի նկատմամբ (նա միշտ բոլոր երկրներից պարտքով կամ վարկով գումար է խնդրում), եւ արաբ շեյխին Հայաստան բերած պատգամավորի մարդկային տեսակը: Հիշեցնենք, որ այս արաբին մեր երկիր է բերել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հանրապետական եղբայր Գագիկ Աբրահամյանը, որը ցանկություն ունի արաբի հետ համատեղ բիզնես դնել Հայաստանում:
Հ.Գ. Կոտայքի մարզի Արտավազ գյուղական համայնքի բնակիչներից շատերն արդեն դիմել են Եվրադատարան` գերակա շահ ճանաչված եւ իրենցից խլված սեփական հողատարածքները պաշտպանելու համար: Հիշեցնենք, որ հողերը ձեռք բերող ընկերությունը, այսինքն` արաբ շեյխը, հայցեր է ներկայացրել հողերի սեփականատերերի` գյուղացիների դեմ եւ շահել դատական բոլոր վեճերը: Այսինքն` մեր երկրում շեյխի շահն ավելի կարեւոր է, քան գյուղացիների սեփականությունը:
ԱՆՏԱՌԸ ՆՎԻՐԵՑԻՆ ՇԵՅԽԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ