ԱՌԱՆՑ ՀԱՄԱԿԱՐԳՉԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերյան քաղաքի բյուջեն  113.5 միլիոն դրամ է, որի «առյուծի բաժինը» տրվում է քաղաքապետարանին  եւ դրա ենթակայությամբ  գործող հիմնարկություններին` 2 մանկապարտեզների, գեղարվեստի եւ երաժշտական դպրոցի, մարզադպրոցի, մշակույթի տան, քաղաքային եւ մանկական գրադարանների աշխատողներին աշխատավարձ տալու, այդ հիմնարկների կոմունալ եւ ջեռուցման ծախսերը հոգալու համար: Քաղաքապետարանի ենթակա հիմնարկների աշխատողների մեծ մասը ստանում է ՀՀ-ում ընդունված նվազագույն աշխատավարձի չափով վճար: Դեկտեմբերի 7-ին ավագանու նիստում վերը նշված հիմնարկների ղեկավարներն այս տարի իրենց կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն ներկայացրին ավագանուն եւ քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանին: Դա հիմնարկների տնօրենների համար նաեւ առիթ էր եղած խնդիրները ներկայացնելու: Քաղաքի  մարզամշակութային բոլոր հիմնարկները գույքի, տեխնիկական միջոցների խիստ պակաս ունեն: 2001թ. Հայաստանի լավագույն դաստիարակ ճանաչված, քաղաքի թիվ 2 մանկապարտեզի տնօրեն Փառանձեմ Խանգելդյանն ասաց, որ իրենց մանկապարտեզը հանրապետության մեթոդական կենտրոններից է, սակայն եղած համակարգիչը 1998 թվականի արտադրության է, որից ջնջվել են հայկական տառատեսակները: Համակարգիչ չունեն նաեւ քաղաքի թիվ 1 մանկապարտեզը, քաղաքային եւ մանկական գրադարանները, երաժշտական եւ մարզական դպրոցները, մշակույթի տունը:
«21-րդ դարում ի՞նչ կարող ենք անել առանց համակարգչի»,-հռետորական հարց տվեց տիկին Փառանձեմը:
Նշենք, որ միայն գեղարվեստի դպրոցում համակարգիչ կա, այն «ՎիվաՍել»-ի նվերն է, սակայն այդ ընկերության տրամադրած անվճար ինտերնետային  կապն  ամիսը մի քանի օր է անխափան գործում: Գեղարվեստի դպրոցը տեղակայված է նեղ տարածքում, ցուցասրահ չունի, սանհանգույց չկա: Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը, ընդունելով դժգոհությունները, ասաց, որ այս տարի  մանկական գրադարանի մուտքը, երաժշտական դպրոցի սանհանգույցը եւ երկու սենյակ են նորոգվել:




Լրահոս