Ուխտագնացություն ԼՂՀ Մարտակերտի շրջան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար, ազատամարտիկ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ ուխտագնացություն է կազմակերպվել ԼՂՀ Մարտակերտի շրջան՝ ի հիշատակ Արցախյան ազատամարտի ժամանակ այդ շրջանում զոհված շենգավիթցի 14 ազատամարտիկների:

Զոհված ազատամարտիկների ընտանիքի անդամաների ու հարազատների հետ   ուխտագնացությանը մասնակցել են նաև ԵԿՄ վարչության անդամներ Գառնիկ Հովսեփյանը և Մուշեղ Ղազարյանը: Այցելության շրջանակում զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշաքար է տեղադրվել:

Խաչքարի տեղադրման հանդիսավոր արարողությանը մասնակցել է ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը. ««Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել» կարգախոսի արդիականության լավագույն ապացույցն այս ուխտագնացություն-այցելությունն է և մեր ազտամարտիկների հիշատակը հավերժացնող այս խաչքարը: Մեր ժողովուրդը երբեք չի մոռանա և միշտ առանձնակի երախտագիտությամբ կհիշի բոլոր այն հերոսներին, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին հանուն Արցախի ազատագրության»,- նշել է ԼՂՀ պաշտպանության նախարարը:

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանն էլ իր հերթին նշել է, որ այս ուխտագնացությունը ևս մի առիթ է խոնարհումի ու ոգեկոչման՝ հանուն Արցախի  զոհված հայորդիների հիշատակի. «Զոհված ազատամարտիկների ընտանիքների և, ընդհանրապես, արցախյան ազատամարտի մասնակիցների նկատմամբ ուշադրությունն ու այդ ուղղությամբ իրականացվող ծրագրերը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախընտրական ծրագրային առաջնահերթություններից են և գտնվում են նրա մշտական ուշադրության կենտրոնում:

Այս այցելությունն էլ իրականացվեց քաղաքապետի հետևողական ուշադրության ու անմիջական աջակցության շնորհիվ», – նշել է Արմեն Սարգսյանը:

Հանդիսավոր արարողության շրջանակում Արմեն Սարգսյանը և Մուշեղ Ղազարյանը պարգևատրվել են ԼՂՀ «Պաշտպանության բանակ» հուշամեդալով: Պատվոգրերով և հուշանվերներով են պարգևատրվել նաև զոհված ազատամարտիկների հարազատներն ու ընտանիքի անդամները:

Վերջիններիս խնդրանքով ուխտագնացներն այցելել են նաև Մարտակերտի շրջանի Կարմրավանի հակաօդային պաշտպանության զորամաս, հանդիպել զինծառայողների հետ, հանձնել են նվերներ: Չմերժելով ազատամարտիկների ծնողների խնդրանքը՝ զորամասի հրամանատարությունը ծառայությունում աչքի ընկած ու բարձր կարգապահություն ցուցաբերած երեք զինծառայողի տասնօրյա արտահերթ արձակուրդ է տրամադրել:

Վերադարձին՝ արդեն Երևանում, ուխտագնացները նաև Եռաբլուր պանթեոն են այցելել և հարգանքի տուրք մատուցել այնտեղ ամփոփված ազատամարտիկների շիրիմներին:

unnamed (1)

 Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

 




Լրահոս