Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում` դեկտեմբերի 9-ին արդյունավետ հանդիպումներ եմ ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի և արտաքին գործերի նախարար Մակա Բոճորաշվիլիի հետ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ պատգամավոր Սարգիս Խանդանյանը:
«Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ քննարկել ենք խորհրդարանական դիվանագիտության դերը Հայաստան–Վրաստան ռազմավարական գործընկերության խորացման գործում, անդրադարձել տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական զարգացումներին, տարածաշրջանում խաղաղության հաստատման և հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացներին, ինչպես նաև՝ մեր երկրներում իրականացվող կրթական, սոցիալական և ենթակառուցվածքային բարեփոխումներին։
Արտաքին գործերի նախարար Մակա Բոճորաշվիլիի հետ հանդիպման ընթացքում գոհունակությամբ ընդգծել ենք ակտիվ քաղաքական երկխոսության և բարձր մակարդակի փոխայցերի դինամիկան ու արդյունավետությունը։ Քննարկել ենք Վաշինգտոնում 2025 թ. օգոստոսի 8-ին ձեռք բերված պայմանավորվածությունները, տարածաշրջանային հաղորդակցությունների բացման հնարավորությունները, այդ համատեքստում՝ տարածաշրջանը տարանցիկ և լոգիստիկ կարևոր հանգույց դարձնելու հեռանկարները։ Անդրադարձել ենք նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը՝ կարևորելով այդ գործընթացում բարեկամ Վրաստանի աջակցությունը»,- գրել է նա։




















































































