ԾԱՆՐ ԻՐԱՎԻՃԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռու մարզի բոլոր 105 գյուղական համայնքներում էլ գյուղատնտեսության զարգացմանը խոչընդոտող խնդիրները գրեթե նույնն են: Օրինակ` Քարինջ համայնքն ունի 176 ծուխ եւ 756 բնակիչ: Գյուղացիների հիմնական զբաղմունքն անասնապահությունն է, սակայն վերջին տարիներին անասնապահների թիվը կտրուկ նվազել է:
 Մսի եւ կաթնամթերքի գների թանկացման հետ անասնապահության ոլորտում վիճակը փոքր-ինչ բարելավվել է: Գյուղապետ Նորիկ Մկրտումյանն ասում է, որ արտերկրից ներմուծվող ցեղական խոշոր եղջերավոր անասուններ ձեռք բերելու մտքից հրաժարվել են: Հասկացել են` մեր կլիմայական պայմաններում տեղական ցեղատեսակներ պահելն ավելի ձեռնտու է:  
 Գյուղի հիմնական խնդիրն արոտների հարկ ու տուրքի գանձումն է: Քարինջն ունի 700  հա արոտավայր, 99 հա վարելահող եւ 140 հա խոտհարք: Վարելահողերը չմշակելու հետեւանքով ամբողջովին վերածվել են խոտհարքի: «Գյուղի հետ կապված մեր հիմնական խնդիրը գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերումն է, որ չունենք, հնձիչ, գութան, պրես եւ այլն: Ոչ մի բան չունենք»,-գյուղի ու գյուղացու ապրելակերպից դժգոհում է Քարինջի գյուղապետ  Նորիկ Մկրտումյանը:
Լոռու մարզի Մարց համայնքն ունի 153 ծուխ, 600 բնակիչ: Ապրուստի հիմնական միջոցը դարձյալ անասնապահությունն է: Դրանով զբաղվում է գյուղի 80 տոկոսը:  Դաշտավարությամբ չեն զբաղվում, քանի որ առկա են վերը նշված նույն խնդիրները: «Չենք ունեցել գյուղտեխնիկա, մեխանիզացիա, դրա համար էլ վարելահողերը դարձրել ենք խոտհարքներ»,-ասում է Մարցի գյուղապետ Ռոբերտ Գալստյանը: Անցած 20 տարվա ընթացքում խոտհարքի է  վերածվել 98 հա վարելահող: Համայնքի տասը ընտանիքի տղամարդիկ էլ ստիպված մեկնել են արտագնա աշխատանքի: Մարցի գյուղամիջյան ճանապարհները վատ վիճակում են: Ու թեեւ գյուղը գազաֆիկացված է, սակայն թանկարժեք կապույտ վառելիքից օգտվում է ընդամենը 30 ընտանիք:  Իսկ մնացածի համար հիմնական եւ միակ մատչելի  վառելիքը փայտն է:

ՀԵՐՄԻՆԵ ԶԱՐՄԱՆՅԱՆ
Վանաձոր




Լրահոս