Հայ մամուլի օրվա առթիվ «Ժողովուրդ» օրաթերթը հոկտեմբերի 16-ին հրաշալի նվեր էր ստացել՝ հաղթելով դատարանում:
Հիշեցնենք՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը պարտվել էր, քանի որ զրպարտել էր «Ժողովուրդ» օրաթերթին:
Հիմա ամեն ինչի մասին՝ հերթով. 2023 թվականի դեկտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ ամբիոնից ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հրապարակավ զրպարտեց մեզ:
Այդ հայտարարությունից հետո «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիրը Արթուր Հովհաննիսյանից հրապարակավ բացատրություն պահանջեց, եւ քանի որ չստացանք պատշաճ բացատրություն եւ փաստեր չներկայացվեցին, մտանք դատարան:
Դատարանի միջոցով պահանջել էինք պարտավորեցնել հրապարակայնորեն՝ ԱԺ ամբիոնից, իսկ անհնարինության դեպքում ArmԼur.am լրատվական կայքի միջոցով տեսանկարահանմամբ հերքել արված հայտարարությունը եւ նույն ձեւաչափով ներողություն հայցել «Ժողովուրդ» օրաթերթի ամբողջ խմբագրակազմից, ի հատուցումն հայցվորին պատճառված ոչ նյութական վնասի բռնագանձել նաեւ 4 մլն ՀՀ դրամ, ինչպես նաեւ դատական ծախսերը:
Իհարկե, դատավոր Սարգիս Երիցյանը մասամբ էր բավարարել մեր պահանջները՝ վճռելով, որ Արթուր Հովհաննիսյանը պարտավոր է զրպարտություն համարվող հայտարարությունը հրապարակայնորեն հերքել Ազգային ժողովի ամբիոնից, անհնարինության դեպքում «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊ ընկերությանը պատկանող ArmԼur.am էլեկտրոնային կայքով հերքումն իրականացնել՝ վճռի օրինական ուժ ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում:
Հերքել հետեւյալ կերպ՝ «07.12.2023 թվականին ՀՀ ազգային ժողովի նիստի ընթացքում ամբիոնից արված հայտարարությունը («…դե մենք գիտենք՝ հրապարակումները Հայաստանում ոնց են ծնվում, օրինակ՝ ինչ-որ մեկը կարող ա «Ժողովուրդ» օրաթերթին փող տա, վատ հոդված պատվիրի ինչ-որ մեկի մասին, որ պախարակի էդ մարդուն, ինչը նորմալ երեւույթ ա «Ժողովուրդ» օրաթերթի համար….») իրականությանը չի համապատասխանում»։
Դատարանը վճռել էր նաեւ Արթուր Հովհաննիսյանից, հօգուտ «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊ ընկերության, բռնագանձել 300 հազար ՀՀ դրամ՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում եւ 29 հազար դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:
Սակայն մենք բողոքարկելու ենք այս որոշումը, քանի որ Արթուր Հովհաննիսյանը պարտավոր է ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵԼ ԱԺ ԱՄԲԻՈՆԻՑ եւ փոխհատուցել մեզ հասցված նյութական վնասը, որը գնահատված է 4 մլն ՀՀ դրամ:
Չմոռանանք ասել, որ շնորհակալ ենք «ԷՄ ՋԻ ԷՄ փարթներս» փաստաբանական գրասենյակին՝ ի դեմս ղեկավար Գագիկ Խաչիկյանի՝ մամուլի օրը մեզ համար կարեւոր նվեր մատուցելու համար: Ի գո՛րծ:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՎԱՐՈՒՅԹ ԷՐ ՍԿՍՎԵԼ ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ
Հուլիսի 16-ին «Ժողովուրդ» օրաթերթ, ArmLur.am-ի խմբագրություն ահազանգ էր ստացվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քաղաքացուց, որ վարչական շրջանում ծորակի ջուրը խմել հնարավոր չէ (https://armlur.am/1385115/): Սակայն խմբագրության զանգերին ի պատասխան՝ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ից հորդորեցին գրավոր հարցում ուղարկել։
Հրապարակված նյութից հետո տեսչական մարմինը քննություն է սկսել պարզելու համար, թե ինչով է պայմանավորված ջրի նման որակը:
ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ
ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔԻ ՄԻՋԱԴԵՊԸ՝ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱ
Հուլիսի սկզբին «Ժողովուրդ» օրաթերթ, ArmLur.am լրատվականի ձեռքում էր հայտնվել տեսանյութ (https://armlur.am/1381707/), ըստ որի բովանդակության՝ մայիսի 24-ին Ջերմուկ քաղաքում՝ ճոպանուղու ներքեւի հատվածում գտնվող «Ստեյթ Հաուզ» ռեստորանում, միջադեպ էր եղել, որի կիզակետում էր հայտնվել Ջերմուկի գնդի հրամանատար Արման Մովսիսյանը:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ դեպքին ընթացք էին տվել զինվորական քննչական վարչությունում, եւ «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ կար անգամ նախաձեռնված վարույթ։
Ավելին, մեր աղբյուրների պնդմամբ՝ մտավախություն կար, որ իրավապահները քննությունը օբյեկտիվ չեն իրականացնի:
Քննության ընթացքում մեղադրվում էին տուժողները, սակայն նյութի հրապարակումից հետո քննության ընթացքը փոխվել է. այն շարունակվում է, եւ պարզվել է, որ նախաքննական մարմինը չէր տիրապետում տեղեկատվությանն այն մասին, որ դեպքերը նման զարգացում են ունեցել եւ նման տեսանյութ կա:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Wildberries-Ի ՏՀԱՃ ԽՆԴԻՐԸ ԼՈՒԾՎԵՑ
Wildberries առեւտրային օնլայն հարթակը հերթական անգամ տհաճ անակնկալ էր մատուցել ցանցից օգտվողներին (https://armlur.am/1397327/)։
«Ժողովուրդ» օրաթերթին, ArmLur.am-ին քաղաքացիները ահազանգել էին, որ զեղչված արժեքով ներկայացված ապրանքները բավականին մատչելի են վաճառվում, սակայն, վճարումներ անելուց հետո, ապրանքը տեւական ժամանակ իրենց չի հասնում։
Ահազանգած քաղաքացու խոսքով՝ օգոստոսի 6-ից մինչ սեպտեմբեր իր գնած ապրանքն իրեն չէր հասել։
Նյութի հրապարակումից մեկ-երկու օր անց քաղաքացին զանգահարեց եւ տեղեկացրեց, որ ստացել է իր փաթեթը:
Ա. ՍՐԱՊԻՈՆՅԱՆ
ԸՆԴԱՌԱՋԵԼՈՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ
Օգոստոս 15-ին «Ժողովուրդ» օրաթերթի, ArmLur.am-ի խմբագրությունը հերթական ահազանգն էր ստացել (https://armlur.am/1392702/)։ Այս անգամ ահազանգողները Արաբկիր վարչական շրջանի Օրբելի 67/2 հասցեում գտնվող 15 հարկանի նորակառույց շենքի բնակիչներն էին։
Բանն այն է, որ նորակառույց բազմաբնակարան շենքի տանիքին ապօրինի շինարարություններ էին տեղի ունենում։
Մեզ հետ զրույցում բնակչները ասել էին, որ ոչ մի համաձայնություն չեն տվել կառուցապատողներին այդ շինարարությունները սկսելու համար, եւ, որ այն սկսվել է նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի օրոք։
Նյութի հրապարակումից հետո քաղաքապետարանը տուգանել է կառուցապատողին եւ ապամոնտաժել ապօրինի կառույցը:
Ա. ՍՐԱՊԻՈՆՅԱՆ
ՏԱՐՎԱ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ
«Ժողովուրդ» օրաթերթի հոդվածների եւ դրանցում տեղ գտած բացահայտումների հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հարուցել է 24 վարույթ։ Վարույթների շրջանակում պաշտոնատար անձանցից հայցվել են հայտարարագրերի անճշտությունների պարզաբանումներ։ Իշխանական թիմի հետ կապված լինելու հանգամանքով պայմանավորված՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարճել է վարույթները։
Հարուցված վարույթներից 5-ի ուսումնասիրությունները ընթացքում են։
Վերոնշյալ վարույթներից կարելի է առանձնացնել մի քանի ուշագրավ նյութ եւ վարույթ:
-Մայիսի 14-ին հրապարակված ««Օրենքը օրենք չէ», եթե բացառություններ չունի ՔՊ պատգամավորի համար. Թագուհի Ղազարյանի ոչ ստեղծագործական աշխատանքի հետքերով» վերտառությամբ մամուլի հոդվածի համաձայն՝ ԱԺ պատգամավոր Թագուհի Ղազարյանը, պատգամավորական մանդատին զուգահեռ, զբաղվում է նաեւ նյութերի թվայնացմամբ, խմբագրմամբ, որի համար 2023 թվականին «Գրանիշ» գրական ակումբի կողմից ստացել է այդ տարվա ընթացքում արխիվային նյութերի թվայնացման, խմբագրման ու նորովի մեկնաբանման համար մրցանակ: Կազմակերպությունը՝ գրական ակումբը, որտեղ գործունեություն է ծավալում Թագուհի Ղազարյանը, գործում է ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ:
Հանձնաժողովն ուսումնասիրել է հրապարակման առարկան Ազգային ժողովի պատգամավորներին ՀՀ Սահմանադրությամբ, ինչպես նաեւ «Հանրային ծառայության մասին» օրենքով ներկայացվող անհամատեղելիության պահանջների ներքո:
Ուսումնասիրության ընթացքում Հանձնաժողովը գտել է, որ գրական ստեղծագործությունների մեկնաբանումը, «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 14-րդ մասի իմաստով, համարվում է ստեղծագործական աշխատանք: Միաժամանակ, ստեղծագործությունների թվայնացման եւ խմբագրման առնչությամբ հարկ է նշել, որ Հանձնաժողովին հասանելի տեղեկատվական շտեմարանների ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված գործունեությունը ստեղծագործական չէ:
– Հունիսի 4-ին «Ժողովուրդ» օրաթերթը եւ ArmLur.am-ը հրատարակել/հրապարակել էին հոդված՝ «44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքները տապալած Անդրանիկ Քոչարյանը իշխանության 6 տարում գրեթե կրկնապատկել է կարողությունը» վերնագրով: Հրապարակման մեջ շրջանառվող տեղեկատվության հիման վրա՝ Հանձնաժողովն իրականացրել է Անդրանիկ Քոչարյանի հայտարարագրերում հայտարարագրված տվյալների ուսումնասիրություն: Ա. Քոչարյանի կողմից ներկայացված հայտարարագրերի առնչությամբ մամուլում տեղ գտած հրապարակումներում արձանագրված առերեւույթ անհամապատասխանությունների վերաբերյալ ստուգումների արդյունքում հայտարարագրերի վերլուծության համար նշանակություն ունեցող հանգամանքների բացակայությունը հաշվի առնելով՝ Հանձնաժողովը որոշել է վերջինիս նկատմամբ որեւէ գործընթաց չնախաձեռնել:
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ





























