Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, քաղաքագետ եւ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը Երեւանի «Dalma Garden Mall»-ի ավտոկայանատեղիում ենթարկվել է դիմակավորված երկու անձի հարձակման։ Վերջիններս, ըստ տվյալների, անսպասելի մոտեցել են թիկունքից, որի հետեւանքով Հակոբյանը ստացել է մարմնական վնասվածքներ՝ կոտրվել է քիթը, ինչպես նաեւ հարվածներ է ստացել գլխի շրջանում։ Դեպքից հետո նրան տեղափոխել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։
Նշենք, որ սա Միհրան Հակոբյանի դեմ երկրորդ հարձակումն է. 2021 թվականի հունիսի 22-ին նրա ավտոմեքենան վնասվել էր նռնակային հարձակման հետեւանքով։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանի փոխանցմամբ, այդ գործի քննությունն արդեն չորս տարի է շարունակվում է, բայց մինչ օրս չկա ոչ մի մեղադրյալ կամ կասկածյալ։
ArmLur.am-ը այցելել էր դեպքի վայր՝ պարզելու, թե ինչ են նկատել ականատեսները միջադեպի պահին։ Պարզվել է, որ Հակոբյանը մեքենան կայանել էր «Դալմա մոլի» տարածքում՝ մտնելու մոտակա բժշկական կենտրոն՝ հոր հետազոտության պատասխանները վերցնելու։ Մեքենայից իջնելու պահին միջին տարիքի երեք տղամարդ՝ երկուսը սեւ բաճկոնով, մեկը կարմիր, բոլորը բժշկական դիմակներով, մոտեցել են թիկունքից եւ հարձակվել նրա վրա։ Նրանք որեւէ բառ չեն ասել, չեն հայհոյել կամ բացատրություն ներկայացրել. պարզապես լուռ կատարել են իրենց գործողությունները եւ, նկատելով դեպի նրանց շտապող քաղաքացիներին, արագ նստել են սեւ գույնի Toyota Camry մակնիշի, 37JO… տեսանելի համարանիշներով ավտոմեքենան, որը մինչ այդ կանգնած սպասել էր նրանց։
ՀՀ Քննչական կոմիտեն ArmLur.am-ին հաղորդել է, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 12-րդ կետերով (առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը՝ մի խումբ անձանց կողմից, խուլիգանական դրդումներով)։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն, սակայն մինչ այս պահը չկա որեւէ կասկածյալ՝ ոչ կատարողների, ոչ էլ հնարավոր պատվիրատուների մասով։
Եթե չորս տարի առաջ տեղի ունեցած հանցագործությունը Միհրան Հակոբյանի դեմ բացահայտված լիներ, այսօր անպատժելիությունը նոր դրսեւորում չէր ստանա։ Հարձակումը տեղի է ունեցել մարդաշատ տարածքում, ինչը ցույց է տալիս, որ հարձակվողները չեն վախեցել տեսախցիկներից կամ ականատեսներից։ Ակնհայտ է նաեւ, որ նրանք գործել են պատվերով՝ հստակ հանձնարարությամբ։
Հիշեցնենք, որ 2023-ի հունիսին իր տան բակում դաժան ծեծի էր ենթարկվել նաեւ հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, որի գործը մինչ օրս բացահայտված չէ։ Անպատիժ են մնացել բոլոր բռնարարները։ 2024-ի ապրիլի 16-ին ոստիկանների հսկողության տակ գտնվող երիտասարդ Սամվել Վարդանյանը նույնպես ծեծի ենթարկվեց դիմակավորված անձանց կողմից, եւ այդ գործով եւս չկա մեղադրյալ կամ կասկածյալ։
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ դատապարտել է բռնությունը, սակայն ակնհայտ է, որ թվարկված բոլոր դեպքերն իրենց բնույթով քաղաքական վրեժխնդրության դրսեւորումներ են։ Բռնությունը մերժելու խոստումով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ բռնությունը դարձել է գրեթե օրինաչափություն, եւ երբեմն նույնիսկ փաստաբաններին են կալանավորում հասարակ գրառման համար։
Սա այն «սիրո եւ հանդուրժողականության» մթնոլորտն է, որտեղ այսօր ապրում ենք նոր Հայաստանում։
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ԲԱՐՁՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՎԱՅՐ Է ԸՆԿԵԼ
Դեկտեմբերի 6-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 23։35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Շերամի փողոցի թիվ 59 հասցեից «պոլիտրավմա» ախտորոշմամբ Երեւանի 1-03 շտապօգնության խումբը անգիտակից վիճակում «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ հետո ոստիկանության Մալաթիայի բաժին են զանգահարել «Աստղիկ» բժշկական կենտրոնից եւ հայտնել, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։
Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ մահացածը Երեւանի բնակիչ 20-ամյա Դավիթ Պ.-ն էր։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության ծառայողները պարզել են, որ դեկտեմբերի 6-ին Շերամի փողոցի թիվ 59 շենքում Դավիթ Պ.-ն անհայտ հանգամանքներում բարձրությունից վայր է ընկել, եւ ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՏՂԱՄԱՐԴՈՒ ԴԻ
Դեկտեմբերի 9-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիեւյան կամրջի տակ՝ Հրազդանի կիրճում՝ Հրազդան գետում, դի կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երեւանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ օղակի հրամանատար Գրիգոր Գալստյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաեւ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երեւան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Վարանցով Բալասանյանն ու կրտսեր պարեկ Նորիկ Այվազյանը:
Ժամանել են նաեւ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Գեւորգ Պողոսյանի գլխավորությամբ:
Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել տղամարդու մարմին:
Տեղում աշխատում էին ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Էդգար Բալոյանի եւ հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Գարուշ Գեւորգյանի եւ Կարապետ Չոբանյանի գլխավորությամբ:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
























