Այսօր՝ դեկտեմբերի 11-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում՝ «Մեծ անիվ»-ի հարևանությամբ, ավտոմեքենա է այրվում:
Ինչպես հատյնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը մինչ հրշեջների ժամանումը՝ կայանված վիճակում գտնվող «Nissan» մակնիշի ավտոմեքենայում դեռևս անհայտ հանգամանքներում բռնկված կրակի դեմ պայքարել է վարորդը՝ Երևանի բնակիչ 40-ամյա Արտակ Ա.-ն և քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի:Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Սահակ Թադևոսյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության տեսուչի գլխավորությամբ: Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում նյութեր են նախապատրաստվում, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները:






























