Armenian text to speach

Վարպետից՝ ԱԱԾ ծառայող, ապա մարզպետի խորհրդական. ինչ ունեցվածք ունի Արամ Գրիգորյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայողը չսպասեց՝ համակարգում բոլորելու   աշխատանքի 30-ամյակը. նա մեկ տարի շուտ համակարգից դուրս եկավ ու դարձավ մարզպետի խորհրդական։

Խոսքը սեպտեմբեր ամսին Արմավորի մարզպետի խորհրդական նշանակված Արամ Գրիգորյանի մասին է։

 

Ո՞վ էր Արամ Գրիգորյանը մինչեւ խորհրդական դառնալը

53-ամյա Արամ Գրիգորյանը 1994-1995 թվականներին աշխատել է Արմավիր քաղաքի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում որպես վարպետ, ապա վարպետից կտրուկ դարձել էր ԱԱԾ աշխատակից՝ 1995-2024 թվականներին ծառայելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում։

Կոչումով պահեստազորի փոխգնդապետը 2024-2025 թվականներին աշխատել է ՀՀ Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանում՝ որպես համայնքի ղեկավարի օգնական, ապա 2025 թվականի ապրիլի 2-ից մինչեւ 2025 թվականի սեպտեմբերի 12-ը աշխատել է ՀՀ Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանում՝ որպես համայնքի ղեկավարի խորհրդական։ 15.09.2025 թվականին ՀՀ Արմավիրի մարզպետի որոշմամբ նա նշանակվել է ՀՀ Արմավիրի մարզպետի խորհրդական:

 

Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

Արամ Գրիգորյանը նախկինում հայտարարագիր չի ներկայացրել. միայն 2025 թվականի հոկտեմբերին նա լրացրել է պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի եւ եկամուտների հայտարարագիր։

Մարզպետի խորհրդական դառնալուց մեկ ամիս առաջ, երբ Գրիգորյանը Մեծամոր համայնքի ղեկավարի խորհրդականն էր, ձեռք է բերել նոր անհատական բնակելի տուն։

Մինչ այդ Գրիգորյանն ունեցել է եւս 2 անշարժ գույք՝ 2022 թվականին ձեռք բերված «Հասարակական նշանակության շինություն» եւ 1990 թվականին ձեռք բերված բնակարան Արմավիր համայնքում։

Արամ Գրիգորյանը 2019 թվականին ձեռք է բերել Toyota մակնիշի մեքենա։

Նրա բանկային հաշիվների մնացորդը կազմել է 3 մլն 541 հազար դրամ, 4,2 մլն դրամ հազմել են կանխիկ դրամական միջոցները։

Հաշվետու ժամանակահատվածի եկամուտները կազմել են 11 մլն 320 հազար դրամ, որից 1 մլն 450 հազար դրամը «այլ եկամուտ» է ԱԱԾ-ից, 1 մլն 440 հազար դրամը վարձակալության դիմաց ստացած եկամուտ է: 3 մլն 756 հազար դրամը Մեծամորի համայնքապետի աշխատակազմից է ստացված, իսկ 673 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է «ԷՆԵՐԳՈՆՈՐՈԳԳԱՐԱՆՏ»-ից։

խորհրդականի ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը պաշտոնի ստանձնման  օրվա դրությամբ կազմել է 1,5 մլն դրամ։

 

 

 

 

 

 

 

2

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ-ի 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակում է ընդգրկվել նաեւ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեի նորանշանակ նախագահ Արամազդ Ղալամքարյանը:

Մենք տեղեկացանք, որ Ղալամքարյանն այժմ բավականին ջերմ հարաբերություններ ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ու որոշել է խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հետ լինել: Հիշեցնենք, որ Ղալամքարյանը «Հայ ազգային կոնգրես»-ի վարչության նախկին անդամ էր եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմի կարկառուն անդամ:

Նա այս տարվա՝ 2025 թվականի սեպտեմբերին Փաշինյանի որոշմամբ նշանակվեց Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնում:

2007 թվականից սկսած Ղալամքարյանը ՀԱԿ-ի ակտիվիստներից է եղել՝ Կոնգրեսի ակտիվ պայքարողների շարքում:

Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց որոշ ժամամակ անց Ղալամքարյանը հեռացել է ՀԱԿ-ի շարքերից, սկսել է քննադատել Կոնգրեսի առաջնորդների վարած քաղաքականությունը: Բավականին երկար տարիներ լինելով հավատարիմ (ՀԱԿ) կուսակցական՝ դրանով հանդերձ նա այս տարվա հունիսին մի սկանդալային գրառում էր արել «Ֆեյսբուք»-ում՝ նշելով, թե Ղարաբաղյան շարժումը «ԿԳԲ-ի նախաձեռնածն» է, իսկ Տեր-Պետրոսյանը «ԿԳԲ-ի ագենտ» է:

«Որոշեցի ամփոփել Լեւոն Տեր-Պետրոսյանի, ՀՀՇ-ի ու «Հայ ազգային կոնգրես»-ի էջը՝ մեկ անգամ եւ ընդմիշտ արձանագրելով որոշ դրվագներ, տալով դժվար հարցեր, լույս սփռելով որոշ դրվագների վրա, որոնց միջով ապրել ենք 1988-ից ի վեր։ Կանխավարկածս բավական հավակնոտ ու հանդուգն է. Կոնգրեսի իմ ներկա ու նախկին բազմաթիվ ընկերներ, ծանոթներ ու զինակիցներ ԱԶՆԻՎ ՉԵՆ, երբ քննադատում են գործող իշխանությանն ու պաշտպանում են Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ վերջին շրջանում արված քայլերը։ Նախեւառաջ արձանագրենք, որ ես իմ արած ՈՐԵՎԷ բանից չեմ հրաժարվում»,- նշել էր Ղալամքարյանը:

ՀԱԿ անդամների տարբեր «ամոթանքներից», դիտարկումներից հետո, թե նրա հայտարարությունը խայտառակություն է, Ղալամքարյանը հեռացրել էր իր գրառումը, բայց իշխանական լրատվամիջոցները դրանք տարածել էին:

Արամազդ Ղալամքարյանը մասնագիտությամբ տնտեսագետ է, ՀԱԿ վարչության նախկին անդամ։ Նա Կոնգրեսից դուրս գալու դիմում էր գրել ապրիլին, ինչին հաջորդել էր Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին սկանդալային գրառումը։

Ի դեպ, Ղալամքարյանը համարվում է նաեւ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ամենամտերիմ մարդկանցից մեկը:

 

 

 

 

3

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Քննչական կոմիտեն դատարան է դիմել՝ Արագածոտնի թեմի առաջանորդարանի 60-ամյա հաշվապահ Նաիրա Ալավերդյանի կալանքը երկարաձգելու միջնորդությամբ։

Առաջիկայում լրանում են նաեւ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին քահանա Արսենյանի կալանքի ժամկետները, եւ չի բացառվում՝ նախաքննական մարմինը կա՛մ քրեական վարույթով նախաքննության ավարտ հայտարարի ու գործը դատարան ուղարկի, կա՛մ էլի կալանքի ժամկետները երկարաձգի։

Հիշեցնենք, որ իրավապահները հոկտեմբերի 15-ի վաղ առավոտյան խուզարկություն էին իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանը, ապա բերման ենթարկել նրան։ Սրբազանից բացի բերման էին ենթարկվել նաեւ Արագածոտնի թեմի 12 քահանաներ` Փառեն քահանա Առաքելյանը, Հայկ քահանա Քոչարյանը, Մկրտիչ քահանա Երանյանը, Մանուկ քահանա Զեյնալյանը, Ղեւոնդ քահանա Գափոյանը, Հայկ քահանա Սահակյանը, Սարգիս քահանա Սարգսյանը, Գարեգին քահանա Արսենյանը, Նարեկ քահանա Սարգսյանը, Օշին քահանա Հայրապետյանը, Վրթանես քահանա Բաղալյանը, Համբարձում քահանա Դանիելյանը, Արագածոտնի թեմի հաշվապահը, գանձապահը եւ գործավարը։

Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` հոգեւորականները բերման էին ենթարկվել հավաքին մասնակցելու կամ մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու կասկածանքով։

Քրեական վարույթը հարուցվել է Արագածոտնի թեմի քահանա Արամ Ասատրյանի` Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած արտահայտությունների հիման վրա (Ասատրյանն ասել էր, որ թեմի առաջնորդն իրեն եւ մյուս քահանաներին ստիպել է 2021 թվականին մասնակցել ընդդիմության բողոքի ակցիաներին):

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանը դիմել ր ՀՀ գլխավոր դատախազություն՝ ուշադրություն հրավիրելով քահանայի հայտարարությունների վրա։

Մայր Աթոռն արձագանքել էր տեղի ունեցածին՝ հայտարարելով, որ խարդավանքներով, սպառնալիքներով եւ բռնաճնշումներով հնարավոր չէ ընկճել հոգեւոր սպասավորներին եւ հավատավոր ժողովրդին։

 

 

 

4

«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը որոշել է ՔՊ վարչության առաջիկա նիստերում հրավիրել ՔՊ-ի 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակի հավակնորդներին եւ «հարցաքննել»:

Նախօրեին կայացած ՔՊ վարչության նիստը գրեթե ամբողջությամբ նվիրված է եղել 2026 թվականի նախընտրական ցուցակում առաջադրված թեկնածուներին: ՔՊ-ական մեր աղբյուրը պատմեց, որ վարչության 20 անձից բաղկացած ցուցակի հավակնորդներին «հարցաքննել» են. «Կապ չունի՝ դու այժմ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր ես, թե ոչ: Պետք է պատասխանես Նիկոլ Փաշինյանի ու վարչության անդամների հարցերին, ներկայացնես ինքնակենսագրական ու բացատրես, թե ինչու ես առաջադրվել, ինչ նպատակով ու ամենակարեւորը՝ ինչ վարկանիշ ունես», – հայտնեց մեր աղբյուրը:

Նախօրեին ԱԺ ՔՊ խմբակցության մի քանի կին պատգամավոր եւս ամբիոնից ներկայացրել են իրենց, խոսել՝ իրենց ընտրվելու դեպքում անելիքների մասին: Նրանց թվում են եղել ՔՊ-ական պատգամավորներ Սոնա Ղազարյանը, Թագուհի Ղազարյանը, Հռիփսիմե Հունանյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Մարիամ Պողոսյանը, Տաթեւիկ Գասպարյանը, Էսթեր Այվազյանն ու Լիլիթ Ստեփանյանը:

Այժմյան 383 հոգանոց ՔՊ ցուցակը պետք է մոտ 200 դառնա՝ ԿԸՀ ներկայացվելու համար: Իսկ թե ովքեր պետք է առաջնորդեն եւ լինեն առաջին տասնյակում կամ քսանյակում, կպարզվի մարտին կայանալիք փրայմերիզի ժամանակ: ՔՊ պատգամավորները պետք է ձայներ հավաքեն քաղաքացիներից՝ տուն-տուն մտնելով:

 

 

 

 

 

5

 

Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին  հրաշագործ բժշկին

 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանկարծամահ եղած բժիշկ, ԵՊԲՀ պատվավոր պրոֆեսոր Արտավազդ Սահակյանը մահվանից օրեր առաջ իրավապահների մոտ հարցաքննվել է ՆԳ եւ ԱԱՆ նախկին փոխնախարար, գեներալ-մայոր Արծրուն Մարգարյանի մահվան աղմկահարույց գործով։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն իր էջում գրել է, որ բժշկին վերջին անգամ տեսել է հերթապահության ժամանակ․ Սահակյանը պատմել է, որ կանչվել է Քննչական կոմիտե, վերադարձել է անտրամադիր ու վիրավորված, խոսվել է նույնիսկ Արծրուն Մարգարյանին հնարավոր արտաշիրիմում անելու մասին, եւ նա «շատ հոգնած» ու ճնշված տպավորություն է թողել։

«Ժողովուրդ»  օրաթերթը նախկինում գրել էր, որ https://armlur.am/652110/ ՀՀ ՆԳ եւ ԱԱ փոխնախարար, գեներալ-մայոր Արծրուն Մարգարյանը, պաշտոնապես հաստատված վարկածի համաձայն, 1999թ. փետրվարի 9-ին երկու կրակոցով ինքնասպանություն է գործել՝ մի անգամ կրակելով գլխին, մի անգամ՝ սրտի շրջանում:

Միեւնույն ժամանակ պարզվում է, որ 1999-ին հնգամսյա կալանքից ազատ են արձակվել ներքին զորքերի հրամանատար Արծրուն Մարգարյանի սպանության համար կասկածվող թիկնապահներ Արսեն եւ Արմեն Խաչատրյանները։

Հիմա, ըստ իրավապաշտպան ու մեդիա շրջանակների հրապարակումների, գործը վերաբացվել է, եւ իշխանությունները փորձում են այդ հին, մինչեւ վերջ չբացահայտված պատմությունը օգտագործել քաղաքական նպատակներով՝ կասկածի տակ դնելով գործով առանցքային վկա Հրանտ Պապիկյանի երբեմնի ցուցմունքները, այն դեպքում, երբ վերջինս 2020թ․ պատերազմի օրերին գերեվարվել ու բռնի անհետացել է եւ չի կարող հաստատել կամ հերքել իր խոսքը։

Բայց քննիչը հարցաքննել է լեգենդար բժիշկ Արտավազդ Սահակյանին:

Մամուլում տարիներ առաջ արդեն շրջանառվել էր Արտավազդ Սահակյանի անվան կապը Արծրուն Մարգարյանի գործի հետ տարբեր հրապարակումներում: Հավանաբար դարձյալ մամուլի հրապարակումները Անդրանիկ Քոչարյանի նման մի պատգամավոր ուղարկել է ուժայիններին, որոնք էլ քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված՝ վարույթի քննությունը վերսկսել են եւ արտաշիրիմում անելու պլաններ գծել:




Լրահոս