Ցեղասպանությունը չդատապարտելը գրեթե հավասարազոր է խրախուսելուն. Է. Շարմազանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին տարիներին նշանակալից առաջընթաց է արձանագրվել Հայաստան-Լիտվա հարաբերություններում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 23-ին, Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Յոուզաս Օլեկասի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԺ նախագահի պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովը:

Հանդիպմանը ներկա էին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ  Կորյուն Նահապետյանը եւ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:

Շարմազանովը հույս է հայտնել, որ ամեն ինչ կարվի երկկողմ հարաբերություններն էլ ավելի զարգացնելու համար: Նրա գնահատմամբ երկու պետություններին ու ժողովուրդներին ավելի են մերձեցնում արժեհամակարգային ընդհանրությունները.  պատահական չէ, որ Լիտվան առաջինն է ճանաչել Հայաստանի անկախությունը, եւ մերձբալթյան երկրներից միակն  է, որ ճանաչել է 1915 թ. Հայոց ցեղասպանությունը:

Էդուարդ Շարմազանովը երկկողմ հարաբերությունների զարգացումը պայմանավորել է նաեւ ԵՄ-ին Լիտվայի անդամակցությամբ եւ Հայաստանի եվրաինտեգրման գործում  ներդրած  նրա ջանքերով: Նա հավաստիացրել է, որ Մաքսային միություն մտնելու Հայաստանի որոշումը աշխարհաքաղաքական իրողություններով ու ազգային շահերով է պայմանավորված, ինչը երբեք խոչընդոտ չի կարող լինել ԵՄ-Հայաստան երկխոսության  համար:

Էդուարդ Շարմազանովը  կարեւորել է հայ-լիտվական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը, պատգամավորական բարեկամական խմբերի ակտիվ համագործակցությունը:

Նա շնորհակալություն է հայտնել Լիտվայի ղեկավարությանը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում ցուցաբերած հավասարակշռված մոտեցման եւ Մինսկի խմբի գործունեությանն աջակցելու համար:

Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է նաեւ Օսմանյան Թուրքիայի իրականացրած Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի միջոցառումներին՝ ասելով. «Մեր ժողովրդի հանդեպ գործած այդ ոճիրը պետք է սթափեցնի համայն մարդկությանը: Բոլորը պետք է ճանաչեն  այն՝ նման  եղեռնագործություններ թույլ չտալու համար: Ցեղասպանությունը չդատապարտելը գրեթե հավասարազոր է խրախուսելուն»:

Լիտվայի  ազգային պաշտպանության նախարար Յոուզաս Օլեկասը խոսել է հայ-լիտվական հարաբերությունների զարգացման հնարավորությունների, հեռանկարների, մասնավորապես ռազմական համագործակցության մասին եւ հավաստիացրեց, որ Լիտվան հասկանում եւ սատարում է Հայաստանի խաղաղության ու կայունության ձգտումը եւ միշտ պատրաստ է  աջակցելու Հայաստանի ժողովրդավարացմանն ու եվրաինտեգրմանը:




Լրահոս