Թաիլանդի զինված ուժերը հայտարարել են, թե Կամբոջայի հետ բախումների ընթացքում 102 կամբոջացի զինվոր է զոհվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է թաիլանդական The Nation թերթը։
Հաղորդագրության մեջ նշվել է, որ 13 ճակատում կարևոր հաջողություններ են գրանցվել, իսկ երկրի հինգ նահանգներից դեկտեմբերի 7-ից ի վեր ավելի քան 220000 քաղաքացիական անձ է տարհանվել։
Kiripost-ի փոխանցմամբ՝ Կամբոջայի ազգային պաշտպանության նախարարության խոսնակ Մալի Սոչետան ուղիղ եթերում հայտարարել է, որ դեկտեմբերի 11-ի ժամը 12:00-ի դրությամբ Թաիլանդի ռազմական հարձակման հետևանքով Կամբոջայում քաղաքացիական զոհված անձանց թիվը հասել է 11-ի, որոնց թվում կա մեկ երեխա, իսկ վիրավորներինը՝ 74-ի։
Նա կոչ է արել Թաիլանդին դադարեցնել բոլոր ագրեսիվ գործողությունները, ապատեղեկատվության տարածումը, խտրական հարձակումները, հատկապես քաղաքացիական անձանց և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա, ինչպես նաև հարձակումները մշակութային ժառանգության վայրերի վրա։
Սոչետան հավելել է, որ Կամբոջան կոչ է անում Թաիլանդին վերադառնալ հոկտեմբերի 26-ին ստորագրված խաղաղության համաձայնագրին և կոչ է արել միջազգային հանրությանը խստորեն դատապարտել Թաիլանդին՝ համատեղ հռչակագիրը խախտելու համար։
Դեկտեմբերի 7-ին Թաիլանդի և Կամբոջայի սահմանին մարտեր են բռնկվել։ Կամբոջայի ազգային պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ Թաիլանդն է առաջինը կրակը բացել։ Բանգկոկը հակառակն է պնդում։ Երկու կողմն էլ միմյանց են մեղադրում այս տարվա սկզբին ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված զինադադարի ռեժիմը խախտելու մեջ։


























































































