Վերջին շրջանում զեղծարարությունները, որոնք կապված են համացանցում ցուցաբերած անփութության հետ, շատացել են, սակայն էլ ավելի ցայտուն կան ու մնում են անհատների կողմից իրականացված «հանցագործությունները», որոնք, բազմաթիվ բողոքներին զուգահեռ, մնում են անպատիժ։
ArmLur.am-ի խմբագրություն ահազանգած քաղաքացի Մ․ Թ․-ն պնդում է, որ List.am-ի միջոցով իրեն խաբել են և շորթել գրեթե 200 հազար դրամ գումար։
«Օգոստոսի վերջերին տունը List.am-ով գտնում ենք։ Մեզ ուղարկում են նկարներ, վիդեոներ։ Մեզ ասում են, որ այս պահին ապրում են Լոռու մարզում և չեն կարող գալ, հենց այդ օրը տունը ցույց տալ։ Ասում են՝ եթե հաստատ որոշել եք, նույն տունն ա, ոչ մի տարբերություն չկա, կարող եք կանխավճար տալ, մենք հայտարարությունը List.am-ից կջնջենք։ Մեզ շտապ վարձով բնակարան էր պետք, դրա համար 190 հազար կանխավճար տվեցինք ու պայմանավորվեցինք, որ 2 օրից կգան, տունը ցույց կտան»,- պատմում է քաղաքացին։
Գումարը ստանալուց հետո Հայկ Թումանյան անուն ազգանունով քաղաքացին, ով տան սեփականատերն էր ներկայանում, 2 օր անց վարձակալության համար դիմած Մ․ Թ․-ին հայտնել է, որ աշխատավայրում խնդիրներ կան, թող մնա կինս կգա ցույց կտա։ Ապա կինը զանգահարել և հայտնել է, որ բալիկը հիվանդ է, նա էլ չի կարող գալ։
Մ․ Թ․-ին և ամուսնուն նման կերպ գրեթե 15 օր խաբել են, որից հետո վերջիններս որոշել են գումարը հետ պահանջել և հրաժարվել բնակարանը վարձակալելուց։ Հայկ Թումանյանը սկսում է զանգերին չպատասխանել և անհետանում է։
Մ․ Թ․- ն և ամուսինը որոշում են այլ եղանակներ փնտրել տան տերերի հետ կապվելու և հեռախոսահամարը Getcontact հավելվածի միջոցով որոնում են և անակնկալի գալիս։ Հայկ Թումանյանը հեռախոսահամարը գրանցված է լինում «Հայկ խաբեբա»։ Նաև նույն համարի անվան ներքո նշված անձը բնակարաններ է վաճառել Երևանի տարբեր հատվածներում։ Սա դառնում է կասկածի պատճառ և Մ․ Թ․- ն դիմում է ոստիկանություն։ Այնտեղ պարզվում է, որ Հայկ Թումանյանի կինն արցախից է, իսկ տունը, որը առաջարկվել է զույգին վարձակալության համար, գտնվում է Արցախում։
Մ․ Թ․-ն ArmLur.am-ին պատմել է, որ ոստիկանությունում պարզվել է, որ նրանց վերաբերյալ 1 տասնյակից ավելի դիմումներ կան։ Տարբեր անձանցից շորթել են 80 հազար և ավելի դրամներ։ Երբ այս մասին ֆեյսբուքյան տարբեր խմբերում բարձրաձայնել է զույգը, արձագանքներից հասկացել են, որ Հայկ Թումանյանից և վերջինիս կնոջից բազմաթիվ անձինք են տուժել։
Ֆեյսբուքյան խմբերում այդ հայտարարությունը տեսել էին նաև Հայկ Թումանյանը և կինը՝ Մարիամ Գրիգորյանը, որից հետո կապվել էին Մ․ Թ․-ի և ամուսնու Գ․ Շ․-ի հետ նրանց ուղարկելով սպառնալիքներ, որ նրանց և նրանց հարազատների նկարները կհայտնվեն Tik Tok -ում վատ գրվածքներով։
ArmLur.am-ը Քննչական կոմիտեից փորձեց տեղեկանալ, թե հաղորդումն ինչ ընթացք է ստացել․ խոստացան հնարավորինս շուտ պատասխանել։
Էմմա Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում․


























































































