Կառավարության որոշմամբ առաջարկվում է ՀՀ մարզպետերի աշխատակազմերին հատկացնել 2,828,277 հազար դրամ՝ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու նպատակով:
Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, որոշմամբ առաջարկվում է համաֆինանսավորել 14 համայնքի 27 սուբվենցիոն ծրագիր:
Նախարարը թվարկել է այն աշխատանքները, որոնք իրականացվում են սուբվենցիոն ծրագրերով. Արագածոտնի մարզի՝ Թալին համայնքի Աշնակ, Մաստարա, Արտենի բնակավայրերում խմելու ջրագծերի ցանցի հիմնանորոգում, Արարատի մարզի Արարատ համայնքի Երասխ, Լանջառ, Ուրցալանջ և Պ․ Սևակ բնակավայրերի ճանապարհների վերանորոգում ասֆալտապատմամբ, Արմավիրի մարզի՝ Արմավիր համայնքի Արմավիր բնակավայրի թիվ 2 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի հիմնանորոգում, Արմավիր բնակավայրի Ե. Չարենց փողոցի Շահումյան-Աբովյան հատվածի հիմնանորոգում, Մյասնիկյան բնակավայրի Բաղրամյան փողոցի կառուցում, Մեծամոր համայնքի Ալաշկերտ բնակավայրի խմելու ջրամատակարարման ցանցի կառուցում, Գեղարքունիքի մարզի՝ Մարտունի համայնքի Մարտունի, Ծովինար, Վարդենիկ, Զոլաքար, Աստղաձոր, Վաղաշեն, Գեղհովիտ, Ն. Գետաշեն, Վ. Գետաշեն, Մադինա, Լիճք, Ծակքար, Ծովասար և Երանոս բնակավայրերի տարբեր փողոցների երթևեկելի հատվածների ասֆալտապատում և Ձորագյուղ բնակավայրում կամրջի և պաշտպանիչ պատի կառուցում, Մարտունի համայնքի Վարդաձոր բնակավայրի Ալաշկերտ փողոցի և 10-րդ փողոցի հատման խաչմերուկ ընկած հատվածի, Ծովինար բնակավայրի 3-րդ թաղամասի 3-րդ փողոցի հարակից հրապարակի մայթերի կառուցում քարե սալիկներով, Մարտունի համայնքի Վաղաշեն բնակավայրում փակ դրենաժի կառուցում, Մարտունի համայնքի Վարդենիկ, Զոլաքար Լիճք, Ծովասար, Երանոս բնակավայրերում խմելու ջրագծերի կառուցում, Լոռի մարզի՝ Վանաձոր համայնքի Վանաձոր բնակավայրի Տերյան, Թատերական – Սոս Սարգսյան փողոցների հիմնանորոգում, Ստեփանավան համայնքի Ստեփանավան բնակավայրի Ռումինական թիվ 6, 8, 12, 14, 20 ԲԲՇ-ների ջերմամեկուսացման և էներգաարդյունավետության արդիականացում, Տաշիր համայնքի Նովոսելցովո և Մեղվահովիտ բնակավայրերի գազիֆիկացում, Տաշիր համայնքի Մեծավան, Լեռնահովիտ, Ձորամուտ և Պաղաղբյուր բնակավայրերի ճանապարհների վերանորոգում՝ սալարկմամբ, Սպիտակ համայնքի Սպիտակ, Կաթնաջուր, Արևաշող, Գեղասար, Ծաղկաբեր, Լեռնավան, Ջրաշեն, Լուսաղբյուր և Մեծ Պարնի բնակավայրերի փողոցների սալարկում տուֆ քարով, Սպիտակ համայնքի Արջահովիտ բնակավայրի խմելու ջրի արտաքին ցանցի հիմնանորոգում, Քարաձոր բնակավայրի խմելու ջրի ներքին ցանցի ընդլայնում, կառուցում Լոռի Բերդ համայնքի Սվերդլով բնակավայրի մանկապարտեզի վերանորոգում, Կոտայքի մարզի՝ Ակունք համայնքի Ակունք բնակավայրի 13-րդ, 17-րդ, 18-րդ, փողոցների ասֆալտապատում, Ակունք համայնքի Կոտայք բնակավայրի 4-րդ և 8-րդ փողոցների ասֆալտապատում, Ակունք համայնքի Զառ բնակավայրի ջրատարի վերակառուցում, Ակունք համայնքի Կոտայք բնակավայրի ջրամատակարարման համակարգի բարելավում, Ակունք համայնքի Կապուտան բնակավայրի 15-րդ փողոցի, 3-րդ փողոցի 3-րդ փակուղու, Սևաբերդ բնակավայրի 5-րդ փողոցի սալապատում վարդագույն տուֆով, Նոր Հաճըն համայնքի Նոր Հաճըն, Քանաքեռավան, Նոր Արտամետ, Նոր Գեղի և Քարաշամբ բնակավայրերի ներհամայնքային փողոցների հիմնանորոգման աշխատանքներ, Ծաղկաձոր համայնքի Մարմարիկ բնակավայրի խմելու ջրի ջրամատակարարման համակարգի կառուցում, Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրի կոյուղու կառուցման աշխատանքներ, Ծաղկաձոր համայնքի Հանքավան բնակավայրի 3-րդ փողոց 1-ին և 3-րդ նրբ., Մարմարիկ բնակավայրի 2-րդ, 3-րդ փողոց 2 նրբ., 5-րդ, 6-րդ փողոցների կապիտալ վերանորոգում ասֆալտապատմամբ և ջրահեռացման համակարգի կառուցում, Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրի 1-ին, 2, 8, 10-րդ փողոցների շարունակելի հատվածների, 3, 6, 7, 11 և 4-րդ փողոցների հիմնանորոգման աշխատանքներ, Նաիրի համայնքի Քասախ, Պռոշյան բնակավայրերի փողոցների ասֆալտապատում:
«Մենք այս որոշմամբ արդեն պետական բյուջեից համայնքներին տրամադրած կլինենք 21 մլրդ 59 մլն դրամի համաֆինանսավորում: Եվս մեկ հատկացման անհրաժեշտություն է լինելու, որը, թույլ կտամ ասել, հսկայական ծավալի է լինելու. շուրջ 10 մլրդ դրամի մասին է խոսքը: Դա, մեծ հավանականությամբ, կլինի Կառավարության հաջորդ նիստին: Մենք պլանավորում ենք այս տարի բարելավել նախորդ տարվա ցուցանիշները և շարժվում ենք այդ ուղղությամբ: Շինարարներին տարեվերջին պարտք չենք մնա», -ասել է Դավիթ Խուդաթյանը:
Արձագանքելով, Տիգրան Խաչատրյանը դիմել է խոշորացված համայնքների ղեկավարներին՝ անել հնարավորը մինչև տարեվերջ հատկացված միջոցները շինանրարական կազմակերպություններին վճարելու համար:




















































































