Armenian text to speach

Ի՞ՆՉ ՈՒՆԵՑՎԱԾՔ ՈՒՆԻ ՔՊ-Ի ՑՈՒՑԱԿՈՎ ԱՌԱՋԱԴՐՎԱԾ Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Armlur.am-ը տեղեկացավ, որ ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը եւս ՔՊ-ի 2026 թվականի նախընտրական ցուցակում է առաջադրվել:

 

Հիշեցնենք, որ Առաքելյանը համարվում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մտերիմ ընկերը: Վերջինս 2023 թվականին Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ ազատվել էր Ազգային ժողովի նախագահի օգնականի պաշտոնից եւ նշանակվել ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պաշտոնում:

Հիշեցնենք, որ դեռեւս 2024 թվականի հոկտեմբերին մամուլում գրվել էր, որ Էրեբունի վարչական շրջանի՝ իր բնակության վայրի հարակից տարածքներում, մտերիմ շրջապատում Դավիթ Առաքելյանին «ձուկ» մականունով են դիմում: Նրա արդեն նախկին ընկերներից մի քանիսը պատմել էին, որ բոլորը գիտեն, թե Դավիթին ինչպես են դիմում, եւ ինքն էլ վաղուց վատ չի զգում իր մականվան համար:

Սույն թվականի հոկտեմբերին ArmLur.am-ը ներկայացրել էր Դավիթ Առաքելյանի ունեցվածքը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում հրապարակված 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի հայտարարագրից պարզ է դառնում, որ Դավիթ Առաքելյանը սեփական անշարժ գույք չի տնօրինում եւ բնակվում է այլ անձի սեփականությամբ հանդիսացող բնակարանում, որը 90 օրից ավելի օգտագործում է։ Առաքելյանը 2021 թվականին նվիրատվությամբ ստացել էր 2016 թվականի արտադրության Toyota մակնիշի ավտոմեքենա, որը նախորդ տարի վաճառել է 6,6 մլն դրամով, սակայն մոտ 7 մլն դրամ արժողությամբ նվերը ումից է ստացվել՝ հստակեցված չէ։ ԱԺ աշխատակազմի ղեկավարի բանկային հաշիվներում տարվա ավարտին արձանագրվել է 1 մլն 377 հազար դրամ մնացորդ։ Բացի դրանից, նա հայտարարագրել է կրիպտոարժույթ՝ 6,474 FTN։ Նրա կանխիկ միջոցները կազմել են 32 հազար դոլար, 14 մլն 250 հազար դրամ, 7 հազար եվրո եւ 2 հազար շվեյցարական ֆրանկ։ Հարց է առաջանում՝ ինչպե՞ս է Առաքելյանը կուտակել այս գումարները, ո՞րն է դրանց աղբյուրը.  գումարի ծագումնաբանությունը հայտարարագրում բացակայում է։

Հայտարարագրված հաշվետու տարվա եկամուտները ընդհանուր առմամբ կազմել են 22 մլն 76 հազար դրամ, որից 15 մլն 376 հազար դրամը ստացել է որպես աշխատավարձ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից, 6,6 մլն դրամը՝ ավտոմեքենայի վաճառքից, իսկ ընդամենը 100 հազար դրամը «այլ եկամուտ» է ՀՀ պետական եկամուտների կոմիտեից։ 2024 թվականին Առաքելյանը միանվագ կատարել է 15,5 հազար դոլարի ծախս, սակայն, թե ինչ նպատակով կամ ինչ գնումների վրա է այդ գումարը ծախսվել, հայտարարագրում նշված չէ։

Դավիթ Առաքելյանը, որը հանդիսանում է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար, նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

 

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆՈՐ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ

Դեկտեմբերի 8-ին Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման համաձայն՝ Անժելա Կժդրյանը նշանակվել է վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդական։

Ո՞վ է նորանշանակ  խորհրդականը.

Անժելա Կժդրյանը եղել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարի մամուլի քարտուղարը Արայիկ Հարությունյանի նախարարության ժամանակ։

Մինչ խորհրդական դառնալը Անժելա Կժդրյանը եղել է Վարչապետի աշխատակազմի Ռազմավարական հաղորդակցության եւ մասնակցային կառավարման բարեփոխման ծրագրերի ղեկավարը եւ անգամ հանդես է եկել ելույթով ամենամյա «Ժողովրդավարության հայկական ֆորումի» ժամանակ տեղի ունեցած պանելային քննարկման ժամանակ՝ «Հայաստանում մեդիա միջավայրի վրա ազդող գործոնները» խորագրով:

Անժելա Կժդրյանն ավարտել է Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետը, մագիստրոսի աստիճան ստացել ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում: Կժդրյանը մարքեթինգի ոլորտում մասնագիտացել է Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրով: Աշխատել է որպես թղթակից «Մեդիամաքս» լրատվական գործակալությունում, IdeA հիմնադրամում համակարգել է հասարակայնության հետ կապերը, իսկ «Բրեւիս» ընկերությունում աշխատել է որպես հաղորդակցության ավագ մասնագետ:

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՎԱՌԵԼԻՔԻ  ՏԱՐԱՆՑՈՒՄԸ՝ ԱՆՎՃԱՐ

Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարությունը հայտարարել է, որ Ադրբեջանից Հայաստան Վրաստանի տարածքով վառելիքի տարանցման խնդրանք է ստացել գործընկեր երկրներից։

Այս մասին հայտնել է Վրաստանի առաջին ալիքը՝ շեշտելով, որ նախարարությունն այդպիսով արձագանքել է ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկություններին, թե Վրաստանի կողմից կիրառվող սակագնային արգելքները խոչընդոտում են Ադրբեջանի Հայաստան Վրաստանի տարածքով վառելիքի մատակարարմանը։

Նախարարության տվյալներով՝ դեկտեմբերի 5-ին Վրաստանի կառավարությունը գործընկեր երկրներից ստացել է Վրաստանի տարածքով Ադրբեջանից Հայաստան վառելիքի միանվագ տարանցման խնդրանք։

Նշվում է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն «Վրացական երկաթուղիներ»-ին հանձնարարվել է անվճար իրականացնել այս տարանցումը։ Այս որոշումը պաշտոնապես հաղորդվել է բոլոր համապատասխան կողմերին։

«Վրաստանը միշտ եղել եւ մնում է ռազմավարական եւ հուսալի գործընկեր թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար։ Մենք մշտապես աջակցել ենք խաղաղությանը եւ տարածաշրջանային համագործակցությանը», – ասված է Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

 

 

 

ՆԱՐԵԿ ԶԵՅՆԱԼՅԱՆԸ ԱՌԱՋԱԴՐՎԵԼ Է

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ ՔՊ խմբակցության նախկին պատգամավոր, «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրեն Նարեկ Զեյնալյանը եւս առաջադրվել է ՔՊ-ի 2026 թվականի նախընտրական ցուցակում:

Հիշեցնենք, որ 2024 թվականի նոյեմբերին Նարեկ Զեյնալյանը հայտարարեց պատգամավորական լիազորությությունները դադարեցնելու մասին:

«Իմ նախաձեռնությամբ դադարեցնում եմ պատգամավորական լիազորություններս։ Ինչպես մինչ այսօր, այսուհետեւ եւս գիտելիքներս եւ փորձս շարունակելու եմ ծառայեցնել Հայաստանի Հանրապետությանը», – նշել էր Զեյնալյանը:

Հավելենք, որ ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ Ազգային ժողովում Քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ տեղի ունեցած հայտնի միջադեպից հետո Նարեկ Զեյնալյանը Նիկոլ Փաշինյանից SMS էր ստացել ու մանդատը վայր դրել:

 

 




Լրահոս