Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից ArmLur.am-ը տեղեկանում է, որ քննարկման է դրվել «Հայաստանի Հանրապետություն պողպատե ամրանների ներմուծման լիցենզավորման ընթացակարգը եւ հիմնական լիցենզիայի ձեւը սահմանելու մասին» նոր նախագիծ։
Նախագիծը սահմանում է՝ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքով ամրագրվող դրույթների կիրարկման ապահովման նպատակով պողպատե ամրանների ներմուծման լիցենզավորման ընթացակարգի եւ հիմնական լիցենզիայի ձեւի հաստատումը, ինչն էլ իր հերթին ուղղված է ոլորտային արտադրատեսակների շուկայում հավասար մրցակցության, արտադրական ավելի երկար շղթաների կիրարկման, առավել բարձր ավելացված արժեքով տեղական ապրանքների արտադրության զարգացման խթանման, տեղական մետաղագործական ձեռնարկությունների արտադրանքի բնականոն գործունեության ապահովմանը։
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։
ArmLur.am-ը տեղեկանում է, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում գործում են «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» ԲԲԸ, «Չարենցավանի հաստոցաշինական գործարան» ԲԲԸ, «Նիկոլ Դուման» ԱԿ, «Ձուլակենտրոն» ԲԲԸ ձուլարանները, կառուցվում ու վերակառուցվում են «Ջի Թի Բի սթիլ» ՍՊԸ, «Քարակերտի քարաձուլման գործարան» ԲԲԸ ձուլարանները։
Նախագծի հիմնավորման մեջ առկա է թվային աղյուսակ, որից էլ տեղեկանում ենք, որ 2022-ից 2024 թվականներին Հայաստանի Հանրապետություն ներմուծված թիրախային արտադրանքի քանակի գերակշիռ մասը՝ 75.5%-ը (գումարային արտահայտությամբ՝ 80.2%-ը) ներմուծվել է ԻԻՀ-ից։
Վերլուծության արդյունքում պարզ է դառնում, որ ԻԻՀ-ից 7214 ապրանքային դիրքերում դասակարգվող ապրանքների (պողպատե ամրանների) 1 տոննայի գինը (առանց ԱԱՀ) Հայաստանում կազմում է 200.000-ից 205.000 դրամ։
Հայաստանում արտադրվող 1 տոննա պողպատե ամրանի մասով կատարված ծախսերը կազմում են շուրջ 230.000-ից 250.000 ՀՀ դրամ (վերլուծության համար հիմք հանդիսացող ցուցանիշները ՀՀ-ում գրանցված կազմակերպությունների հրապարակային ֆինանսական հաշվետվություններն են)։
Ըստ վիճակագրական տվյալների՝ ԻԻՀ-ից պողպատե ամրանների ներկրումը Հայաստանի Հանրապետություն շարունակաբար աճում է։
Համաձայն Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ուսումնասիրությունների՝
– 2023 թվականին 2022 թվականի համեմատ 1 տոննա ամրանի միջին կշռված մաքսային արժեքը 269.000 դրամից նվազել է 52.000 դրամով եւ կազմել 217.000 դրամ։
– ՀՀ-ում արտադրված 1 տոննա ամրանի միջին գինը կազմում ՝ 259.600 դրամ, նվազագույն եւ առավելագույն գները՝ 215.000 եւ 300.000 դրամ։
Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի օգոստոսի 7-ի N 1077-Ն որոշման ուժի մեջ մտնելուց հետո, տրամադրված հիմնական լիցենզիաների համաձայն, 2025 թվականի օգոստոս-հոկտեմբեր ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել մոտ 23 հազար տոննա պողպատե ամրան, որի ներմուծման հիմնական լիցենզիայի տրամադրման համար պետական տուրքի գումարը կազմել է մոտ 654 686 000 դրամ։
Նախագծում ասվում է. «Նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում մշակող արդյունաբերության գերակա ճյուղ համարվող ծանր արդյունաբերության խթանման, ինչպես նաեւ ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների (սեւ մետաղների) ներքին արտադրության եւ առեւտրի կանոնակարգման անհրաժեշտությամբ։ Նպատակ ունենալով զարգացնել առավել բարձր ավելացված արժեք ունեցող ապրանքների արտադրությունն ու հումքային ռեսուրսների ներքին սպառումը՝ ՀՀ կառավարությունը մի շարք որոշումներով արգելել է սեւ եւ գունավոր մետաղների ջարդոնի եւ դրանց պարունակությամբ թափոնների արտահանումը։ Նշված սահմանափակումներն ուղղված են տեղում սեւ եւ գունավոր մետաղների ջարդոնի վերամշակման, թափոններից մետաղների կորզման եւ առավել բարձր ավելացված արժեքով արտադրանքների արտադրության խթանմանը», – ասված է նախագծի հիմնավորման մեջ։
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ԹԱՓԱՌՈՂ ՇՆԵՐԻ ԽՆԴԻՐԸ ԴԵՌ ՉԻ ԼՈՒԾՎԵԼ
Իջեւանից հայտնում են, որ վերջին օրերին Տավուշի մարզկենտրոնում թափառող շների կողմից ընտանի կենդանիների հարձակման, ընտանի կենդանիների ոչնչացման դեպքեր են եղել։ Մի դեպքում թափառող շները ոչնչացրել են Իջեւանի բնակչի ճագարներին, մի այլ դեպքում՝ բնակիչներից մեկի բադերին։ Ընտանի կենդանիների կորուստ ունեցած իջեւանցին սպառնացել է մետաղե օղակներ սարքել, դրանցով բռնել, ոչնչացնել թափառող շներին։ Իջեւանի քաղաքապետարանի աշխատակիցը նրանից պահանջել է նման բան չանել։ Այս տարվա ամռանը Իջեւանի բնակիչներից դժգոհություններ կային, որ քաղաքի կենտրոնում` Շատրվանների հրապարակում մշտապես գտնվող «Ռիժիկ» շունն ագրեսիվ է քաղաքի կենտրոնով անցնող մարդկանց հանդեպ։ Իջեւանցիներից ոմանք էլ նշում էին, որ այդ շունը ագրեսիվ է միայն իր հանդեպ ագրեսիվություն ցուցաբերած մարդկանց նկատմամբ։ Հուլիսին «Ռիժիկին» հատուկ մեքենայով տեղափոխեցին Երեւան` շների ապաստարան։
Իջեւանում թափառող շները այս տարի երկու անգամ հարձակվել են համայնքի կոմունալ ծառայության բանվորների վրա։ Իջեւանի բնակչուհիներից մեկը գրավոր դիմել է համայնքապետարան այն հարցով, որ թափառող շունը հարձակվել է իր ձեռքի`սննդամթերքով փաթեթի վրա։ Ռուսաստանի քաղաքացի Սվետլանա Նեկրասովան իր ռուս ամուսնու հետ բնակվում է Իջեւան քաղաքին հարակից Գանձաքար գյուղում։ Նեկրասովան Իջեւան քաղաքի մոտակա Գետահովիտ գյուղում «Պրիյուտ» անվանումով ապաստարան ունի։ Նա մեր թղթակցին հայտնեց, որ թափառող շների խնդրի լուծումն ինքը տեսնում է համայնքապետարանի, կենդանասեր կամավորների եւ միջազգային կազմակերպությունների համագործակցային աշխատանքով։ Իջեւան քաղաքից կենդանասեր Լիլիթ Օքմինյանը, ով երաժշտության ուսուցիչ է, հայտնեց, որ ինքն ամիսներ շարունակ շների համար սնունդ է պատրաստել, տարել Գետահովտում գործող ապաստարան, սակայն Նեկրասովան անհայտ պատճառներով արգելել է իրեն դա անել, նաեւ պահանջել է լքել տարածքը` հայտարարելով, որ դա մասնավոր տարածք է, չլքելու դեպքում ինքը ոստիկանություն կկանչի։ Լ. Օքմինյանը հայտնեց, որ Ներկրասովան համացանցում փակել է շների ապաստարանի էջը, հավանաբար այն պատճառով, որ մարդիկ չտեսնեն, թե ովքեր եւ ինչքան են հովանավորում, աջակցում այդ ապաստարանին։ Իջեւանի համայնքապետարանից տեղեկացանք, որ համայնքապետարանը մայիսից մինչեւ հոկտեմբեր ամիսը կազմակերպել է շուրջ 100 թափառող շների ստերջացումը։ Համայնքապետարանը համագործակցում է Հայաստանի եւ Իջեւանի կենդանասերների հետ։ Իջեւանի կոմունալ ծառայության իրավաբան, կենդանասեր Դավիթ Սահակյանը գրեթե ամեն օր զբաղվում է թափառող շների խնդրով. այդ հարցն այս տարի ներկայացվել է նաեւ Տավուշում աշխատող եվրոպացի դիտորդներին։ 2026 թվականին Գերմանիայի աջակցությամբ Իջեւանում թափառող շների եւ կատուների ստերջացման ծրագիր կիրականացվի։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
























