ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՏՂԱՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՐՄԵՆ ՍՈՂՈՅԱՆԸ ե՛ւ մարզիկ է, ե՛ւ մարզիչ «Կի դո րյու» ոճում,  ե՛ւ դերասան, չնայած, ինչպես ինքն է ասում, չի ավարտել ո՛չ  Թատերական, ո՛չ էլ Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը: Թամանյանի անվան շինարարական քոլեջի շրջանավարտ է, բայց միշտ զբաղվել է սպորտով, հետո էլ դերասանական ասպարեզում է սկսել իրեն դրսեւորել: Նկարահանվել է «Ընտրություն» եւ «Չգրված օրենք» մարտաֆիլմերում, «Որոգայթ» սերիալում, հիմա էլ «Բանակում» սերիալում գնդապետ Բաղդասարյանի դերակատարն է:  Ամուսնացած է, ունի մեկ դուստր:
-Հետաքրքիր բան է ստացվում, մասնագիտությամբ ոչ մի կապ չունեք կինոյի հետ, ինչպե՞ս հայտնվեցիք նկարահանման հրապարակում:
-Աստված օրհնեց, ու բացի այդ, ես էլ շատ էի ուզում: Ամենասկզբում Գոռ Վարդանյանի մարտաֆիլմերում եմ նկարահանվել, բայց ինձ ճանաչում բերեց «Որոգայթ» սերիալում Մալխասի դերը: Ես իմ նկարներն ուղարկեցի «Շանթ» հեռուստաընկերություն, հետո էլ ինձ հրավիրեցին Մալխասի կերպարը խաղալու:  Հիմնական դերասանական աշխատանքս սկսել եմ այդ սերիալից: Մի պահ եղավ, երբ ֆիլմից հետո երկարատեւ դադար էր ինձ մոտ, չէի նկարահանվում, ու հետո էլ դեռ սերիալներ այդքան չկային: Առաջինը, որ նկարահանեց, «Շանթ»-ն էր իր «Վերվարածներ»-ով: Ինքս էլ նայում էի: Հետո սկսվեց «Որոգայթ»-ը: Համաձայնեցի այնտեղ  նկարահանվել, քանի որ սցենարն ու ընդհանուր գաղափարը դուր եկան: Ես կարծում եմ, որ եթե սերիալի մեջ իմաստ ու գաղափար կա, պետք է նկարահանվել: Հենց մեկը «Բանակում» սերիալը շատ սովորեցնելու բան ունի: Ա՛յ, օրինակ, գնդապետ Մուշեղ Բաղդասարյանն ինչքան դրական մարդ է: Շատ է եղել, երբ ինձ մոտեցել ու ասել են, որ կցանկանային` իրենց հրամանատարներն էլ լինեին իմ կեպարի նման արդար, զինվորների մասին հոգ տանող:
-Մեր բանակում այսօր կա՞ն այդ տեսակ գնդապետեր, որոնք այդչափ հոգատար են իրենց զինվորների նկատմամբ:
-Ես կարող եմ ասել` իմ ծառայության ժամանակ ինչպես էր: Մի քանի զորամաս եմ փոխել: Երբ ծառայում էի Լենինականում, Գարեգինյան Ռազմիկը հենց այդպիսի բարի մարդ էր: Նա կարող էր ոչինչ չասել, բայց արդեն հայացքից բարությունը զգում էինք: Ինքը մտածում էր իր զինվորների մասին: Ու երբ ես էլ սկսել էի խաղալ սերիալում, չգիտեմ ինչպես` գտել էր իմ համարը, զանգեց ու ասաց. «Հո չե՞ս մոռացել ինձ: Խաղդ տեսա, ոնց որ ինձ խաղաս»: Ասացի` էդպես էլ կա: Երբ Ղարաբաղում էի ծառայում,  իմ կոմբատն էր էդպիսի մարդ, մեր մասին շատ էր մտածում:
Հետո մեր տարիներին բանակը դեռ նոր էր սկզբնավորվում. 1994-1996 թվականներն էին: Այդ թվերին զորամասում նույնիսկ ասֆալտ ու պարիսպ չկար, բաղնիքը վատ վիճակում էր: Բայց հետո` 1996-ից, արագ տեմպով ամեն ինչ կառուցվեց, բանակը զարգացում ունեցավ, ինչը շատ ողջունելի էր: Այդ տարիներին մենք ավելի երկար էինք դիրքերում մնում, 6 ամիսը մեկ էին մեզ փոխում: Իմ բանակային տարիները հետաքրքիր են անցել, զբաղված էինք ծառայությամբ, սիրում էինք նաեւ որս անել: Երբ դուրս էինք գալիս զորամասի տարածքից, ինչ-որ բան էինք փնտրում ` օձ, կրիա, վարազ…
Կարծում եմ, որ մարդիկ մի քիչ սխալ պատկերացում ունեին բանակի մասին: Ասում էին` վա՜յ, բանակն էս ի՞նչ է: Իսկ սերիալի շնորհիվ հիմա շատ էրեխեք ասում են` վա՜խ, ե՞րբ ենք գնալու ծառայելու:
-Բանակային այն կյանքը, որը ներկայացնում եք սերիալում, արդյո՞ք դա է իրականությունը:
-Այն հումորներն ու կատակները, որ տեսնում եք, դրանք մեր ժամանակ էլ են եղել, առանց դրա չի լինի: 2 տարի հենց հումորի շնորհիվ է, որ կարողանում ենք գոնե մի քիչ թեթեւ ապրել: Ուղղակի մենք սիրում ենք ամեն մի չոփ գերան սարքել: Ցո՛ւյց տվեք մի երկիր, որտեղ վատ բաներ չեն լինում, դա կլինի թե՛ բանակում, թե՛ քաղաքացիական կյանքում:
-Առաջարկում եք` բանակում եղած վատ իրադարձությունների մասին լռե՞նք:
-Պետք է ավելի հետեւողական լինենք, որ ոչ մի վատ բան էլ չլինի: Իսկ ինչո՞ւ մեր բանակի լավ կողմերի մասին չեք բարձրաձայնում: Այսօր մեր բանակում ծառայող տղաներին կասեմ կարեւոր մի բան. թող լինեն համբերատար, սիրով ու հարգանքով իրար հանդեպ: Լինեն ազնիվ, որ ծառայությունը թեթեւ ու ճիշտ անցնի: Թող Աստված պահապան լինի մեր զինվորներին:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս