Armenian text to speach

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդի հարցերը» հաղորդման շրջանակում «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հետ։ Զրույցը վերաբերել է քաղաքականության մեջ նրա առաջին քայլերին, հեղափոխության մեջ ունեցած դերակատարությանը, զբաղեցրած պաշտոններին եւ մի շարք այլ հարցերի։

 

-Պարո՛ն Հայրապետյան, Դուք 2018 թվականի հեղափոխության պլանը մշակող գլխավոր դեմքերից մեկն էիք։ Շեղումներ եղե՞լ են այն պլանից, որը գծված էր՝ շարժումը հասցնելու մինչեւ հեղափոխություն։

-Շատ գերագնահատված է ասել, թե հեղափոխության պլանը ես եմ գծել։ Մեր քաղաքական թիմը պարզապես որոշում էր կայացրել, որ պետք է արձագանքենք Սերժ Սարգսյանի՝ արդեն վարչապետի պաշտոնով վերարտադրվելու գործընթացին, եւ որոշեցինք արտահայտել մեր քաղաքական դիրքորոշումը։ Կայացվեց թիմային որոշում՝ գործընթաց սկսելու մասին։ Ես ներգրավված եմ եղել քայլերի  իրականացման մեթոդաբանության մեջ՝ տարբեր ակցիաների ճարտարապետությունը մշակելու, քայլերի հաջորդականությունը կազմակերպելու համատեքստում։ Կարող եմ ասել, որ այդ ժամանակ կիրառված տեխնոլոգիաներից միայն մի քանիսն են ամբողջությամբ իմ կողմից առաջարկված եղել։

Պետք է նշեմ, որ գործընթացը մշտապես դինամիկ էր, եւ մարտավարական բազմաթիվ քայլեր փոխվում էին ընթացքի մեջ։ Օրինակ՝ ապակենտրոն շարժման գաղափարը ծնվեց միայն այն բանից հետո, երբ Գյումրիից դեպի Երեւան ոտքով քայլերթ կազմակերպեցինք եւ, ըստ էության, կենտրոնացրինք ուժերը Ֆրանսիայի հրապարակում։ Այդ մեթոդը ընտրվեց մեր քաղհասարակության գործընկերների կողմից՝ օպերայի ստորգետնյա ավտոկայանատեղիում կայացած քննարկման ընթացքում։ Այդպես ծնվեցին բազմաթիվ նոր մոտեցումներ՝ ավտոմեքենաների ազդանշաններից մինչեւ այլ նորարարական քայլեր։

Ես դեռ 2018-ին ասում էի, որ հեղափոխության ընթացքում կիրառված շատ գաղափարներ ծնվել են հենց ընթացքի մեջ։ Իմ կողմից ներկայացվածը ընդամենը մի քանի մեթոդաբանական առաջարկներ էին։

-Պարո՛ն Հայրապետյան, այդ օրերին պատկերացնո՞ւմ էիք, որ փողոցներ փակելով, վրաններում գիշերելով իսկապես կհասնեիք մինչեւ այս օրերի ձեր զբաղեցրած պաշտոնին։

-Ո՛չ։ Եթե անկեղծ, պատկերացումները հակառակն էին՝ ավելի բացասական, ավելի ռիսկային։ Խոսքը գնում էր հնարավոր ազատազրկման, քաղաքական հետապնդումների եւ այլ ճնշումների մասին։

Երբ մարդ սկսում է նման գործընթաց, հիմքում դրված է գաղափարը։ Ապրիորի ինքդ քեզ համար չես էլ քննարկում իշխանության, պաշտոնի կամ անձնական շահի մասին։ Գաղափարն է առաջնորդում։

Իհարկե, անհանգստություններ կային։ Չեմ ասի՝ վախեր, որովհետեւ վախը կարող էր կանգնեցնել վճռական քայլերի ճանապարհին։ Բայց տագնապ կար, քանի որ այդ ընթացքում իմ ընկերները ստանում էին զանգեր իրավապահ համակարգից, ճնշումների էին ենթարկվում, որպեսզի ինձ հետ պահեին շարժման կազմակերպումից։

Հարցազրույցի շարունակությունը «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա՝ 3204 համարում:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

 

ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԸ ՀՐԱՎԻՐՎԵԼ Է ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը երեկ ՀՀ քննչական կոմիտեում հարցաքննվել է «Սրբազան պայքարի» գործի շրջանակում: Այս մասին նա հայտնել է տեսանյութով:

«Այսօր ինձ հրավիրել էին Քննչական կոմիտե՝ Պետության սահմանադրական կարգի հիմունքների, պետության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչություն՝ հարցաքննության։ Ինձ հրավիրել էին Քննչական կոմիտե՝ «Բագրատ Սրբազանի եւ 17 արդարների գործի» շրջանակներում։ Այդ գործից կա անջատված մաս եւ տեղի է ունենում, այսպես կոչված, լայնածավալ քննություն»,- ասաց Սաղաթելյանը։

Նա նշեց, որ հրաժարվել է որեւէ ցուցմունք կամ բացատրություն տալ. «Հայտարարել եմ՝ դա քաղաքական գործ է, իրավական որեւէ պրոցես տեղի չի ունենում, դա ընդամենը քաղաքական պատվերի շրջանակներում հետապնդումներ են, եւ ես հրաժարվում եմ որեւէ բացատրություն տալուց։ Երբ որ այս գործի շրջանակներում գլխավոր դատախազը գտնվում էր Ազգային ժողովում իմ գործընկեր Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու եւ կալանքի տանելու հարցով, ՔՊ-ական պատգամավորները ինչպիսի՜ մեծ ջանքերով եւ կրքով պահանջում էին՝ բա ինչո՞ւ մյուս երկու պատգամավորներին՝ Գառնիկ Դանիելյանին եւ Իշխան Սահաթելյանին, անձեռնմխելիությունից չեք զրկում։

Նշեմ, որ մենք անհանգստության որեւէ պատճառ չունենք՝ պարզ պատճառաբանությամբ, սա իրավական որեւէ պրոցեսի հետ կապ չունի, քաղաքական պատվեր է եւ փորձելու են այս շրջանակում ինչ-որ նոր գործ կարելու կամ նոր մարդկանց մեղադրանք առաջադրելու», – ասել է պատգամավորը՝  հորդորելով չանհանգստանալ եւ ամուր մնալ:

 

 

Ո՞Վ Է ՅՈԹ ՎԵՐՔՈՒՄ ՊԱՏԱՐԱԳ ՄԱՏՈՒՑԱԾ ՏԵՐ ՄԿՐՏԻՉԸ

Դեկտեմբերի 7-ին Գյումրու Սուրբ Աստվածածին Մայր Եկեղեցում՝ Յոթ Վերքում, Նիկոլ Փաշինյանը եւ իշխանության թեւի մի շարք ներկայացուցիչներ պատարագի են մասնակցել։ Յոթ վերքում պատարագին ներկա էր նաեւ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Ինչպես վաղօրոք էինք հայտնել՝ Շիրակի թեմի բոլոր քահանաները հրաժարվել էին Նիկոլ Փաշինյանի օրակարգով պատարագ մատուցելուց, ուստի անհրաժեշտություն կար շրջիկ քահանայի, որն էլ պատարագին կշրջանցեր Վեհափառ Հայրապետի անունը։

Երկար փնտրտուքից հետո միայն դեկտեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ այդ հոգեւորականը Տեր Մկրտիչ քահանա Մուշադյանն է՝ Արմավիրի թեմից։

Նշենք, որ Տեր Մկրտիչը Վաղարշապատի համայնքային ընտրությունների քարոզարշավի հավաքին հոգեւոր իր առաջնորդությունն էր ցուցաբերում։ Ուսումնասիրելով Տեր Մկրտիչի ֆեյսբուքյան էջը՝ կարող ենք ասել, որ նա հաշտ ու համակարծիք էր Վեհափառի եւ նրա որոշումների հետ, ինչպես նաեւ ընդունում էր Վեհափառի հայրապետական օրհնությունը։

Յոթ վերքում պատարագ մատուցելիս՝ Տեր Մկրտիչը զեղչեց՝ չհնչեցրեց Վեհափառ Հայրապետի անունը եւ ապա,առանց որեւէ մեկի հետ խոսելու, շփվելու գլխիկոր հեռացավ եկեղեցուց։

Հիշեցնենք, որ եկեղեցու կանոնների համաձայն՝ խիստ մերժելի է պատարագին Վեհափառ Հայրապետի անունը զեղչելը։

ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ

 




Լրահոս