Armenian text to speach

Նախարար Դավիթ Խուդաթյանը այցելել է Սյունիքի մարզ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում էր Սյունիքի մարզում, հայտնում են նախարարությունից։

«Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանի, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի, ոլորտային պատասխանատուների ու համայնքապետերի հետ նախարարը երկու օր շարունակ հետևել է պետական բյուջեի միջոցներով իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին։

Նախ հետևել են Հյուսիս-Հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին։

Այցելել են Քաջարան-Ագարակ հատվածի առաջին թունել և ներկա գտնվել թունելի հորատման վերջնական աշխատանքներին։

Այս ճանապարհահատվածի կառուցման արժեքն ավելի քան 214 մլն դոլար է։

Այն ներառում է երկու թունել և 17 կամուրջ։ Կամուրջների հենապատերի կառուցման աշխատանքները ևս մեծ թափով առաջ են ընթանում։

Այնուհետև այցելել են Նռնաձոր, որտեղ ամբողջությամբ նոր ճանապարհ է կառուցվում՝ մոտ 10.1 կմ երկարությամբ։

Այս նորակառույց ճանապարհով Նռնաձորը կկապվի Մեղրիին և Սյունիքի մարզը կունենա ամբողջությամբ նոր ճանապարհ։

Տեղում շինարարին և մյուս պատասխանատուներին նախարարը հանձնարարել է արագացնել ճանապարհի կառուցումը և հետևել օրացուցային գրաֆիկին։

Ծրագրի ընդհանուր արժեքը 2 մլրդ 560 մլն ՀՀ դրամ է։

Պաշտոնյաներն այցելել և դիտարկել են նաև Կապան – Ծավ ավտոճանապարհի երկու հատվածների նորոգման աշխատանքները։

Աշխատանքային այցի երկրորդ օրն այց է կատարվել Խոտ – Որոտան նորակառույց ճանապարհ, որտեղ իրականացվել են վերակառուցման աշխատանքներ։

Այցելել են նաև Որոտան բնակավայր, զրուցել բնակիչների հետ, լսել նրանց խնդիրները։

Հաջորդ կանգառը Սյունիքի մարզի Վաղատին և Աշոտավան բնակավայրերն էին, որտեղ իրականացվել են ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ։

Վաղատինում պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվել է շուրջ 1.7 կմ, իսկ Աշոտավանում՝ 10 կմ երկարությամբ ճանապարհ։

Երկու ճանապարհների ասֆալտապատումն էլ ավարտվել է, ընթացքի մեջ են ճանապարհների կահավորման աշխատանքները։

Շինարարական բոլոր օբյեկտներում նախարարը հանձնարարել է անշեղորեն հետևել կատարվող աշխատանքների որակին և ժամանակացույցին։

Այցի ավարտին Սիսիան քաղաքում և Ույծ գյուղում Խուդաթյանը ծանոթացել է սուբվենցիոն աշխատանքների ընթացքին, քննարկել համայնքում կառավարություն ֊ համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի ընթացքը, առաջիկա անելիքները»,-ասված է հաղորդագրության մեջ։




Լրահոս