Կառավարությունը նոր օրենք է մշակել, ըստ որի կուտակային կենսաթոշակային համակարգով սահմանված նորմերը չկատարելու դեպքում տուգանքներ և տույժեր չեն սահմանվի:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի այս որոշումն ու առկա խնդիրները լուծելու պատրաստակամությունը Armlur.am-ի հետ զրույցում ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը որակեց որպես նահանջ:
«Նրանք ստիպված են նահանջել: «Քառյակի» ճնշումը, «Դեմ եմ» նախաձեռնության ակցիաները, ժողովրդի ընդվզումը, հասարակության այս ճնշումն ի վերջո բերեց նրան, որ նրանք նահանջեն», – նշեց նա:
Անդրադառնալով Կառավարությունում սպասվող կադրային փոփոխություններին, պատգամավորը նշեց, թե Հովիկ Աբրահամյանի նշանակումից առաջ էլ իրենք չէին սպասում լուրջ փոփոխությունների:
«Մեզ համար ոչ անձերն են կարևոր, ոչ էլ ծրագրերը: Մեզ համար կարևոր է, որ երկրում լինի ընտրված իշխանություն: Մենք չունենք այդպիսի իշխանություն: Այն ձևավորված է ընտրությունների լայնածավալ կեղծիքի արդյունքում», – նշեց նա: