Armenian text to speach

Առաջարկվում է ևս մեկ հնարավորություն ընձեռել և մինչև 2026 թ. դեկտեմբերի 31-ը հաշվառել առկա ինքնակամ կառույցները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

2021 թվականին ընդունված ինքնակամ կառույցների կառուցապատման օրինականացման գործառույթները կանոնակարգող օրենսդրական փաթեթով սահմանվել էր արգելք, որով օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կառուցված որեւէ ինքնակամ շինություն այլեւս օրինականացման ենթակա չէր: Կառավարությունը զուգահեռ հաստատել էր ինքնակամ կառույցների հաշվառման կարգը՝ յուրաքանչյուր բնակավայրի համար սահմանելով ժամկետ: Երեւանի համար ժամկետ սահմանվել էր մինչեւ 2022 թվականի ավարտը, քաղաքային բնակավայրերի, խոշորացված համայնքների համար՝ մինչեւ 2023 թվականի ավարտը, իսկ գյուղական բնակավայրերի համար՝ մինչեւ 2024 թվականի ավարտը: Կադաստի կոմիտեի տեղեկատվական շտեմարան էր ներմուծվել մոտավորապես 70.000 ինքնակամ շինություն:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում դեկտեմբերի 15-ին քննարկվել է ««ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն առաջին ընթերցմամբ ներկայացրել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը:

2021 թվականին իրականացվել է նաեւ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքի օդային լուսանկարահանում: Այս լուսանկարներն ինտեգրվել են կադաստրային քարտեզին: Այդ ամենը տեղադրված է Ազգային գեոպորտալում:

Սուրեն Թովմասյանի խոսքով բնակչության մի հատված տարբեր պատճառներով չէր հասցրել հաշվառել իր ինքնակամ կառույցը, ինչի առթիվ ստացվել են բազմաթիվ դիմում-բողոքներ, որոնցով պայմանավորված էլ առաջարկվում է օրենսդրական նոր կարգավորում:

Առաջարկվում է ինքնակամ շինությունը կապակցել օդային լուսանկարին (օրթոֆոտոլուսանկար), որն արձանագրում է 2021 թվականի իրավիճակը: «Նկարին նայելով՝ փաստացի տեսնում ենք այդտեղ կա՞ շինություն, թե՝ ոչ»,- նշել է Կադաստրի կոմիտեի ղեկավարը: Օդային լուսանկարի վրա կառուցման տարեթիվը հաստատող ինքնակամ շինությունների կառուցապատողները մեկ տարվա ընթացքում կրկին հաշվառման դիմելու հնարավորություն կունենան:

Բազմաբնակարան շենքերի ներսում գտնվող ինքնակամ հատվածների պարագայում (դրանք օդային լուսանկարում հնարավոր չի լինի նշմարել) վարչարարության համար համապատասխան հաշվառում ներկայացնող չափագրողներից լրացուցիչ տվյալներ կպահանջվեն: «Մենք նախատեսում ենք, որ մոտ 70.000 միավորի կարգի հաշվառում կլինի ինքնակամ շինությունների»,- ընդգծել է Սուրեն Թովմասյանն ու կոչ արել քաղաքացիներին օրենքն ընդունվելուց հետո հաշվառման համար անմիջապես դիմել որակավորված մասնագետներին եւ չսպասել վերջնաժամկետի ավարտին:

Հարակից զեկույցում Ալխաս Ղազարյանը կարեւորել է օրենսդրական առաջարկի ընդունումը:

Հարցուպատասխանի ու ելույթների ձեւաչափում անդրադարձ է եղել որակավորված չափագրողների թվին, քաղաքացիների համար կադաստրային քարտեզի պատճառով առաջացած խնդիրներին, ինքնակամ շինությունների հաշվառման գործընթացին: Կարեւորվել է քաղաքացիների իրազեկումն օրենսդրական փոփոխության ու գործընթացի վերաբերյալ:




Լրահոս