Մեծամոր խոշորացված համայնքի Այգեշատ բնակավայրի Սուրբ Գևորգ եկեղեցում երեկ՝ դեկտեմբերի 14-ին, Նիկոլ Փաշինյանը կրկին մասնակցեց կիրակնօրյա պատարագի։
Սուրբ Գևորգ եկեղեցում հոգևոր ծառայության է կարգված Տեր Մաշտոց քահանա Ստեփանյանը, որ մինչ կիրակնօրյա պատարագը ArmLur.am-ին հայտնել էր, որ ինքն է մատուցելու պատարագը՝ ինչպես կարգն է, ինչպես միշտ է արել, և անգամ զարմացավ մեր այն հարցից, թե հիշելու՞ է Վեհափառի անունը, թե ոչ։
Սակայն արդեն կիրակի օրը և՛ Տեր Մաշտոցը, և՛ Տեր Մկրտիչ քահանա Մուշադյանը պատարագից ընդամենը րոպեներ առաջ վարանում էին պատասխանել լրագրողների այն հարցին, թե իրենցից ի վերջո ով է մատուցելու պատարագը։
Բարձրաստիճան հոգևորականներ Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի և Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի առաջնորդությամբ կիրակնօրյա պատարագը մատուցեց Տեր Մաշտոցը։ Նա էլ որոշեց զեղչել Վեհափառի անունը։
Նշենք, որ այս անգամ Նիկոլ Փաշինյանի հետ պաշտոնյաներից պատարագի էին մասնակցում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, պատգամավորներ Ալխաս Ղազարյանը և Արմեն Խաչատրյանը։
Մշտապես Նիկոլ Փաշինյանին պատարագների ուղեկցող Գևորգ Պապոյանը, Ալեն Սիմոնյանը, Վահագն Ալեքսանյանը և Անահիտ Ավանեսյանն այս անգամ բացակայում էին։
Հաջորդ կիրակի որ եկեղեցում է Նիկոլ Փաշինյանը մասնակցելու պատարագի, առայժմ հայտնի չէ։
Նանիկ Աղասյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























