Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականի անդամ Արթուր Բազեյանը դարձավ IBA-ի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում ընթացող IBA-ի կազմակերպած բռնցքամարտի աշխարհի առաջնության 60 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Արթուր Բազեյանը մրցեց ուզբեկ Աբումալկ Խալուկովի հետ ու զիջեց 5:0 հաշվով:
Բազեյանը դարձավ IBA-ի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:
Ավելի ուշ կիսաեզրափակիչում կմրցեն նաև Հովհաննես Բաչկովը, Ռաֆայել Հովհաննիսյանը, Դավիթ Չալոյանն ու Ռուդոլֆ Գարբոյանը:
IBA բռնցքամարտի աշխարհի առաջնությունն անցկացվում է ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում դեկտեմբերի 2-13-ը: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 8 միլիոն դոլար: Առաջին տեղը զբաղեցրած բռնցքամարտիկները կստանան 300 հազար դոլար, երկրորդը` 150 հազար, երրորդը` 75 հազար և չորրորդը` 10 հազար դոլար, որից 50 տոկոսը կլինի բռնցքամարտիկինը, 25-ական տոկոսը մարզիչներինը ու ազգային ֆեդերացիաներինը: Միջազգային օլիմպիական կոմիտեի որոշմամբ Օլիմպիական խաղերի որակավորման մրցաշարերը չի անցկացնում IBA-ն:




















































































